«Ես այն մարդն եմ, ով պայքարել է ու պատրաստ է նորից կռվել...

«Ես այն մարդն եմ, ով պայքարել է ու պատրաստ է նորից կռվել հայրենիքի համար». Միսակ Աբրահամյան

1705

Միսակենց տանն եմ։ Դուռը բացվելուն պես, հենց իմ դիմաց, կողք կողքի երկու փունջ ծաղիկներ եմ տեսնում. Միսակն է ուղարկել։ Մարտիության անակնկալ է, սակայն քույրն է պատմում՝ եղբայրն ուշադիր է, հատուկ առիթներ պետք չեն նվերներ անելու համար։ Կրտսեր սերժանտը բանակ է զորակոչվել 2020թ.-ի հունվարի 13-ին։ 6 ամիս ծառայել է Լուսակերտի ուսումնական զորամասում, ապա կրտսեր սերժանտի կոչմամբ ու հրետանավորի զինվորական մասնագիտությամբ ծառայությունը շարունակել Մատաղիսում։ Մեկ օրով տանն էր, երեկ հետ է վերադարձել։ Ծնվել է Հայաստանում, 2001թ. սեպտեմբերի 7-ին։ Կյանքի որոշ մասն անցկացրել է Նիդերլանդներում։ 9 տարեկանից ապրել է այնտեղ։ Մայրիկն է հիշում՝ առաջին ժողովին արդեն ուսուցչուհին գովասանքի խոսքեր էր ասում։ Նիդերլանդներում մի շարք հոբբիներ է ձեռք բերել, կիթառ նվագել է սովորել։ Գործիքը բերել է հետը։ Մինչ ծառայում է, իր կիթառը միայնակ նկարահանվում է տեսահոլովակներում։ Սկեյթբորդ (skateboard) շատ էր սիրում, գումար էր հավաքում՝ նոր մոդելները գնելու համար։

«Մինչև վարել սովորելը ընկնում հագուստը ծակում էր։ Ինքը ձախլիկ է, ձախ ոտքով էր վարում։ Ամեն ամիս իրեն նոր կոշիկ էինք գնում։ Աջ կոշիկը միշտ նոր էր մնում, ձախը՝ ծակվում էր»,- ծիծաղում է մայրը։

Նկարում էր, մեծ թենիս էր խաղում, պարում էր։ Բրեքդանս (breakdance) պարել էր շատ սիրում։ Նիդերլանդներում 5 տարի մնաց։ Այդ ընթացքում ստիպված է եղել 8 դպրոց փոխել։ Ամեն դպրոցի հետ նոր ընկերների թիվն ավելացել է։ Վերջին տարում, երբ որոշել են վերադառնալ, ընկերները, դպրոցի ուսմասվարն ու ուսուցիչները մեկ ամբողջ օր նվիրել են Միսակին։ Սարգիսը՝ ամենամոտ ընկերն է պատմում, որ ուսուցիչներն էին ավելի շատ իրեն սիրում, քան ինքը՝ ուսուցիչներին։ Ասում է՝ պարզությունն ու մաքրությունն իրեն ամեն տեղ սիրել են տվել։

Սարգսի հետ դեռ մանկապարտեզի տարիքից են ընկերներ։ Դպրոցական տարիքում կապն ավելի ամրացավ։ Ամենից շատ ինքն ու իր ընտանիքն էին տխրել Միսակի մեկնելու փաստից ու վստահ եղել, որ հետ են գալու։ Այսպես էլ լինում է։ Դպրոցի 8-րդ դասարանում Միսակը Հայաստանում էր։ Սկզբում ընկերների միջև վեճեր շատ են եղել։ Միսակի աշխարհայացքը փոխվել էր, տարբերվում էր մյուսներից, ամեն ինչին այլ կերպ էր նայում։ Մինչև հիմա է այդպես։ Վերջին անգամ անցած տարի դեկտեմբերի 15-ին է տեսել։ Ինքն էլ է ծառայում։ Մինչ այդ 11 ամիս չէր տեսել ու պատմում է, որ ոչինչ չէր փոխվել։ Պատերազմից հետո որոշ բաներ, իհարկե, արդեն ուրիշ էին, բայց հիմնականում նույն անմիջական, ազատ բնավորությունն էր, որն արտասահմանից է բերել։

