«Պետք է հաշվել մինչեւ հինգը ու սկսել». հոգեբան Անուշ Կարապետյան

«Պետք է հաշվել մինչեւ հինգը ու սկսել». հոգեբան Անուշ Կարապետյան

810

Կյանքն ընթանում է չափազանց արագ, իսկ բազմազբաղ մարդկանցից շատերի համար 24 ժամն անգամ բավարար չէ գործերի գերակշիռ մասը հասցնելու համար։ Մեզանից շատերը հիմա ավարտում են համալսարանը, ոմանք ուղղակի հանձնում են համալսարանական քննություններ, մյուսներն էլ պատրաստվում ընդունելության քննություններին: Ճիշտ է, վերջիններիցս ոչ ոք  չի  կարող հասցնել ամեն բան աշխարհում, ուստի, անժխտելի է, որ  պարտավոր է  անել այն ամենը ինչն իրապես անհրաժեշտ է իրեն։ Ահա սրա համար էլ կարեւոր է գիտակցել, որ չհասցնելու պատճառը ոչ թե ժամանակ չունենալն է, այլ ժամանակի ոչ ճիշտ կառավարումը։ Ժամանակի ճիշտ կառավարման, դրա մեթոդների ու մեխանիզնմների, եւ պարզապես «չեմ հասցնի» արտահայտության ժխտման մասին զրուցել ենք կլինիկական հոգեբան Անուշ Կարապետյանի հետ։

-Ե՞րբ եւ ինչո՞ւ է առաջանում ժամանակի կառավարման խնդիրը։

-Պատճառները շատ են. երբ անձն իր առջև միանգամից գերմեծ խնդիրներ է դնում, երբ գործերն իր սրտով չեն, երբ խուսափում է անելիքներից, երբ վախենում է անհաջողության մատնվելուց, կամ էլ՝ հաջողության, որը կտրուկ կփոխի իր կյանքը, երբ տեսակով պունկտուալ չէ… նման դեպքերում մենք բախվում ենք ժամանակի անհավասարաչափ բաշխման խնդրին, և մարդը չի հասցնում անել այն, ինչ պետք է աներ:

-Սովորաբար, շատերի մոտ չհասցնելու վախը առաջ է բերում տագնապի զգացողություն, շատ դեպքերում այն օգնում է, որոշներում էլ խանգարում, ուստի  ի՞նչպես կառավարել այն։

-Իրականում շատ ու շատ խնդիրներ, որոնք անձն ունի, իրենց մեջ երկրորդային շահ են պարունակում, այս պարագայում ևս` տագնապայնությունը օգնում է գեներալիզացնել ուժերը, և անձը դրա օգնությամբ փորձում է օգնել ինքն իրեն՝ հասցնել ամեն բան: Չափազանց մեծ տագնապը կարող է նաև խանգարել, դրա համար անհրաժեշտ է գիտակցել ու հասկանալ տագնապի առաջացման նպատակը, և այն կառավարելի կդառնա։

-Ոմանք թղթի վրա, կամ պարզապես իրենց սմարթֆոններում հստակ կետերով առանձնացնում են իրենց օրը, դասակարգում անելիքները, մյուսներն էլ կարծում են, որ այդ տարբերակը պարզապես «կտրում» է իրենց թեւերը։ Արդյունավետության տեսանկյունից սա աշխատո՞ղ տարբերակ է։

-Հիմնականում՝ այո, աշխատող տարբերակ է: Այն անձին թույլ է տալիս դասակարգել և կառավարել իր առաջնային, հրատապ, անհրաժեշտ, հաճելի ու օգտակար գործերը, դրանք նախապես դասավորելը օգնում է անձին հնարավորինս արդյունավետ և շահեկան օգտագործել իր ժամանակը: Դա կարող է «կտրել»  հոգով արվեստագետ անձանց թևերը, ովքեր հիմնականում հուզական մարդիկ են և ստեղծագործում են մուսայի այցելության պարագայում, դա պլանավորելը դժվար է:

