«Երջանկությունն աստիճան է, եթե տիրապետում ես, հազվադեպ ես բացարձակ դժբախտ լինում». հայերեն...

«Երջանկությունն աստիճան է, եթե տիրապետում ես, հազվադեպ ես բացարձակ դժբախտ լինում». հայերեն է թարգմանվել Ռեմարկի «Լիսաբոնի գիշերը» վեպը

1465

«Նաիրի» գրատան նոր մասնաճյուղի բացման առիթով առաջին անգամ ընթերցողին ներկայացվեց Էրիխ Մարիա Ռեմարկի «Լիսաբոնի գիշերը» գիրքը՝ «Էդիթ Պրինտ» հրատարակչության հետ համատեղ: Գրքի թարգմանչուհի Վանուհի Բաղմանյանը մարտի 8-ին գրատանը խոսեց վեպի մասին:

«Լիսաբոնի գիշերը» տարբերվում է Ռեմարկի նախորդ գործերից։ Կարծիք կա, որ նրա ստեղծագործություններում կարմիր թելի պես անցնում է մահվան, պատերազմի թեման, սակայն այս վեպը կառուցված է հիշողությունների վրա: «Հենց հիշողություններն են, որ թելադրում են վեպի՝ իր տեսակի մեջ նոր կառուցվածքը: «Լիսաբոնի գիշերում» Յոզեֆ Շվարցը պատմում է իր զրուցակցին, որին հանդիպել էր նավահանգստում, իր հիշողությունների, էմիգրանտի իր կյանքի փորձությունների, մաքառումների մասին, որոնց միջով անցել և հասել է Լիսաբոն։ Որտեղ հանդիպում են Յոզեֆ Շվարցը՝ գլխավոր հերոսը, և իր զրուցակիցը Լիսաբոնի «Կայի» նավահանգիստն է, և այդտեղից նավը մեկնում է ԱՄՆ: Ինչպես Ռեմարկն է բնութագրում՝ մեկնող նավը տապան էր, իսկ ԱՄՆ-ն՝ Արարատ։ Ռեմարկն իր հիշողությունները պատմում է հենց Լիսաբոնում և մեկ գիշերում»,-ասաց Վանուհին Բաղմանյանը:

Վեպի գլխավոր հերոսը՝ Յոզեֆ Շվարցը, Էրիխ Մարիա Ռեմարկն է: Գրողն առաջին անգամ է  խոստովանում, որ վեպն իր մասին է: Դա բացահայտվում է հետագայում, երբ անձնագրի մասին  խոսվում է վեպում։ «Անձնագիրը շահարկվող թեմա է վեպի ընթացքում և ուշագրավ է, որ հերոսի ծննդյան ամսաթիվը և վայրը համընկնում են Ռեմարկի հետ (1899թ., հունիսի 22, Օսնաբրյուկ)։ Անձնագիրը փաստացի դառնում է էմիգրանտի գոյության գործիքը։ Անձնագիրը վեպում ի հայտ է գալիս որպես պետության ուժի միջոցով մարդուն հումանիզմից զրկելու միջոց: Ռեմարկն ասում է՝ մարդը ոչինչ է, վավեր անձնագիրն՝ ամեն ինչ։ Առաջին անգամ Ռեմարկը Օսնաբրյուկը հիշատակել է «Սիրիր մերձավորիդ» գրքում, երկրորդ անգամ՝ «Լիսաբոնի գիշեր»-ում, սակայն այնտեղ անթաքույց չի ներկայացրել, ինչպես այս վեպում»,- նշեց թարգմանչուհին:

«Լիսաբոնի գիշեր» վեպը լույս տեսել 1962 թվականին՝ Ռեմարկի մահից ութ տարի առաջ։ Վանուհու խոսքով՝ առաջին էջերից իսկ ակնհայտ է, որ ընթերցողները գործ ունեն ոչ թե արդեն հասուն, այլ իմաստուն, հոգեբան և փիլիսոփա Ռեմարկի հետ։ ««Լիսաբոնի գիշեր»-ում ներկայացված են այնպիսի գաղափարներ, այնպիսի կշռադատումներ, ինչպիսք են, օրինակ, կյանքի անցողիկությունը, սեփական Աստծո որոնումը, եսի երկփեղկումը։ Այստեղ այս թեմաները մեծ խորությամբ են ներկացված՝ երկխոսությունների և մենախոսությունների տեսքով։ Այս խորհրդածություները էմիգրանտ Ռեմարկի խորհրդածություններն են, որով գիրքը ձեռք է բերում ավելի մեծ արժեք և կշիռ»,- ասում է Վանուհի Բաղմանյանը։