Տարբերվում է նաև հագուկապով։ Առանձնահատուկ թուլություն ունի օծանելիքի հանդեպ։ Քույրիկն է պատմում՝ մի սենյակից մյուս սենյակ օծանելիքի հոտը տարածվում է, մայրն էլ, թե ինչ սենյակից սենյակ, օծանելիքը միանգամից վրան է դատարկում։

«Միշտ խնամված պետք է լինի։ Երեկ գլխարկը լվացել եմ, ճմռթվել է, չի կարողանում ուղղի, թե հիմա ես ոնց դնեմ գլխիս, որ ուղիղ լինի։ Հետը ընկերների համար էլ օծանելիք տարավ։ Ասում է՝ օծանելիքներս ոչ մեկին չտաս»,-պատմում է մայրը։

Միսակի դպրոցական ալբոմներն եմ թերթում ու փորձում այն նիդերլանդական քաղցրավենիքը, որն ամեն առավոտ քույր ու եղբայր դպրոց էին տանում։ Լուսինեն ցույց է տալիս Միսակի ու Սարգսի համատեղ լուսանկարները։ Կատակում է՝ ամբողջ հեռախոսն իրենք են։ Միսակը գիրք կարդալ է սիրում։ Սեպտեմբերի 7-ին՝ ծննդյան օրը, մայրիկը հոլանդերեն գիրք է ուղարկել, որ կարդա, սակայն պատերազմը խանգարել է, ավելին՝ գիրքը հակառակորդի տարածքում է մնացել։

Զանգեցինք նաև Սարգսի մայրիկին, ով ևս պատմելու շատ բան ունի։ Մի քանի անգամ ապակի կոտրելուց մինչև ամենահիշվող կաղամբի պատմությունը, որն ամենից լավ հենց ինքն է պատմում։ Ծնողական ժողովից հետո երկու ընկերներով գնացել են ծնողներին դիմավորելու։ Միսակի տատիկը ասել է, որ մայրիկին կասես «քյալամ» բերի խանութից։ Միսակն էլ մայրիկին, թե տատիկը կաղամբ է ուզում բորշչի համար։ Սարգիսն էլ, թե Աննա քուրիկ, սուտ է ասում կաղամբ չէ, նոր մեքենայի մեջ «քյալամ» էր ասում։

Սարգսից հետո «երկրորդ որդին» Միսակն է։ Հավասարակշռված, հարգանքով, ընկերասեր, հավատարիմ. այսպես է բնութագրում տիկին Ռուզաննան իր «երկրորդ որդուն»։ Տուն վերադառնալիս Միսակն առաջինը ընկերոջ տուն է գնում։ Տիկին Ռուզաննան է պատմում՝ խոհանոցում՝ այն հատվածում, որտեղ Սարգիսն է նստում, վերջերս ինքն է նստել, ու տպավորություն է ստեղծվել, թե Սարգիսը տանն է։

Միշտ իրար հետ էին տուն գնում։ Սարգիսն է հիշում՝ դասերից հետո կամ Միսակն էր իրենց տուն գնում, կամ ինքը՝ Միսակենց։ Հաճախ, երբ տանը մարդ չէր լինում, Միսակն էր ուտեստ պատրաստում։ Ձվածեղ պատարաստելն էր իր մոտ ամենալավը ստացվում։ «Ոչ միայն ձվածեղ, իրեն կարող ես մթերք տալ, ինքը իմպրովիզով մի բան կսարքի»,- հավելեց Միսակի մայրը։ Ձու, միս շատ է սիրում։ Բանակում, պատերազմի օրերին էլ է ինքը պատրաստել։

«Զանգել ասում ա, էսօր բորշչ եմ սարքել տղերքի համար, հարցնում եմ՝ գոնե ստացվե՞լ ա, ասում ա՝ կարա՞ չստացվի։ Մի օր էլ որոշել էր սթեյք սարքել, ես էլ տանը չեմ։ Միսը դրել էր բարձր կրակին, պլաստիկե գդալն էլ վրան, երկուսն էլ վառվել էին։ Թավան էլ քրոջինն էր, Նիդերլանդներից էր բերել»,-պատմում է մայրը։

