Հայկական արտադրանքը միշտ լինելու է շուկայում և ունենալու է պահանջարկ

Հայկական արտադրանքը միշտ լինելու է շուկայում և ունենալու է պահանջարկ

724

Հայկական արտադրանքը ներկայացնելու և արժևորելու գործում իրենց ուրույն տեղն ունեն սփյուռքահայ ձեռներեցները, ովքեր հատկապես կարևորում են արտադրանքի ոճն ու հայկականությունը։

«OHNAS» ոսկու և արծաթյա զարդերի խանութ-սրահը պատկանում է սիրիահայ Օհանին, ով Սիրիայից Հայաստան է տեղափոխվել 2012 թվականին` երկրում տիրող պատերազմական իրավիճակի պատճառով։ Սիրիայում թողնելով ոսկերչական խանութը՝ միայն 5 տարի անց որոշում կայացվեց Հայաստանում շարունակելու գործունեությունը։

Սակայն, ինչպես նշում է սեփականատերը, մի շարք խոչընդոտներ և խնդիրներ կան հայկական շուկայում, որոնք տարիների ընթացքում այդպես էլ դրական փոփոխության չեն ենթարկվում։ Օրենքները խճճված են, վերահսկողություն չկա, և որ ամենագլխավորն է՝ մեծ խնդիր է ներկրման և արտահանման գործընթացը։

«Մենք վաճառում ենք խաչքարեր և ապարանջաններ` հայերեն տառերի փորագրությամբ, որոնք հազվադեպ են Հայաստանում հանդիպում և ամենաշատն են վաճառվում։ Նպատակը մեկն է` ստեղծել միշտ նորը, պահպանել հայկականը` բացահայտելով յուրահատուկ մոդելներ»,-նշում է սիրիահայ ոսկերիչը և հավելում, որ ոսկերչության մեջ կարևորը որակն է. հենց դա է նրանց գրավականը. որակյալ արտադրանք` առանց որևէ հավելման։

45 տարի ոսկերչությամբ զբաղվելով և տարբերվող արտադրանք թողարկելով` այսօր խանութ-սրահն ունի իր վատահելի հաճախորդները թե՛ հայ, թե՛ արտասահմանյան։ Եվ, չնայած պատերազմը խաթարել է արտադրանքի աշխատանքը, միևնույն է, պարոն Օհանը վստահ է` ամեն ինչ լավ է լինելու, իսկ հայկական արտադրանքը դեռ երկար ժամանակ լինելու է շուկայում և ունենալու է պահանջարկ։

Լուսինե Գրիգորյան

2-րդ կուրս

Կիսվել