«Ձախողումները չպետք է հիասթափեցնեն կամ վհատեցնեն, այլ պետք է կոփեն քեզ առաջ...

«Ձախողումները չպետք է հիասթափեցնեն կամ վհատեցնեն, այլ պետք է կոփեն քեզ առաջ շարժվելու համար». հաղորդավար և պրոդյուսեր Արտավազդ Ամիրյան

959

Հաղորդավար և պրոդյուսեր Արտավազդ Ամիրյանը «Journalist.am»-ի հետ զրույցում  պատմում է ուսանողական տարիների, իր կողմից վարած տարբեր միջոցառումների և համերգների, ինչպես նաև ընտանիքի, սիրո և բիզնեսի զարգացման մասին։

-Ինչո՞վ եք զբաղվել ուսանողական տարիներին և ի՞նչ հեռուստանախագծեր եք վարել։

-Դպրոցական տարիքից սկսած մասնակցում էի «Ուրախների և հնարամիտների ակումբ»-ի դպրոցական լիգային, և տարբեր ելույթներ ենք ունեցել՝ հասնելով մինչև եզրափակիչ: Հետո արդեն այնպես ստացվեց, որ «ԱրմենԱկոբ» հեռուստաընկերությունը բացվեց 2000 թվականին, և ես անցա աշխատանքի հենց հեռուստաընկերությունում։ Ուսանողական տարիներին մեր առաջին պրոեկտը կոչվել է «Մինչև 18 և…», այն երիտասարդական ժամանցային պրոեկտ էր, ես և իմ երեք ընկերները միասին նման հետաքրքիր հաղորդում էինք անում։ Հիմնականում ուսանողական տարիները ուղեկցվել են հեռուստատեսային կարիերայի հետ զուգահեռ, և այդպես էլ աշխատել և սովորել եմ այդ տարիներին։

-Որպես հանդիսավար աշխատել եք բազմաթիվ միջոցառումներում, կարո՞ղ եք առանձնացնել Ձեզ համար ամենատպավորիչ միջոցառումներից մեկը։

-Տարբեր միջոցառումներ և համերգային ծրագրեր  եմ վարել, բոլորն էլ ինձ համար ինչ-որ բանով կարևորվել և տպավորվել են, բայց ինձ համար ամենատպավորիչը այն էր, երբ առաջին անգամ բարձրացա Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմ, որովհետև ներկա գտնվելով տարբեր համերգների՝ միշտ երազում էի, նույնիսկ մտածում էի՝ տեսնես կգա՞ այն օրը, երբ ես էլ ելույթ կունենամ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմից։ Ես պատիվ ունեցա բազմիցս համերգներ վարելու, բայց ամենատպավորիչներից պիտի նշեմ մաեստրո Տիգրան Մանսուրյանի ծննդյան 75-ամյակին նվիրված միջոցառումը, պետք է նշեմ Կանանց շախմատի Գրան պրի մրցաշարը, որը կրկին նույն բեմում էր։

-Ինչպիսի՞ն են եղել Ձեր առաջին քայլերը, որոնք հիմք են հանդիսացել ձեր մասնագիտության զարգացման համար։

-Ամենակարևոր քայլերից մեկը մեր մասնագիտության մեջ աշխատասիրությունն է՝ ինքդ քո հետ աշխատելը, անընդհատ և պարբերաբար թարմացնել այն գիտելիքները, որոնք ունես, անընդհատ լսելը և սովորելը, անընդհատ կարդալը, որովհետև այս ամենը շատ կարևոր փաստեր են, ինձ համար էլ հիմք են եղել հենց այդ տարբեր հանգամանքները։ Ես կարծում եմ՝ ամենակարևորը աշխատասիրությունն է, քո աշխատանքը սիրելն է, և պետք է նվիրված լինել այն ամենին, ինչ անում ես, և մոտենալ ամենայն պատասխանատվությամբ, էական չէ՝ մեծ միջոցառում է, թե փոքրիկ խնջույք, կամ մեծ հեռուստամարաթոն է, թե քո փոքրիկ առավոտյան ուղիղ եթերը. ամեն ինչին պետք է վերաբերվել մեծ պատասխանատվությամբ, սա շատ կարևոր է։

