Փոքր համայնքի մեծ խնդիրը

Փոքր համայնքի մեծ խնդիրը

838

Գնում եմ գյուղ Կուրթան։Կուրթանը գյուղ է ՀՀ Լոռու մարզում՝ Ձորագետ և Գարգառ գետերի առաջացրած բարձրադիր հատվածում՝ մոտ 2000 մարդ բնակչությամբ։ Ըստ տեղացիների՝ կուրթանեցիներն առանձնանում են իրենց յուրօրինակ հումորի զգացումով և լոռեցուն հատուկ միամտությամբ։  

Հենց գյուղի սկզբնամասում իմ ուշադրությունն է գրավում ցուցասրահ-արվեստանոցի ցուցանակը, ինչը հուշում է, որ գյուղում մարդկանց կողքին ապրում է նաև արվեստը։ Արդեն երևում են տների տանիքները, որոնց մի մասից ծուխ էր բարձրանում, մի մասից՝ ոչ։ Ինձ ուղեկցողներն ասացին, որ ըստ տանիքներից բարձրացող ծխի՝ կարելի է ենթադրել` այդ տանը բնակվողներ կան, թե՝ ոչ։ Ճիշտ է, այն ոչ միշտ է ճշգրիտ պատկերը ցույց տալիս, բայց, այնուամենայնիվ, պատկերացում կարելի է կազմել։

Գյուղի սկզբնամասում տանիքները հուշում են, որ տները մեծամասաբ բնակեցված են , սակայն որքան առաջանում ենք, այնքան ծխացող տանիքների թիվը նվազում է։

Քայլում ենք դեպի գյուղի նոր վերանորոգված եկեղեցին… Եկեղեցու շուրջ զբոսնելիս հետաքրքրվում եմ, թե ինչու՞ են այդ տարածքում այդքան շատ լքված տները, և այդ ընթացքում մեզ միացած գյուղի դպրոցի շրջանավարտներից Լաուրա Դավթյանը, ով արդեն ՀՊՏՀ-ի 1-ին կուրսի ուսանողուհի է և բնակվում է Երևանում, իմ հարցին պատասխանում է իր և իր ընտանիքի օրինակով. «Ես արդեն մի քանի ամիս է, ինչ տեղափոխվել եմ Երևան, հիմնական նպատակս սովորելն է։ Մենք մեծ ընտանիք ենք, այստեղ աշխատում է միայն հայրս, ու միայն նրա աշխատնքով դժվար է ապահովել 6 հոգանոց ընտանիքի ծախսերը, սրա պատճառով տարիների ընթացքում նաև որոշակի պարտք է կուտակվել։ Ընտանիքում երկար խորհդակցություններից հետո որոշեցինք բոլորով տեղափոխվել Երևան, որտեղ առնվազն երեքս կարող ենք աշխատել ու ավելի շատ եկամուտ ունենալ։ Երևի Երևանում էլ մշտական բնակություն կհաստատենք։ Երևան տեղափոխված ուսանողների մեծ մասը այդպես էլ գյուղ չի վերադառնում։ Բնակիչներից  շատերը թողել են իրենց տները ու հեռացել են գյուղից՝ յուրաքանչյուրը իր խնդրի պատճառով»։

 Գյուղի մեկ այլ բնակիչ՝ Աիդա Բաբաջանյանը պատմում է իր երեխաների մասին. «Երեխաներս շուտ են հեռացել գյուղից, արտասահմանում են բնակվում։ 3 երեխա ունեմ, հիմա ամուսնուս հետ գյուղում մենակ ենք ապրում։ Երեխաներս հեռացել են պայմաններից ելնելով, որպեսզի իրենց երեխաներին ապահովեն լավ կյանքով։ Առաջիկայում դեռ գյուղ վերադառնալու նպատակ չունեն, բայց երբեմն զրույցի մեջ ասում են, որ երբ արդեն մեծանան, հասնեն թոշակի տարիքի ու իրենց երեխաներին հասցնեն իրենց նպատակներին, գուցե վերադառնան գյուղ, բայց թե որքանով այն իրականություն կդառնա՝ չգիտեմ»

Նվարդ Գևորգյանը նույնպես պատմեց. «Իմ հարսը ծնվել և մեծացել է Ռուսաստանում, նրանք էլ այնտեղ բնակություն հաստատեցին, որպեսզի հարսիս մայրն միայնակ չմնա։ Բացի այդ էլ, այստեղ չկան աշխատատեղեր, ու դրա համար ամուսինս էլ  ժամանակ առ ժամանակ գնում է, աշխատում, հետ վերադառնում։ Այստեղ մենք մեր տուն ու տեղն ենք ստեղծել, երեխաները առաջիկայում ետ վերադառնալու նպատակ չունեն, բայց չի բացառվում, որ մի օր ետ գան, այնտեղ աշխատանքը և ապրելու պայմանները լավ են, սակայն այդքան էլ չեն հավանում այնտեղի կյանքը, շրջապատող մարդկանց, այնտեղ վտանգները շատ են»։

Գյուղի դպրոցի հոգեբան Արփինե Բաբաջանյանն էլ խոսեց խնդրի հոգեբանական առանձնահատկությունների մասին. «Մարդկանց հեռանալու հոգեբանական պատճառներից մեկը ավելիին ձգտելու ցանկությունն է, շատերը հենց դրա համար են հեռանում երկրից, որպեսզի ավելի լավ կյանքով ապրեն, իսկ երիտասարդ ուսանողներւը, ովքեր տեղափոխվում են մեծ քաղաքներ, հետ չեն վերադառնում գյուղ, քանի որ քաղաքում, ըստ իրենց, հնարավորություններն ավելի շատ են, սակայն շատ ժամանակ նրանք իրենց մասնագիտությամբ չեն էլ աշխատում»։

Լուսանկարները՝ Ելենա Մաթևոսյանի

Ելենա Մաթևոսյան

2-րդ կուրս

Կիսվել