Ընկերներով շատ լավ են սովորել դպրոցում։ «Մի անգամ,-պատմում է տիկին Ռուզաննան,-ցածր գնահատական են ստացել, Միսակի հայրիկը տեսել է, թե ինչպես են ճանապարհին նստած լացում ու տուն չեն գնում»։ Այդպիսի մի դրվագ էլ դասընկերուհին՝ Արմինեն հիշեց։ Երբ վաղ տարիքում բոլորով 9 են ստացել, իսկ Միսակը՝ 8, բարկացած ասել է, թե ձեր 9-ը շրջեք 6 կդառնա, իսկ իմ 8-ը ինչպես էլ շրջեք, 8 կմնա։

Դրվագները շատ են, շատերը՝ մոռացված։ Որ հունից շուտ է դուրս գալիս, դասընկերներն էլ էին հասցրել հասկանալ։ Արմինեն է պատմում, թե ինչպես է մի անգամ դասընկերուհին տեսել Միսակի բարկանալը ու վախեցած պատմել, թե Միսակին երբեք այդքան բարկացած չէր տեսել։ Բարկանում էր ընկերների պատճառով։ Ընկերները լավ գիտեին Միսակի շուտ բռնկվող բնավորությունը ու հաճախ էին հոգու հետ խաղում։ Միսակի մայրիկն է պատմում՝ երբ իրարից նեղացած տուն էին գալիս, ինքն ու տիկին Ռուզաննան լավ գիտեին, որ երկար չի տևելու, առավոտյան նորից իրար հետ դպրոց կգնան։

Նվիրված, հավատարիմ, ամենավստահելի ընկերը պատերազմի օրերին առաջնագծում էր։ Սեպտեմբերի 26-ին դիրքերում էր։ Գիշերն իր հաշվարկի հերթապահության ժամին կրակոցներ ու տանկերի ձայներ են լսել։ Մտածել են՝ նորմալ է, որովհետև նախկինում էլ է եղել։ Ժամը 5-ին հանձնել է հերթապահությունը։ 7։10 զանգ է եկել հրամանատարին, որ մոտենան ականանետերին։ 7։25 հակառակորդը սկսել է կրակել։ Խոցել են 12 տանկ, որից 4-ը անձամբ ինքը։ Պատմում է՝ Մատաղիսում միշտ թեժ է եղել։ Ամենածանր մարտը նոյեմբերի 9-ին է եղել՝ զինադադարից 5 ժամ առաջ։

«Մնացել էինք 8-10 հոգով։ Տղերքն աշխատում էին տեխնիկայի վրա։ Ես ու տղաներից մեկը, ով ինձ արկերն էր փոխանցում, պահում էինք առաջնագիծը։ Բայրակթարի երկու հարված ենք ընդունել, բարեբախտաբար՝ ողջ ենք»,-պատմում է Միսակը։

Պատերազմի ավարտից հետո մի քանի անգամ վիրահատվել է։ Գետնին քնելու ու ծանր զենքից մոտ 2150 արկ կրակելու պատճառով առողջական խնդիրներ են առաջացել։ «Ես այն մարդն եմ, ով պայքարել է ու պատրաստ է նորից կռվել հայրենիքի համար»,- ասում է Միսակ Աբրահամյանը։ Այժմ ծառայում է Գեղարքունիքի մարզի Ճամբարակի զորամասում։ Ցանկություն է ունեցել Ղարաբաղ վերադառնալ, հարազատներն ու մանավանդ Սարգիսը դեմ են գնացել ցանկությանը։

Զորացրվելուց հետո սովորելու է ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում։ Ապագա ծրագրավորողը սկզբում մտածել է Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարան ընդունվելու մասին, սակայն միտքը փոխել է։ Մասնագիտության ընտրությունը հեշտ է եղել, մաթեմատիկան իր մոտ դեռ դպրոցական տարիներից է լավ ստացվում։ Բացի այդ՝ կիսատ թողած գործ ունի։ Երկու ընկերների ընտանիքները Արագած լեռան վրա քարերով սյուն են բարձրացրել։ Այն շարվել է կիսատ՝ նպատակով։ Միսակն ու Սարգիսն են վերադառնալու ու շարունակելու կիսատ թողածը։

Քնարիկ Վարդանյան

2-րդ կուրս

Կիսվել