Պոեզիայի համաշխարհային օրը՝ մարտի 21-ին, «ԴԱՐԱՆ» գրախանութում կայացավ հայ գրող, թարգմանիչ, արևելագետ, Հայաստանի գրողների միության անդամ Էդուարդ Հարենցի «Մենակի ծնուշ» ժողովածուի շնորհանդեսը: «Մենակի ծնուշ» ժողովածուն տաղանդավոր բանաստեղծի ստեղծագործական ինքնատիպ կարելիությունների նոր արտահայտությունն է:
Էդուարդ Հարենցը (Հարությունյան) տպագրվել է Թեհրանի «Ալիք», «Գրական թերթ», «Նոր հայացք», «Գրեթերթ» և այլ պարբերականներում։
Էդուարդ Հարենցը Հայաստանի ամենաբեղուն բանաստեղծներից մեկն է վերջին տարիներին։
Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը նշեց, որ Հարենցը հետաքրքիր մտածողությամբ պոետ է, ժամանակակից բանաստեղծ, որն ուղղակի իրացնում է բանաստեղծության՝ որպես գիտության մասին բոլոր պատկերացումները։ Հարենցի պոեզիայում առավել ակնառու է բանաստեղծությունը որպես գիտություն, որովհետև հատկապես «Մենակի ծնուշ» գրքի գնահատման պարագայում անհրաժեշտ են ոչ միայն զգացողություններ, պատկերների շուրջ հետաքրքրվածություն, այլ նախ և առաջ գիտելիք, որպեսզի մենք կարողանանք հաղթահարել այդ բանաստեղծության խութերը։
«Սա բանաստեղծության տեսակ է, որը հեշտ ընթեռնելի չէ, որը շատ հաճախ նույնիսկ չի կարելի մեջբերել ֆեյսբուքում, որպես ձեր հոգեվիճակի՝ ապրումների արտահայտություն, սա բանաստեղծութրուն է, որը պահանջում է որոշակի հաղթահարում։ Եվ փառք այն մարդուն, որն ունի այդ գիտելիքը և կկարողանա հաղթահարել այս բանաստեղծության խութերը, որովհետև հաղթահարումից հետո դա պարգևում է ինտելեկտուալ, գերագույն հաճույք, իսկ այն բացառիկ լեզվազգացողությունը, լեզվաիմացությունը, լեզվագիտությունը, որն Էդուարդը դրսևորում է ժողովածուում, մասնավորապես՝ «Մենակի ծնուշ» գրքում, ուղղակի աներևակայելի մակարդակ է»,- ասաց Արքմենիկ Նիկողոսյանը։
Էդուարդ Հարենցը խոսեց գրքի վերնագրի մասին, թե ինչու է ընտրել «Մենակի ծնուշ» անվանումը։
Ծնուշը հարսանիքի ճաշկերույթն է, մենակի ծնուշ՝ այսինքն մենակ հարսանիքի ճաշկերույթին։ Հակադրության վրա է կառուցված, իմաստային նորարարական մոտեցում կա ծնուշ բառի հետ կապված»,- ասաց հեղինակը։
Էդուարդ Հարենցը հայերեն է թարգմանում արաբական ու ֆրանսիական հին ու ժամանակակից ստեղծագործություններ։
«Նրանք, ովքեր կծանոթանան «Մենակի ծնուշ» գրքին, խորհուրդ կտամ բանաստեղծությանը երկու կերպ մոտենալ՝ որպես ընթերցող, որը կարդում է և փորձում է հաղթահարել, և մյուս կողմից՝ որպես տեսանող ոչ միայն բառի սուր տեսլական իմաստով, այլ ընդգրկել բանաստեղծությունների վիզուալ պատկերները, որովհետև դրանք շատ-շատ բան կփոխեն ձեր և՛ ընկալումներում, և՛ մոտեցումներում, որովհետև գրքում կարելի է հանդիպել բազմաթիվ, գուցե մեզ համար անծանոթ տառադարձական, գրադարձական ձևերի, հանդիպել շեղատառերի, և ամենակարևորը՝ բանաստեղծության ռիթմական մեկ շատ կարևոր միավոր կա, որը Էդուարդ Հարենցը շատ լավ է կիրառում, այդ բանաստեղծական տողի դադարն է, երբ Հարենցի տրամաբանությամբ կարդաք նրա այդ գործերը, դադարները ձեզ կօգնեն շատ ավելի հստակ պատկերացնել այս գիրքը»,- եզրափակեց Արքմենիկ Նիկողոսյանը:
Նորա Ղազարյան
3-րդ կուրս