Թափառող շների խնդիրը Երևանում դեռ չի լուծվում

Թափառող շների խնդիրը Երևանում դեռ չի լուծվում

1468

Հայաստանում արդեն երկար ժամանակ է՝ վերջնական լուծում չի տրվում անտուն կենդանիների խնդրին։ Թեև մեր կողքին ապրող մարդկանց մեծ մասն իրեն համարում է կենդանասեր և ասում, որ պատրաստ է տանը կենդանի ունենալ, միևնույն է, փողոցում անտուն կենդանիները չեն նվազում։ Հատկապես գարնանը նրանց թիվն ավելանում է։

Քանի որ անտուն կենդանիների նկատմամբ վերաբերմունքը պարզելուն ուղղված մեր հարցմանը մասնակցած քաղաքացիների  մեծամասնությունը նշում է, որ փողոցում ավելի հաճախ հանդիպում է շան, որոշեցինք անդրադառնալ թափառող շների խնդրին։

Կա տարածված կարծիք, որ փողոցում գտնվող բոլոր շները ագրեսիվ են և ցանկացած պահի պատրաստ են հոշոտել մարդկանց, սա պատճառ է դառնում վախի առաջացման, մարդիկ անտուն կենդանի տեսնելիս վախենում են, փոխում են ճանապարհը։ Նրանց մի մասն էլ հնարավորության դեպքում օգնում կամ տեղյակ է պահում պատասխանատու կազմակերպությանը։

Բնակիչները պատրաստ են լինում անգամ գումար վճարել իրենց շենքի բակում ապրող կենդանուն սպանելու համար՝ նշելով, որ կենդանին հարձակվում է իրենց վրա։ Այս խնդրի վերաբերյալ մեր հարցին ի պատասխան՝ Առողջապահության նախարարությունից նշեցին, որ շների հարձակման հետևանքով բուժհաստատություն տեղափոխվածների մասին տեղեկությունն առանձին չի հավաքագրվում, և հստակ թիվ չկա, թե քանի մարդ է վերջին մեկ տարում շան հարձակումից տուժել։

Մեր հարցմանը մասնակցած քաղաքացիների մի մասը կարծում է, որ Հայաստանում անտուն կենդանիների խնդրին քայլ առ քայլ լուծում է տրվում, մեծ մասն էլ մտածում է, որ խնդրի լուծումը ծայրահեղ վատ վիճակում է։

Երևանում և մարզերում թափառող շների ստերջացմամբ/կաստրացմամբ, պատվաստմամբ զբաղվում է Երևանի քաղաքապետարանի կողմից ստեղծված Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնը (ԹԿՎԿ), որտեղից էլ փորձեցինք պարզել, թե վերջին մեկ տարում որքան է կազմում Երևանում թափառող շների թիվը, և ինչ փոփոխության է ենթարկվել այդ թիվը նախորդ տարվա համեմատությամբ։ ԹԿՎԿ-ից նշեցին, որ այժմ հստակ թիվ չկա, իսկ կենդանիների թվաքանակի հաշվարկ նախատեսվում է մայիս ամսին։  

Իսկ հարցին, թե ինչու է տարվա հատկապես այս եղանակին Երևանում թափառող շների թիվն ավելանում, ԹԿՎԿ – ի տնօրեն Հայկ Աղաբեկյանն անդրադարձել է Սպուտնիկ Արմենիային տված իր հարցազրույցում։ Նա ասել է, որ ձմռանը նկատվում է շների մեծ հոսք Երևանի հարակից տարածքներից, քանի որ դրսում կեր գտնելը բարդանում է, իսկ քաղաքի աղբամանների հարակից տարածքները հարմար են շների ապրելու և սնվելու համար։   

Շների թվի ավելացմանը նպաստում է նաև քաղաքացիների վերաբերմունքը։ Տանը հիվանդ կենդանի ունենալու դեպքում մարդկանց մի մասը նախընտրում է ինքնուրույն բուժել, քան տանել անասնաբույժի մոտ։ Մի մասն էլ նշում է, որ եթե իր կենդանին հիվանդանա, պարզապես կթողնի դրսում։

Որպես թափառող կենդանիների խնդրի  լուծման լավագույն տարբերակ՝ մարդկանց մեծամասնությունը նշում է կացարանների, խնամքի կենտրոնների ստեղծումը։ Այդպիսի կենտրոններից  մեր հարցմանը մասնակցած քաղաքացիների մի մասը տեղյակ չէր, մի մասն էլ նշում էր Դինգո թիմը։ 