-Երկար ժամանակ է, ինչ Գլենդելում եք բնակվում, մտածու՞մ եք հայրենիք վերադառնալու մասին։

– Հայրենիք վերադառնալու միտքը ամեն օր ծնվում է, բայց, երբ զբաղված ես լինում, երբ ունես որոշակի պլաններ, անելիքներ, շատ դժվար է լինում կտրվել այդ ամեն ինչից և կտրուկ տեղափոխվել, ինչպես Հայաստանից դժվար եղավ այստեղ տեղափոխվելը։ Ամեն դեպքում հիմա կայացման շրջանն է նաև բիզնեսի առումով. կարծում եմ՝ առաջիկայում հնարավորություն կունենանք գալու Հայաստան՝ մեր ընկերներին հերթական անգամ տեսնելու, և վայելելու հայաստանյան և երևանյան շունչը, բայց մշտական տեղափոխվելու միտքն էլ ամեն օր տանջում է ինձ, թվում է՝ ոչ միայն իմ մոտ է այդպես, այլև այստեղ բնակվող ցանկացած հայի։

-Ինչպիսի՞ն են ձեր նպատակները։

-Նպատակներ շատ-շատ կան, բնականաբար, առաջնահերթ երեխաներին մեծացնել հայկական ոգով, հայրենասիրություն սերմանել նրանց մեջ, որովհետև օտար երկրում շատ դժվար է պահել այդ ամենը: Ամեն ինչ պետք է անել այս տարիքում և տանը պետք է կարողանաս երեխաներին սերմացնել, որովհետև դրսում ուրիշ մտածելակերպ է: Ե՛վ լեզուն, և՛ շփման ձևը հիմնականում թե՛ ընտանիքի, թե՛ աշխատանքի հետ կապված գրեթե նույնն են՝ պահել հայկականությունը մեր ընտանիքում և, իհարկե, շարժվել առաջ։

-Որքա՞ն ժամանակ եք կարողանում տրամադրել ընտանիքին և երեխաներին, հատկապես Օսիի անվան սրճարանի բացումից հետո։

-Ճիշտն ասած, ամիսներ առաջ, երբ դեռ մեր սրճարան-խանութը չէինք բացել, ավելի շատ ժամանակ էի կարողանում տրամադրել, և հատկապես կորոնավիրուսի շրջանում, երբ այստեղ հայտարարվեց կարանտինային շրջան, շատ հաճախ էի տանը լինում և այդ ընթացքում շատ կապվեցի ընտանիքիս հետ, բայց վերջին շրջանում ավելի քիչ, որովհետև խանութի աշխատանքների ծանրաբեռնվածությունը շատ ավելի է: Ցավոք սրտի, շատ քիչ է ժամանակը երեխաների, ընտանիքի հետ անցկացնելու, բայց փառք Աստծո, չեն բողոքում դեռ ինձանից ընտանիքիս անդամները՝ երեխաներս և կինս, ամեն բան դեռ լավ է։

-Ո՞րն է եղել Ձեր ամենամեծ նվաճումը և ամենատպավորիչ ձախողումը։

-Շատ դժվար է տարանջատել. նվաճումը, իհարկե, կարող ես, բայց ձախողումները, հաճախ շատերի կյանքում շատ են լինում, որոնց երբեմն ուշադրություն չես դարձնում, անտեսում ես, որովհետև այդպես է պետք, բայց ամեն դեպքում նվաճումներից ամենամեծը ընտանիքս է, որ ունեմ, երեխաներս, կինս, իսկ ձախողումներին չեմ ուզում անդրադառնալ, որովհետև դրանք կարող են միշտ լինել, բայց չպետք է հիասթափեցնեն կամ վհատեցնեն, այլ պիտի ավելի կոփեն քեզ ավելին անելու, առաջ նայելու, շարժվելու համար, այնպես որ, ես միայն կնշեմ ձեռքբերումները և նվաճումները, որոնք ինձ համար ավելի թանկ են և կարևոր, նվաճումներով պետք է նայել կյանքին և առաջ շարժվել։

Մարիամ Ստեփանյան

2-րդ կուրս

Կիսվել