«Journalist.am»-ի զրուցակիցն է Վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պարի պետական անսամբլի պարուհի, Shavoyan Art school-ի հիմնադիր-պարուսույց Քրիստինե Շավոյանը:
Պարուհու հետ խոսել ենք պարարվեստի, ներշնչանքների, պարում ազգային տարրերի, տաղանդի, պրոֆեսիոնալիզմի ևերեխաների հետ աշխատելու դժվարությունների մասին։
-Ինչպե՞ս սկսվեցին Ձեր առաջին քայլերը պարի ոլորտում:
-Պարել սկսել եմ փոքր տարիքից: Սկզբնական շրջանում պարը ինձ համար հոբբի էր, այսինքն պարով զբաղվում էի սիրողական մակարդակով, այնուհետև կարճ դադարից հետո հասկացա, որ առանց պարի և պարարվեստի իմ կյանքը չեմ պատկերացնում և սկսեցի արդեն պարով զբաղվել որպես պրոֆեսիոնալ: Ի սկզբանե ինձ մոտ պարը այնքան էլ լավ չէր ստացվում, բայց կամքի ուժի, ջանասիրության և երկարատև աշխատանքի արդյունքում կարողացա հաղթահարել իմ առջև եղած խոչընդոտները:
–Ձեր պարում գերակշռում է ազգային մշակութային տա՞րրը, թե՞ այն ավելի շատ սեփական անհատականության դրսևորում է:
-Ըստ իս՝ պարը չի կարող լինել միայն սեփական անհատականության դրսևորում: Եթե դու, լինելով տվյալ ազգի ներկայացուցիչ, իսկապես փորձում ես պարի միջոցով մարդկանց ցույց տալ տվյալ ազգի սովորույթները, մշակույթը, անհնար է, որ քո պարը զերծ մնա ազգային մշակութային տարրերից: Յուրաքանչյուր պարող, պար բեմադրելուց առաջ, պետք է զգա ազգային մշակութային տարրը, այնուհետև, այն միաձուլելով սեփական անհատականությանը, ստեղծի պարի իր տարբերակը:
–Նոր պար բեմադրելիս առավել կարևոր է հոգևոր պատրաստվածությունն ու ներշնչա՞նքը, թե՞ շեշտը դրվում է միայն տեխնիկական պատրաստվածության վրա։
-Տեխնիկական պատրաստվածությունը պար բեմադրելիս շատ կարևոր է: Բայց կարևոր է, որ յուրաքանչյուր պարող հասկանա տվյալ պարում իր անելիքը, դերը, ապրումների ու հույզերի ճիշտ արտահայտումը, ներաշխարհի ու տվյալ պարի մեջ զուգահեռների ճիշտ անցկացումը: Պարը պետք է ունենա ասելիք, իսկ պարողի առաքելությունը հենց պարի ասելիքը ճիշտ տեղ հասցնելն է: Սակայն անհնար է բեմադրել լավ պար` չլինելով տեխնիկապես լավ պատրաստված, քանի որ կան պարեր, երբ հոգևոր ներշնչանքի կարիք պարզապես չկա և այնտեղ շեշտը դրվում է զուտ լավ տեխնիկա ցուցադրելու վրա: Բայց ընդհանուր առմամբ պարարվեստում և´ տեխնիկան, և´ հոգևոր ներշնչանքը պետք է համակշռեն իրար:
–Շատերը պնդում են, որ միայն տաղանդը բավական է, և պրոֆեսոնալ պարուհի դառնալու համար շատ ջանքեր անհրաժեշտ չեն: Համամի՞տ եք այս կարծիքի հետ։
-Ինչքան էլ տաղանդավոր լինես, քո պրոֆեսիոնալ դիրքերը ամրապնդելու, պահելու ու զարգացնելու համար պետք է ջանք գործադրես: Տաղանդը կարևոր է, բայց տաղանդը դեռ բավարար չէ պարը սիրողականից պրոֆեսիոնալ մակարդակի հասցնելու համար: Մեր օրերում կյանքը շատ արագ է զարգանում, և պետք է հետ չընկնես նրա ռիթմից, իսկ հետ չընկնելու համար դու պետք է անընդհատ սովորես ու բաց լինես նորամուծությունների առջև: Կարծում եմ՝ կյանքում այդպես է, պարում` նույնպես:
