«Իրական կյանքում ես ընդհանրապես չեմ կարողանում խաղալ». Տաթև Հովակիմյան

«Իրական կյանքում ես ընդհանրապես չեմ կարողանում խաղալ». Տաթև Հովակիմյան

1349

Տաթև Հովակիմյանը ավարտել է Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը: Ներկայումս խաղում է թատրոնում և նկարահանվել այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Անավարտ թռիչքը», «Երկրաշարժը» (2016): Տաթևը «Poème» նախագծի համահեղինակներից է: Դերասանուհու հետ խոսել ենք մասնագիտության, նոր նախագծերի, սիրելի դերասանների և իր կյանքում տեղի ունեցած փոփոխությունների մասին:  

Արդյո՞ք դերասանուհի դառնալը մանկության երազանք էր. կպատմե՞ք՝ ինչպես կատարեցիք մասնագիտական ընտրությունը:

-Դերասանուհի դառնալը մանկության երազանք չի եղել: Ավելի շատ ուզում էի  հայտնի լինել, որը ցնդած ինչ-որ գաղափար էր (ժպտում է), ցնդած երազանք, ինչը վերածվեց արդեն ավելի հետաքրքիր բանի, ավելի կարևոր բանի՝ դառնալ դերասանուհի: Հիմա ընդհանրապես չի մտահոգում հայտնիությունը. հաճախ գնում եմ տեղեր, որտեղ շատ քիչ մարդիկ կան, որտեղ կարող եմ ինչ-որ անկյունում ինձ համար խաղաղ նստել: Այդ հայտնիությունը մի տեսակ հարաբերական դարձավ, որովհետև հիմա ինձ համար ավելի կարևոր է դերասանուհի լինելը:

Թատրո՞ն, թե՞ կինո. ինչու՞:

-Շատ դժվար հարց է. այն ինձ համար հավասար է շատ պարզ մի հարցի՝ մամայի՞դ ես շատ սիրում, թե՞ պապայիդ: Կարծում եմ և՛ թատրոնը, և՛ կինոն դերասանի համար շատ կարևոր և հիմնային տեղեր են, որտեղ դերասանը կարող է լինել տարբեր, բայց միևնույն ժամանակ պետք է լինի:

Ֆիլմերում Ձեր կերտած կերպարներից ո՞րը կառանձնացնեք, ո՞րն է Ձեզ ավելի հոգեհարազատ և ինչու՞:

-«Սողոմոնի երգերը» ֆիլմում մի հայ աղջկա՝ Սոնայի կերպարը: Ի դեպ, այս ֆիլմի պրեմիերան կլինի, կարծում եմ, շուտով: Առհասարակ այստեղ հարցը այն է, որ ես մշտապես սիրում եմ կերպար, որը դեռ չեմ խաղացել կամ դեռ պետք է խաղամ, կամ երևի էդ պահին դեռ էկրաններ չի բարձրացել. հետագայում թողնում եմ այն, ինչ խաղացել եմ և ուզում եմ այլ բան անել արդեն:

Ինչպիսի՞ն է իրական Տաթևը, երբ անջատված են տեսախցիկները և փակված վարագույրները:

-Տաթևը էնպիսին է, ինչպիսին կա (ծիծաղում է), էնպիսին է, ինչպիսին ավելի շատ ճանաչում են ընկերները: Կարծում եմ՝ այս հարցը պետք է տալ ընկերներիս. մարդկանց, ովքեր ինձ գիտեն, ինձ ճանաչում են: Կարծում եմ, որ մի բան, ինչը չի տարբերվում էկրանից և բեմից այն է, որ անկեղծ եմ, ամեն դեպքում փորձում եմ անկեղծ լինել: Կարծում եմ՝ ինչ որ խաղում ենք մենք՝ որպես դերասան, մեր կերտած կերպարներում մեզնից մի մասնիկ կա: Այսինքն՝ այն, ինչ հանդիսատեսը տեսնում է՝ քո անկեղծությունը, կամ քեզնից զգում էներգետիկա կամ նման բաներ, իրական կյանքում այն հաճախ պահպանվում է: Չգիտեմ, դժվարությամբ կասեմ, թե ինչպիսին է իրական Տաթևը, երբ անջատված են տեսախցիկները:

2018 թվականից Դուք իրականացնում եք «Poème» նախագիծը, որի շրջանակներում վիդեո տարբերակով կարդում եք հայ ժամանակակից հեղինակների գործեր: Կպատմե՞ք նախագծի մտահաղացման մասին. մտավախություն չկա՞ր, որ միգուցե չսիրվի հասարակության կողմից:

-Այս նախագիծը սկսել ենք ես և իմ շատ մտերիմ ընկերներից մեկը՝ Աշոտը Ավագյան: Նկարում էինք մի կադրով և որոշել էինք դարձնել շարունակական նախագիծ, քանի որ հետագայում շատ գաղափարներ կային իրականացնելու: Իհարկե, հետո ժամանակի պատճառով ես ու Աշոտը միայն երկուսով չէինք կարողանում արդեն շատ համագործակցել, ու որպեսզի նախագիծը չտուժեր, ես  տարբեր մարդկանց հետ սկսեցի անել նկարահանումները: Ընդհանրապես մտավախություն չեմ ունեցել, որովհետև հենց առաջինը նկարեցինք, միանգամից սիրվեց: Արդեն դրանից հետո շարունակելու գաղափարը ծագեց: 2018 թվականին Աշոտ Ավագյանի հետ՝ հենց իր տողերով առաջինը նկարելուց հետո, մենք գաղափար չունեինք, որ կսկսենք այդպիսի նախագիծ: Հենց այդ առաջին քայլից հետո միասին որոշեցինք, որ սա կդառնա շարունակական և կսկսենք բացահայտել ու գտնել հայ ժամանակակից շատ հեղինակների, վիդեո տարբերակով կներկայացնենք նրանց գործերից: «Poème»-ն բավականին մեծ նախագիծ դարձավ, և այն դեռ երկար կյանք ունի:

Ձեր կարծիքով ինչպիսի՞ն պետք է լինի դերասանը:

-Ես կարող եմ ասել՝ ինչպիսին չպետք է լինի դերասանը: Չպետք է լինի ձանձրալի, ստող, երևի չպետք է լինի ալարկոտ (ծիծաղում է)… Իսկ թե ինչպիսին պետք է լինի, դա շատ հարաբերական հարց է. դժվարությամբ կպատասխանեմ: Իրականում շատ ծիծաղելի բան կա. իրական կյանքում ես չեմ կարողանում դերասանություն անել: Ընկերուհուս հետ միշտ ծիծաղում ենք, որ իրական կյանքում իմ էմոցիաները շատ պարզ են. եթե ինչ-որ մի պահի, ինչ-որ բան ինձ դուր չի գալիս, ես առանց անգամ հաջող անելու կարողանում եմ վեր կենալ ու գնալ, չեմ կարողանում թաքցնել էմոցիաներս: Շատ ծիծաղալի է, իհարկե…

Եթե ոչ դերասանուհի, ապա

-Եթե ոչ դերասանուհի, երևի թե տների դիզայնով կզբաղվեի, կահավորանքով և, միգուցե, խոհարար:

Հոլիվուդյան դերասան, ում հետ կցանկանայիք նկարահանվել ֆիլմում:

-Երևի թե Մարլոն Բրանդոյի հետ, և եթե դերասանուհիներից, ապա՝ Մերիլ  Սթրիփի:

Ձեր կյանքում տեղի ունեցած մի դեպք, որը փոխել է Ձեզ, մտածելակերպը 180◦-ով:

-Մի բան, որը փոխեց իմ կյանքը 180, 280, չգիտեմ քանի աստիճաններով, պատերազմն էր… Փոխեց, տակնուվրա արեց. պատերազմն իմ կյանքը, ինձ փոխեց: Միակ բանը, որ կուզեմ էլ երբեք չլինի՝ պատերազմն է: Ես կողմ եմ, որ լինի բնության արհավիրք, բայց ոչ երբեք՝ պատերազմ:

-Եթե հանդիպեիք Ձեզ 10 տարի առաջ, ի՞նչ խորհուրդ կտայիք:

-Ինչ խորհուրդ կտայի ինքս ինձ (լռում է)… Հասկանալ, որ աշխարհում պատերազմներ իսկապես լինում են, և միայն գրքերում ու ֆիլմերում չեն դրանք, և պատրաստ լինեի: Մի քիչ դժվար է այս մասին խոսելը:

Եվ վերջում, ապագայի նամակ. ի՞նչ կգրեիք Ձեզ:

-Արա այն, ինչ ուզում ես, ասա այդ պահին այն, ինչ ուզում ես: Երբեք, ես վստահ եմ, անգամ մի րոպե պետք չի կորցնել: Իսկ եթե նամակ, երևի թե կգրեի, որ ոչինչի համար չափսոսաս: Իսկ հաճախ ափսոսում ենք չարածի համար:

 Լուսանկարները՝ Տաթև Հովակիմյանի ինստագրամյան էջից

Ռոզա Խաչատրյան

2-րդ կուրս

Կիսվել