Դինգոյի ներկայացուցիչ, կենդանապաշտպան Օվսաննա Հովսեփյանի հետ քննարկեցինք թիմի ունեցած խնդիրների, կենդանիների որդեգրման ու գնելու մասին կարծրատիպերը։ «Դինգո թիմը պետական ֆինանսավորում չունի, մեր հիմնական խնդիրը կացարանում գտնվող 152 շների կերի, պատվաստումների, բուժման ծախսերը հոգալն է,  աշխատակիցներին վճարելը։ Մեր եկամուտի միակ աղբյուրը մարդկանց նվիրատվություններն են, իսկ պետական ֆինանսավորման համար չկան ծրագրեր, որոնց կարող ենք դիմել։ Կարևոր է նաև կացարանի աշխատանքը ճիշտ համակարգելը։ Մեզ մոտ հայտնվում են վնասված, մեքենայի տակ ընկած կամ այլ խնդրով շներ։ Նրանք բուժվում են և լիարժեք առողջանալու դեպքում վերադարձվում տարածք, իսկ հատուկ խնամքի կարիք ունեցող կամ արդեն ծեր շները մնում են մեզ մոտ», – ասաց Օվսաննան։ Հարցին, թե արդարացված է արդյոք այն կարծիքը, որ կացարանից որդեգրած կենդանին կարող է խնդիրներ ունենալ, պատվաստված չլինել, իսկ գնված, ցեղական կենդանին միշտ անվնաս է, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Կացարանում գտնվող բոլոր շները պատվաստված են ու նույնքան անվնաս, որքան խանութից գնված կենդանին։ Ինչ վերաբերում է ցեղական կամ խառնուրդ լինելուն, ասեմ, որ Հայաստանում ցեղական համարվող կենդանիները հիմնականում լինում են  խառնուրդ և գենետիկ խնդիրներ են ունենում։ Մարդիկ, առանց լավ տեղյակ լինելու տեսակի առանձնահատկություններից, տանում են շանը տուն, իսկ որոշ ժամանակ անց, երբ խնդիր է  նկատվում, շունը տան պայմաններին չի հարմարվում, պարզապես թողնում են դրսում»։

Կենդանու հարձակումից պաշտպանվելու, կենդանուն չվնասվելու, նրա կատաղությանը  չնպաստելու մասին Օվսաննան ժամանակ առ ժամանակ անդրադառնում է իր ֆեյսբուքյան էջում։  

Որքան էլ որ լինի շների թիվը քաղաքում, այնուամենայնիվ, կենդանու հանդեպ դաժան վերաբերմունքը օրինական չէ։ 2019թ. հոկտեմբերի 22-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնելու վերաբերյալ նախագիծը, որը նախատեսում է պատասխանատվություն՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով տուգանքով, մեկից երեք ամիս կալանքով կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով: Մինչ այս նախագիծը գործում էր «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» ՀՀ օրենքը, որը ևս նախատեսում էր պատասխանատվության մեխանիզմներ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար։ Այս ամենը սակայն չի գործում լիարժեքորեն և կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերը հաճախ մնում են անպատիժ՝ ոստիկանությանը չտեղեկացնելու կամ այլ պատճառներով։ Ըստ ոստիկանությանն ուղղված մեր հարցին տրված պատասխանի՝ վերջին մեկ տարում կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի մասով նախապատրաստվել է 9 նյութ, դրանցից 4-ով հարուցվել է քրեական գործ և ուղարկվել նախաքննության, իսկ հինգի մասով գործ հարուցելու հայցը մերժվել է։

Օրենքի խախտման ամենաքննարկված դեպքերից էր Սուրեն Աղաբաբյանի  մասնակցությամբ դեպքը, երբ «Դիլիջան» ազգային պարկի տնօրենը սպանել էր շանն ու իր արարքը արդարացրել կենդանու կատաղությամբ։ «Բա հո չէինք թողի, որ երեխեքին ուտեր», – ասել էր տնօրենը։ Դեպքին ականատես քաղաքացին ասել էր, որ տարածքում նաև շան ձագուկի է տեսել, և շան կատաղության պատճառը հավանաբար  եղել է իր ձագերին պաշտպանելու ցանկությունը։

Օֆելյա Արսենյան

2-րդ կուրս

Կիսվել