Լույսը բացվելուն պես վանաձորցի Անահիտ Մելքոնյանը քայլերն ուղղում է իր տնամերձ այգին, որտեղ հատուկենտ բերքատու ծառեր կան, մնացածն իր մտքի թռիչքներն է, աչք շոյող պատկերների ձևով՝ ծառարմատը վիշապի տեսքով, այգու տարբեր մասերից հավաքած անպետք քարերը շատրվան դարձած: Նույնիսկ այդ քարերի վրա իր ձեռքի աշխատանքն է:
«Ընկերուհիս մի օր հուշեց ինձ` դեկուպաժով զբաղվեմ («Decoupage»-ը ֆրանսերեն բառ է, որ նշանակում է կտրել-հանել, այստեղից էլ առաջացել է թղթից կտրված նախշերով տարբեր իրեր զարդարելու՝ «դեկուպաժի տեխնիկան»), քանի որ սիրում էի իրերը ձևավորել, ձևափոխել: Խանութից գնում էի տարբեր ուլունքներ, դրանք համադրում ու շարում այնպես, ինչպես ես կցանկանայի կրել: Արդեն հնացած, անպետք իրերին նոր շունչ եմ հաղորդում, երկրորդ կյանք եմ տալիս, իսկ դեկուպաժով այդ ամենն ավելի գեղեցիկ է նայվում»:
Տիկին Անահիտի տան ամեն մի անկյուն գեղեցիկով է շնչում, առանձին տեղ ունեն ձեռքի աշխատանքները՝ զատկական ու ամանորյա թեմաներով: Արդեն չօգտագործվող կամ վնասված ափսեներն ու բաժակները արվեստի գործ են դարձել: Նա սիրում է յուրահատուկ նվերներ մատուցել հոբելյարներին. Խմիչքներ` իրենց դիմանկարով, ժամացույցներն ու ափսեները` նրանց սիրելի թեմաներով: Չի մտածել վաճառելու մասին, քանի որ ձեռքի աշխատանքը թանկ է՝ համապատասխան գումար տվող չկա: Շատ հազվադեպ գործած սարդ է վաճառում. «Հիմա մի միտք կա, որ սարդը հարստության նշան է, չէ՞ որ սարդն էլ է անընդհատ գործում, ստեղծում»:
Նա արվեստի ու արհեստի բոլոր ճյուղերով է զբաղվել: Հիշում է, երբ երիտասարդ էր, իր և քույրերի համար զգեստներ էր կարում՝ բոլորի աչքը այդ շորի վրա էր: Մասնագիտությամբ երաժիշտն ու մանկավարժը երբեք չի փորձել նկարել. «Միշտ մտածել եմ, թե ինձ մոտ չի ստացվի, ներքին մտավախություն միշտ եղել է, այդ պատճառով երբեք ձեռքս չեմ վերցրել վրձինը»:
Անահիտը չի մտածել իրենց գործերը ցուցադրելու մասին: Ասում է, որ իր արածից դեռևս գոհ չէ, չի հասել ցուցահանդես բացելու պահը, օր-օրի կատարելագործվում է. «Ցուցադրելու համար դու ինքդ քեզանից պիտի գոհ մնաս, ճիշտ է, վերջին շրջանում քաղաքում կազմակերպված ցուցահանդեսները սիրողական մակարդակի են, բայց արվեստասերը ամեն ինչ տեսնում ու ընկալում է: Ամեն ինչի համար պետք է պահը հասունանա, երբ հասունանա, գուցեև ցուցադրեմ»:
Անահիտի տանն իր յուրահատուկ տեղն ունեն ծաղիկները՝ կախովի ծաղկամաններով, ձևավորած ու ինքնատիպ: Այս ձմռանը, երբ օրերով լույս ու գազ չկար, ծաղիկների մի մասը թոշնեց. «Ծաղիկները դեռ հնարավոր է վերականգնել, բայց ձմռան ցրտին կրիաները չդիմացան, սատկեցին»:
Ա.Մելքոնյանի տանը միշտ հյուրեր կան՝ ընկերուհիները, գործընկերները, բարեկամները, բայց տունն էլի դատարկ է, քանի որ աղջիկներն արդեն իրենց ընտանիքներն ունեն, ամուսինը շուտ է մահացել: Այդ մեծ, գեղեցիկ ու հարմարավետ տունն այժմ, որպես հյուրատուն, հյուրընկալում է հայկական կոլորիտով, արվեստով ու խոհանոցով հետաքրքրվող օտարերկրացիների. «Սա էլ ճանաչողության մի տեսակ է, դու քո երկիրն ես ներկայացնում, տունն ինչ-որ չափով պատմում է հայ մարդու, մշակույթի առանձնահատկությունների մասին: Ինչքան որ դու ես տալիս, այնքան էլ ստանում ես, այլ երկրի մշակույթն ու ապրելակերպը պատկերացնում ես»:
Գայանե Գևորգյան
5-րդ կուրս