Օրերով քաղց պահելը, ժամը 6-ից հետո չսնվելը, դեղահաբեր ընդունելը կամ դիետաները վստահաբար լավագույն տարբերակը չեն նիհարել ցանկացողների համար, երբ պարզապես կարելի է սնվել առողջ և ժամանակ հատկացնել մարզումներին:
Վերջին տարիներին ավեացել են և ՛ մարզասրահների, և ՛ մարզվողների թիվը:
Շատերի համար մարզասրահ հաճախելու նպատակը գեղեցիկ կազմվածք ունենալն է, շատերի համար՝ առողջ ապրելակերպը, իսկ ոմանց համար էլ՝ ժամանակին համահունչ քայլելը:
Մարզիչ Տիգրան Գևորգյանի խոսքով գրագետ մարզումները և առողջ սնունդը ոչ միայն գեղեցիկ կազմվածքի, այլ նաև որոշ հիվանդությունների կանխարգելման լավագույն միջոցն են:
-Շատ հիվանդություններ առաջանում են հենց ֆիզիկապես պասիվ կյանքից, ինչպես օրինակ՝ ողնաշարային, սրտանոթային հիվանդություննեը, շաքարը և այլն:
Պարզվում է, որ լավ արդյունքի հասնելու համար միայն մարզասարքերից օգտվելը բավարար չէ:
-Կարևոր է նաև գրագետ մարզչի ուղղությունը և արդյունքի հասնել ցանկացող անհատի պատրաստակամությունը և աշխատասիրությունը,- նշում է Տիգրանը՝ ավելացնելով, որ սիրողական մակարդակով մարզվել ցանկացողներին խորհուրդ է տրվում մարզվել շաբաթական 3 անգամ, միջինը՝ 45 րոպե:
Մարզիչը կարևորում է նաև այն փաստը, որ մարզումները շատ ավելի դրական են ազդում մարդու վրա, քան միայն ցանկալի քաշ ունենալն է:
-Մարզվելը օգնում է մարդկանց դուրս գալ սթրեսից, ազատվել բացասական մտքերից, սովորեցնում է համբերություն և աշխատասիրություն, ինչպես նաև փոխանցում է ինքնավստահություն:
Մարզասրահում նախանձելի կազմվածք ունեցողների շատ կտեսնեք, սակայն արդյունքին հասնելու ճանապարհը այնքան էլ նախանձելի չէ:
18-ամյա Լիան 92 կգ-ից 3 ամսում հասել է 70կգ-ի: Նա առողջ ապրելակերպի մասին խորհուրդներ հարցնողից դարձել է խորհուրդ տվող:
-Առաջ բոլորին հարցնում էի, թե ինչպես նիհարեմ, ինչպես ճիշտ սնվեմ, իսկ հիմա որոշ չափով տիրապետում եմ առողջ ապրելակերպի կանոններին և ինքս եմ մտերիմներիս խորհուրդներ տալիս և կիսվում եմ իմ սեփական փորձով:
Հակառակ նիհարել ցանկացողների՝ 25-ամյա Կարինեի նպատակը գիրանալն է եղել.
քաշի ավելացումը բացի գեղեցիկ կազմվածքից նաև ինքնավստահություն է նրան տվել:
-Առաջ մի փոքր անվսատհ էի ցածր քաշիս պատճառով, անընդհատ քաղցրավենիք և շատ ճարպեր պարունակող մթերքներ էի օգտագործում, սակայն չէի գիրանում, իսկ մարզասրահում 2 ամսվա ընթացում, մկաններ ավելացնելով, գրեթե հասել եմ ցանկալի արդյունքի:
Մարզասրահներից դուրս նիհարել և առողջ ապրելակերպ վարել ցանկացողներին մարզիչը խորհուրդ է տալիս առավոտյան վազել, օրվա ընթացքում շատ ջուր օգտագործել և սնվել առողջ, 4-5 անգամ փոքր չափաբաժիններով, իսկ առաջին քայլը՝ համացանցով «Ինչպե ՞ս նիհարել 3 օրում 10 կգ » որոնումները դադարեցնելն է:
Գոհարիկ Գրիգորյան
2-րդ կուրս