-Երբ պարում եք հանդիսատեսի առաջ, Դուք ավելի շատ էներգիա տալի՞ս, թե՞ ստանում եք:
-Երբ գտնվում ես բեմում, հանդիսատեսի ու քո միջև հույզերի ու էներգիայի փոխանակումը պետք է հետադարձ կապով լինի, այսինքն դու և´ պետք է տաս, և´ստանաս: Շատ դեպքերում մարդիկ գալիս են հենց էներգիա ստանալու, լիցքաթափվելու, և հենց քեզնից ու քո պարից է կախված դահլիճում տիրող էներգիայի չափաբաժինը: Իսկ այդ չափաբաժնի աստիճանը որոշում ես ծափահարությունների առատությամբ ու ուժգնությամբ:
-Դուք ունեք Ձեր սեփական պարի դպրոցը, դասավանդում եք երեխաներին, հե՞շտ է նրանց հետ աշխատելը, և ինչպիսի՞ դժվարությունների եք ամենից շատ հանդիպում:
– Սեփական պարի դպրոց ունենալը իմ ամենանվիրական ցանկություններից մեկն է եղել: Ես շատ երկար եմ պատրաստվել դրան, քանի որ ֆիզիկական պատրաստվածությունից զատ, դու պետք է ունենաս հոգևոր շատ մեծ պատրաստվածություն, որպեսզի կարողանաս երեխաների հետ աշխատել: Պարի դպրոցը նորաբաց է, բայց արդեն հասցրել է դրական արդյունքներ գրանցել: Երեխաների հետ աշխատելը հեշտ է այնքանով, որ նրանք շատ բարի են, և ես շատ սիրում եմ նրանց: Դժվարությունների, բնականաբար, հաճախակի եմ բախվում, որը հիմնականում կապված է երեխաների դեռևս չձևավորված փխրուն ու փոփոխական հոգեվիճակի հետ: Կան փոքրիկներ, որոնք փոքր անհաջողություններից միանգամից կոտրվում են և չեն ուզում այլևս պարով զբաղվել: Ուղղակի պետք է քաջալերել նրանց, փորձել ծագած խնդիրների լուծումները գտնել և աստիճանաբար գնալ առաջ:
– Կա՞ն ստեղծագործություններ կամ մարդիկ, որոնք ազդեցություն են ունեցել Ձեզ վրա մասնագիտական տեսանկյունից:
– Իմ պարային գործունեության ընթացքում հնարավորություն եմ ունեցել աշխատել շատ մասնագետների հետ, որի համար ուրախ եմ, քանի որ յուրաքանչյուրից ստացել եմ փոքր դետալներ, որոնք հետագայում ավելի են գեղեցկացրել ու ամբողջացրել սեփական պարս: Աշխատել եմ շատ անվանի մարդկանց հետ, բայց կուզեմ առանձնացնել Սոֆի Դևոյանին, Ասատուր Կարապոտյանին և Գայանե Մարտիրոսյանին: Ես ինքս պարել եմ Սոֆի Դևոյանի «Պարի և հոգու» թատրոնում, որը իմ մասնագիտական կյանքում մեծ դեր է ունեցել: Կինոյի և Թատրոնի պետական ինստիտուտի և Պարարվեստի ուսումնարանի բոլոր պարուսույցներից այնտեղ ուսանելու տարիներին փորձել եմ տարբոր ձեռագրեր հավաքել, որոնք մեծ հետք են թողել սեփական ձեռագրիս վրա: Բայց ամենից շատ ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ կյանքի ուսուցչին` հորս` Գուրգեն Շավոյանին, ով լինելով երաժիշտ ու լինելով արվեստի մարդ, միշտ ոգևշնչվել է իմ պարով և քաջալերել է ինձ, և հենց նրա աջակցության շնորհիվ է, որ այսօր ունեմ այն, ինչ ունեմ: Չեմ կարող չհիշատակել նաև ամուսնուս` Ֆելիքսի անունը, քանի որ նա ևս լինելով արվեստի մարդ, երբեք չի սահմանափակել ինձ, թույլ է տվել, որ պարեմ և զբաղվեմ այն գործով, որը իսկապես հոգեհարազատ է ինձ:
Շուշան Սիրադեղյան
2-րդ կուրս