«Նարեկացի» արվեստի միությունում մարտի 1-ին մեկնարկեց «Կանգնած ենք հայկական մշակույթի կողքին» խորագիրը կրող ցուցահանդեսների շարքը, որը իրականացվում է «Մհեր Փոթոյան» մշակութային ՀԿ-ի նախաձեռնությամբ: Շարքի ընթացքում ցուցադրվելու են հայ երիտասարդ նկարիչների աշխատանքները:
Միջոցառման բացումը տվեց խեցեգործ, նկարիչ Արևիկ Առաքելյանը՝ գեղանկարչական աշխատանքների ցուցադրությամբ:
Մինչև այս Արևիկը ունեցել է բազմաթիվ խմբակային և անհատական ցուցահանդեսներ՝ տարբեր թեմատիկաներով, սակայն Արևիկը նշեց, որ այս ցուցահանդեսը կոնկրետ թեմատիկա չունի:
«Նկարները տարբեր ժամանակահատվածներից են հավաքված, և նպատակը որևէ թեմատիկայով ցուցահանդես անելը չէր, այլ այս շրջանում արվեստի ակտիվ գործունեությունը պահպանելը»,- ասեց նա:
Ցուցահանդեսին եկել էր փոքրիկ Դավիթը, ով հերթով մեկնաբանում էր բոլոր նկարները, օրինակ «Հայացք» նկարում պատկերված մարդուն Դավիթը նմանեցրեց Տիգրան Մանսուրյանին, քանի որ երկուսն էլ սպիտակ մազեր ունեն:
«Էս Մանսուրյաննա, գիտե՞ս՝ ինչի, որովհետև Մանսուրյանն էլ սպիտակ մազեր ունի»,- հպարտորեն ասեց Դավիթը:
Չնայած Արևիկը նշեց, որ ոչ ոք երբեք Մանսուրյանին կամ մեկ ուրիշին չի նմանեցրել կտավի տղամարդու հետ, այնուամենայնիվ հավելեց, որ հաշվի առնենք՝ մտքերը երբեք ուղղակի չեն գալիս:
Արևիկը միշտ սիրել է լսել փոքր երեխաների մեկնաբանությունները, քանի որ, նրա կարծիքով, երեխաները միշտ ասում են այն, ինչը տեսնում են, նրանց մոտ ամեն ինչ ավելի մաքուր և անկեղծ է, իսկ մեծահասակների մոտ այդպես չէ:
«Երեխաների մանկանան վերարտադրութույնը ամենաիդեալականն է, քանի որ նրանք տեսնում են այն, ինչը մենք չենք նկատում: Նրանք ամեն ինչ մաքուր են տեսնում և ասում այն, ինչը զգում են: Մեծահասակները հիմնականում ֆիլտրում են իրենց խոսքն, ու վերլուծությունը լրիվ ուրիշ ձևով է ստացվում: Ինձ համար երեխայի վերլուծությունը բացարձակ ճշմարտությունն է, քանի որ անկեղծ է, և երբեմն նույնիսկ ես սկսում եմ մտածել այն ուղղությամբ, թե ինչպես երեխան մեկնաբանեց իմ աշխատանքը»,- անկեղծացավ Արևիկը:
Նկաիչը շատ դեպքերում համաձայն էր Դավիթի մեկնաբանությունների հետ: Նրա «Նա» նկարի մեկնաբանությունից հետո, երբ Դավիթը խրոխտ ձայնով հայտարարեց, որ նկարում տղամարդ է պատկերված և մեկնաբանեց՝ որովհետև տղամարդիկ միշտ ջղային (բարկացած) են, իսկ կանայք ավելի քիչ են բարկանում, Արևիկը սկսեց մտածել այդ ուղղությամբ ու շարունակեց.
«Երևի թե Դավիթը ճիշտ է ասում, քանի որ տղամարդիկ հիմնականում հայացքով են արտահայտում իրենց բարկությունը, իսկ կանայք սիրում են խոսել ու խոսքով արտահայտվել: Երբ մարդ խոսում է, իր աչքերի արտահայտությունը մեղմանում է, և մենք չենք տեսնում այն բարկությունը, որը հնարավոր էր տեսնել: Ես այս մեկնաբանությունից սկսած պետք է մտածեմ՝ ինչպես են երեխաները վերլուծում իրենց տեսածը»:
Ցուցահանդեսի ֆոնին տարբերվում էր «Պատերազմ» աշխատանքը, որը ցուցադրված աշխատանքներից ամենավերջինն է նկարվել:
Պատերազմի օրերին Արևիկը մի խոժոռված դեմքով տատիկի դիմանկար է տեսել, ու մտածել, որ երբ ամեն ինչ ավարտվի, նկարելու է տատիկին:
«Այս նկարը ինձ համար շատ խոսուն է: Այստեղ տատիկի բերանը փակել եմ դեղին գույնով, որը օգտագործում եմ իմ գրոթե բոլոր կտավներում, իսկ ֆոնը կապույտ եմ ներկել՝ որպես խաղաղության խորհրդանիշ: Շատ հազվադեպ է լինում, երբ նկարիչը իր զգացածը կարողանում է հանձնել կտավին, ու չի ստացվում այն, ինչը նա ուզում էր, բայց սա այն դեպքն է, որ ես կարողացել եմ ստանալ այն, ինչը զգացել եմ»:
Ցուցահանդեսի ողջ ընթացքում լսվում էր քանոնի ձայնը. հայկական ավանդական երգերը քանոնով էլ ավելի տպավորիչ մթնորոլտ էին ստեղծում:
Արծվիկ Դավթյան
2-րդ կուրս