-Յուրաքանչյուրս էլ, սովորաբար, ունենում ենք մեզ համար տհաճ ու հաճելի գործեր, ուստի մեծամասամբ գործերը դասակարգելիս տհաճները թողում ենք վերջում. այս պարագայում ո՞ր տարբերակի ընտրությունը կհհանգեցնի ժամանակի ճիշտ կառավարման։

-Հրաշալի կլինի, որ մարդը զբաղվի իրեն հաճելի ու երջանկացնող գործով, որ դրան առընչվող ցանկացած բան անելիս հաճույք ստանա, բայց, այնուամենայնիվ, անցանկալի գործերից լիովին խուսափել չի հաջողվի: Արդյունավետ կլինի տհաճ գործերն ու հաճելիները հերթափոխով կատարել, այսինքն՝ օգտակարը համատեղել հաճելիի հետ, կամ յուրաքանչյուր տհաճ գործ անելուց հետո մարդն ինքն իրեն պարգևատրի որևէ հաճելի փոքրիկ գործողությամբ, կարևոր է նաև ստիմուլը, թե այդ տհաճ գործողությունն անելը իրեն հետագայում ինչ բարիքներ կտա: Գործը կարող է մարդուն տհաճ թվալ նաև զուտ այն պատճառով, որ մեծ ու անհաղթահարելի է թվում, և եթե այն բաժանել փոքրիկ մասերի, գուցե շատ հեշտ ու արագ հաղթահարվի:

-Սոցցանցերը, համակարգչային խաղերն ու անգամ մեր մտերիմները, շատ հաճախ, «գողանում»  են մեր ժամանակը, ի՞նչպես հետաձգել նման զբաղմունքները։

-Այո´, գուցե և գողանում են, բայց մենք էլ իրավունք չունենք մեզ զրկել այդ հաճելի զբաղմունքներից, զրկելու դեպքում էլ վաղ թե ուշ մեր հոգեկանը կըմբոստանա, մարդը միշտ կարիք ունի հաճույքի, դա մեզ էներգիա է տալիս մյուս գործողությունները կատարելու համար, հետևաբար պետք է գործերը ժամանակային առումով արդյունավետ դասավորել, օրինակ մեծ դժվար գործերի արանքում կոնկրետ ժամանակ տրամադրել սիրելի կայքին, ընդմիջմանը սրճել ընկերների հետ, հանգստյան օրերը մի հաճելի վայրում անցկացնել հարազատ մարդկանց հետ: Եվ ինչի նման կլիներ մարդու կյանքը, եթե բաղկացած լիներ զուտ չոր գործեր կատարելուց, միթե՞  մարդու գերնպատակը երջանիկ ու հաճույքով ապրելը չէ:

-Ի՞նչպես գտնել մոտիվացիա ու խուսափել «չեմ հասցնի», «ժամանակ չկա», «վերջնաժամկետս մոտ է, իսկ ես ոչինչ չեմ հասցրել անել» նմանատիպ մտքերից։

-Ամենաառաջին մոտիվացիան վերջնարդյունքն է, թե այդքան դժվարությունների ու քրտնաջան աշխատանքի արդյունքում մարդն ինչ կստանա` կարիերայի աճ, գումար, արվեստի գործ, ընդունում և այլն: Ամենակարևորը չհետաձգել, կարելի է բաժանել փոքր մասերի, բաշխել որոշակի ժամանակահատվածի մեջ և քիչ-քիչ գրաֆիկին ու պլանին համապատասխան կատարել: Եթե ամեն դեպքում չի ստացվում, կարելի է դիմել կամքի ուժի օգնությանը` հաշվել մինչև հինգը ու սկսել, պարզապես սկսել և ինքստինքյան հունի մեջ կընկնեք` «ախորժակը ուտելիս է բացվում»:

Աննա Չիբուխչյան

4-րդ կուրս

Կիսվել