Հենց «Լիսաբոնի գիշեր»-ում Ռեմարկն անդրադառնում է գերմանացու կերպարին՝ բավականին մանրամասն և մոտ։ « Այդպիսի օրինակները շատ են, երբ գրողը գերմանացու կերպարին է անդրադառնում, սակայն կցանկանամ վեպից մի օրինակ բերել: Գլխավոր հերոսը, երբ 1939 թվականին՝ պատերազմի նախօրեին, վերադառնում է Գերմանիա, թաքուն լողալով հատում է սահմանը, Ավստրիայից անցնում է Գերմանիա՝ հանդիպելու իր կնոջը, առաջին կայարանը լինում է Մյունխենը։ Երբ Յոզեֆ Շվարցն իջնում է կայարանում, այնքան քաղցած է լինում, որ որոշում է մտնել սրճարան։ Սրճարանում նկատում է, որ բոլոր գերմանացիները թերթ են կարդում։ Քանի որ վաղուց գերմանական թերթ չէր կարդացել, վերցնում է և սկսում է կարդալ։ Ասում է՝ թերթերի գլխավոր հոդվածներն ուղղակի նողկալի էին, որտեղ ամբողջ աշխարհը՝ բացի Գերմանիայից, ներկայացված էր նենգ, չար, արհամարհելի։ Հետաքրքիրն այն էր, որ ոչ մի ընթերցողի դեմքին նողկանքի որևէ զգացողություն չկար, միայն իր դեմքին էր այդ արտահայտությունը։ Ես հասկացա, որ ֆաշիզմի տակ նրանք սովորել են իրենց հոգևոր սնունդին, ինչպես գարեջրին։ Ռեմարկի հեգնանքն ու հակաֆաշիստական վերաբերմունքն ենք տեսնում: Նա ասում է՝ մարդն ավելի չնչին էր, քան մրջյունը ճտքակոշիկի տակ»,-ասաց Վանուհին:

Շնորհանդեսի ընթացքում Ռեմարկի կյանքի եւ գրական գործունեության պատմական ակնարկ կատարվեց. Ռեմարկի գրքերը 1933 թվականին արգելեցին Գերմանիայում, հրապարակավ վառեցին Բեռլինում, ապա նրան զրկեցին քաղաքացիությունից և աքսորեցին Գերմանիայից։ Ռեմարկն իր կյանքի ընթացքում շատ հազվադեպ է հարցազրույցներ տվել, և դա բացատրում էր հետեւյալ կերպ՝ ինչ որ ուզում են լսել իրենից, իր ստեղծագործությամբ ինքը փոխանցում է, իսկ այն, ինչ ինքն ասում է լրագրողներին, ներկայացնում են այնպես, ինչպես իրենք են ցանկանում։ «Որոշ լրագրողների հաջողվել է Ռեմարկից հարցազրույց կորզել։ Այդպիսի հարցազրույցներից մեկի ժամանակ՝ 1962 թվականին, այսինքն՝ «Լիսաբոնի գիշերը» գրքի լույսընծայման տարեթվին, լրագրողը հարցրել է՝ ի՞նչ կասի  աքսորի մասին, ի՞նչ վերաբերմունք ունի դրա նկատմամբ։ Ռեմարկը պատասխանել է, որ ստիպված է եղել տեղափոխվել ԱՄՆ։ Այդ ժամանակ աքսորը մեծ պատիվ է եղել իր համար, պրոֆեսիոնալ տեսանկյունից՝ շոկ։ Երբ 1933թ. Հիտլերն աքսորել է Ռեմարիկին, նա գրեթե ավարտում էր «Երեք ընկերը», աքսորն այնպիսի  շոկ էր նրա համար, որ ևս չորս տարի է պահանջվել՝ ավարտելու համար վեպը։ Իր բոլոր ստեղծագործությունները պտտվում են Գերմանիայի, գերմանացիների շուրջ, թեպետ բնակվում էր այլ երկրում»,- ասաց Վանուհի Բաղմանյանը:

Շնորհանդեսի ավարտին թարգմանչուհին նշեց, որ հաջորդիվ կթարգմանի Ռեմարկի «Վերադարձը»:

Վիկտորիա Հովեյան

3-րդ կուրս

Կիսվել