«Աշխատանքային հարաբերությունների հետ կապված ամենաշատ խնդիրները լինում են Սյունիքի մարզում». իրավաբան Ռուբեն...

«Աշխատանքային հարաբերությունների հետ կապված ամենաշատ խնդիրները լինում են Սյունիքի մարզում». իրավաբան Ռուբեն Ղազարյանը` օրենսդրական և իրավաբանական խնդիրների մասին

1223

Ռուբեն Ղազարյանը մասնագիտությամբ իրավաբան է, բավականին երկար ժամանակ է, ինչ իր գործունեությունը ծավալում է Սյունիքի մարզում: Նրա հետ զրուցեցինք իրավաբանական և օրենսդրական խնդիրների մասին:

-Կա՞ն այնպիսի խնդիրներ, որոնց համար քաղաքացիները ամենաշատն են դիմում իրավաբանին, կամ այնպիսի խնդիրներ, որոնք տարածված են հատկապես Սյունիքի մարզում։

-Հարցին ավելի հստակ պատասխանելու համար խնդիրները ներկայացնեմ խմբերով: Սյունիքի մարզում հատակապես շատ են ամուսնաընտանեկան վեճերը, մասնավորապես ամուսնալուծության ալիմենտային պարտավորությունների և ամուսնության ընթացում ձեռք բերված գույքի առանձնացում, կամ, դրա անհնարինության դեպքում, գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և գումարը ըստ բաժնեմասերի բաշխելու պահանջ: Սա 1-ին խումբն էր: 2-րդ խումբ. հաճախ նաև դիմում են ժառանգության ընդունման հետ կապված վեճերի, խնդիրների համար: 3-րդ խումբ. իրավաբանական փաստերի հաստատման վերաբերյալ պահանջներն են, մասնավորապես աշխատանքային ստաժի հաստատման, փաստաթղթերի պատկանելիության, ազգակցական կապի հաստատման և նմանատիպ պահանջները: 4-րդ խումբ. սա կապված է պարտքերի և առավել հաճախ վարկային պարտավորությունների հետ: 5-րդ խումբ. շատ հաճախ են հանդիում նաև աշխատանքային վեճերը: Ըստ վիճակագրության` աշխատանքային հարաբերությունների հետ կապված ամենաշատ խնդիրները լինում են Սյունիքի մարզում, ինչը պայմանավորված է մարզում առկա կոմբինատների /գործատուների/ և աշխատողների համեմատաբար բարձր քանակով:

-Ըստ Ձեզ` որքանո՞վ է այսօրվա քաղաքացին տեղեկացված իր իրավունքներից և առհասարակ օրենսդրությունից։

-Ինչպես ամբողջ երկրում, այնպես էլ Սյունիքի մարզում դեռևս քաղաքացիները իրենց իրավունքների և այդ իրավունքների իրացման հարցում բավարար չափով տեղեկացված չեն: Անգամ իրենց իրավունքների պաշտպանության համար ոչ միշտ են դիմում օրենքով սահմանված կարգով և ժամկետներում, ինչն էլ հետագայում դժվարացնում է քաղաքացիների խախտված իրավունքների վերականգնումը: Սովորաբար քաղաքացիների մի ստվար զանգված միայն փաստաբաններին դիմելուց հետո եէ իմանում, որ իսկապես իր իրավունքները խախտվել են, և հիմնականում միայն փաստաբանի օժանդակությամբ է քաղաքացիների խախտված իրավունքները վերականգնվում: Իսկ այդ ամենը, բնականաբար, առաջանում է այն պատճառով , որ քաղաքացիների մի հոծ զանգված գործող իրավանորմերի և իր իսկ իրավունքերի պաշտպանության վերաբերյալ աղոտ և ոչ բավարար չափով պատկերացում ունի:

-Եթե քաղաքացին ունի իրավաբանի օգնության կարիք, սակայն չունի համապատասխան ֆինանսական միջոցներ, ի՞նչ կարող է անել այդ դեպքում։

-ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի ստանալ իրավաբանական օգնություն` անկախ ֆինանսական հնարավորություններից: Հենց դրա համար էլ ստեղծված է ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակը: Այդ գրասենյակի հանրային պաշտպանները իրավական օգնության և իրավունքների պաշտպանության գործում հսկայական լումա ունեն: Իրավական ակտերով կարգավորված են հանրային պաշտպանի գործառույթները և նշված են այն սոցիալական խմբերը, որոնք կարող են օգտվել այդ գրասենյակի ծառայություններից: Օրինակ՝ քաղաքացիական գործերով հանրային պաշտպանի գրասենյակի ծառայություններից անվճար կարող են օգտվել անապահովները, հաշմանդամները, ազատամարտիկները և այլն: Քրեական գործերով կարող են օգտվել զինծառայողները, հաշմանդամները, անապահով և ավճարունակ անձինք և այլն: Հանրային պաշտպանի գրասենյակի դերը շատ մեծ է ՀՀ-ի իրավապաշտպան գործունեության ոլորտում:

-Ի՞նչ եք կարծում` այսօրվա իրավաբանական դաշտում արդյոք պահպանվում է օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքը։

-Այո, հիմնականում բոլորը հավասար են օրենքի առաջ: Այս հարցի վերաբերյալ կարծիքները սովորաբար տարբեր են լինում: Եթե ուշադրություն դարձրեցիք, ես նշեցի, որ հիմանկանում հավասար են: Ցանկալի կլիներ, որ համոզվածությամբ նշեինք` հաստատապես բոլորը հավասար են: Հուսանք այդպես էլ կլինի:

-Ըստ Ձեզ` ներկայումս Հայաստանում որքանո՞վ է զարգացած իրավաբանությունը։

– Կարծում եմ` ներկայումս Հայաստանում բավարար մակարդակով զարգացած են թե՛ հիմնարար իրավունքերը, թե՛ օրենսդրական դաշտը և թե՛ դրանք կիրառող մասնագետները` իրավաբանները: Սակայն իրավաբանությունը միշտ զարգանալու տեղ ունի և երբեք չենք կարող ասել, որ արդեն հասել ենք անհրաժեշտ մակարդակին: Կարելի է ասել, որ իրավաբանությունը միշտ «զարգացող օրգանիզմ է»:

-Իսկ ի՞նչ կասեք մեր օրենսդրության մասին։ Արդյո՞ք կան վրիպումներ, թերություններ։

-Ինչպես արդեն նշեցի, այս ոլորտը «զարգացող օրգանիզմ է» և բնականաբար կան թե՛ թերություններ և թե՛ վրիպումներ: Բայց միայն իրավակիրառ պրակտիկայում է, որ ի հայտ են գալիս այդ վրիպումները և թերությունները, որոնք հետագայում հնարավորինս ուղղվում են: Սակայն պետք է նաև նշել, որ դրանք այն կարգի վրիպումներ և թերություններ չեն, որոնց արդյունքում մեր օրենսդրական դաշտին բացասական գնահատական տրվի: Առավել կարևոր է, թե գործող իրավանորմերը ինչպես են կիրառվում պատկան մարմինների և անձանց կողմից: Շատ կարևոր է պրոֆեսիոնալիզմը:

-Ձեր կարծիքով՝ ի՞նչ մակարդակի վրա է Հայաստանում իրավաբանական կրթությունը, և արդյոք կարիք կա իրավագիտությունը` որպես առանձին առարկա ուսուցանել նաև դպրոցներում։

-Իրավաբանական կրթությունը, իմ կարծիքով, բավարար մակարդակի վրա է և շարունակաբար առաջընթաց է ապրում, սակայն միաժամանակ շատ կարևոր է նաև ուսանողների կամքը և ցանկությունը գիտելիքների պաշարի հավաքագրման գործընթացում: Հարցի 2-րդ մասի վերաբերյալ կարող եմ նշել, որ հանրակրթական դպրոցներում դասավանդվող «Հասարակագիտություն» առարկան որոշ չափով պատկերացում տալիս է մարդու իրավունքների, օրենսդրության և այլնի մասին: Բայց կրկին նշում եմ` որոշ չափով: Իմ կարծիքով՝ անհրաժեշտ է դեռևս դպրոցական տարիներից քաղաքացիների մոտ սերմանել թե´ իրավունքների իրացման վերաբերյալ պահանջատիրություն և թե´ պարտականություների կատարման վերաբերյալ պարտավորություն: Եվ, եթե իրավագիտությունը ուսուցանվեր նաև դպրոցում, քաղաքացիները ավելի շատ և վստահ կտիրապետեին իրենց իրավունքներին։

Անահիտ Առաքելյան

4-րդ կուրս

Կիսվել