Պատերազմին մասնակցած ու տուն դարձած զինվորները քիչ-քիչ վերադառնում են կյանքի բնականոն հունին: Նվեր Ավագյանը մեկն է այն շատերց, ովքեր անձնվիրաբար մարտնչել են կռվի ամենաթեժ կետերում: Մեկ ամիս առաջ սերժանտ Ավագյանը զորացրվել է և վերականգնվել ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուտետում: Նրա մտքում դեռ թարմ են պատերազմի հիշողությունները: Պատերազմի առաջին օրից Նվեր Ավագյանը մարտեր է մղել Ակնայի շրջանում, սակայն նոյեմբերի 9-ի պայմանագրով Ակնան հանձնվեց թշնամուն:
«Մեզ մոտ կռվելը մի փոքր ավելի դժվար էր։ Տեղանքի դաշտային պայմանների պատճառով թշնամին նույնպես չէր կարողանում հարձակվել, իսկ հարձակման դեպքում հետ էր շպրտվում հրետանու կրակով: Մեր հատվածում աշխատում էր համարյա միայն հրետանին: Քանի որ բաց դաշտում կենդանի ուժով թշնամին հարձակումներ քիչ էր իրականացնում, մեր հետևակը կռվի մեջ չէր մտնում. հեռահար կրակով ոչնչացնում էինք հարձակման պատրաստվող տեխնիկայի կուտակումները»,-հիշում է Նվերը:
«Աղդամում մենք շատ զոհեր չունեինք, մեր վիրավորներն էին շատ: Մեր տղերքից շատերը զոհվեցին Հադրութի պաշտպանության ժամանակ: Մեր գնդից շատերը գնացին Հադրութ: Իրավիճակը գնալով բարդանում էր: Ի տարբերություն մեզ՝ թշնամին օգտագործում էր անօդաչու թռչող սարքեր: Պատերազմի առաջին օրերին մեզ համար նորություն էր, հետո դրանից պաշտպանվելու ձևն էլ գտանք: Այդ սարքերը, մանավանդ նրանք, որոնք ինքնաոչնչացվող չէին, հիմնականում օգտագործվում էին կուտակումների ժամանակ, դրա համար իրարից տասից տասնհինգ մետր հեռավորություն էինք պահում: Մեր ընկերներից շատերը մահացան հենց այդ սարքերի հարվածներից: Մեր հրետանին շատ գրագետ էր գործում. մեծ ճշգրտությամբ խոցում էր թշնամու տեխնիկան, իսկ թշնամու հրետանին կարողանում էր խոցել մեր նշանակետերի տասից մեկը։ Փոխարենն առավելություն ունեին օդային հարձակման առումով»,- պատմում է սերժանտ Ավագյանը:
Նվերից հետաքրքրվեցինք, թե ըստ նրա՝ որն էր մեր պարտության պատճառը, և ինչ պետք է արվեր նախքան պատերազմը՝ պատերազմում հաղթելու համար: «Պարտության առաջին պատճառը դավաճանությունն էր և հետո՝ անկազմակերպ վիճակը: Տեխնիկական հագեցվածությունն էլ իր տեղն ունի, սակայն ավելի շատ այն, որ մեծ մասամբ բացակայում էր մարտավարությունը: Հաղթելու համար մենք պետք է մեր անցած տարիները ծառայեցնեինք բանակի մարտունակության բարձրացմանը: Դա բառերով ասելը շատ քիչ էր: Մենք միշտ թերագնահատել ենք թշնամուն՝ վախկոտ ու թույլ անվանելով, բայց հասկացանք, որ ուժից ու կամքից բացի մեզ նաև խելք էր պետք՝ համարժեք պատրաստվելու համար: Պետք է անդադար պատրաստվեինք պատերազմին, զորավարժություններ անեինք, որպեսզի թույլ չտայինք, որ զորքը անկազմակեպ քայլեր ձեռնարկի, ինչպես եղավ պատերազմի ժամանակ»,-պատասխանեց Ավագյանը:
Նոյեմբերի 9-ի տխրահռչակ հայտարարության մասին Նվերն այսպիսի կարծիք հայտնեց. «Այդ հայտարարությունը մեզ պետք էր օդի ու ջրի պես. արդեն կարևոր հատվածներ անցել էին թշնամու վերահսկողության տակ, և պահել մնացած հողերը, մանավանդ Շուշիի անկման պայմաններում, դժվար էր, մեր զորքը մնալու էր շրջափակման մեջ: Իմ կարծիքով՝ ճիշտ էր այս որոշումը, և ավելի ճիշտ կլիներ, եթե մի քիչ շուտ կայացվեր»:
Նվերի համոզմամբ՝ ամեն ինչ չի որոշվում այս պարտությամբ, և պետք է պատրաստվել նոր պատերազմի, ինչպես արել է Ադրբեջանն իր պարտությունից հետո. «Մենք պետք է դասեր քաղենք ընդամենը և հենց այսօրվանից պատրաստվենք պատերազմին։ Մեզ համար գերագույն գաղափարն ու արժեքը պետք է լինի հայրենիքը, ոչ մի բան չպետք է խնայենք հանուն նրա»:
Էդգար Գորգինյան
2-րդ կուրս