Քսանմեկամյա Աննան, ով սովորում է լեզվաբանական համալսարանում, պատմեց՝ ինչպես բժիշկ դառնալու փոխարեն դարձավ լեզվաբան. «Ծնողներս բժիշկներ են, տատիկս և պապիկս նույնպես, մի խոսքով, ծնվել և մեծացել եմ բժիշկների ընտանիքում։ Մանկուց ընտանիքիս անդամներն ասում էին՝ մեծանաս, բժիշկ կդառնաս, և երբ ինձ հարցնում էին՝ ինչ մասնագիտություն եմ պատրաստվում ընտրել, ինքնաբերաբար ասում էի բժշկի»։
Աննան մեծ սեր ուներ լեզուների հանդեպ, սակայն ստիպողաբար պարապում էր կենսաբանություն և քիմիա, ավագ դպրոցում էլ սովորում էր բնագիտական հոսքում, բայց դասերը լսելու փոխարեն, կարդում էր անգլերեն գրքեր, սովորում՝ իտալերեն. «Պարապեցի այդ ձանձրալի առարկաները, ընդունվեցի Բժշկական համալսարան, սակայն երկու տարի սովորելուց հետո հասկացա, որ իսկապես չեմ կարողանում հարմարվել։ Խոսեցի ծնողներիս հետ, իհարկե, դժվար եղավ համզոելը, քանի որ նրանց երազանքներն ու նպատակներն ամբողջովին կապված էին ինձ հետ, սակայն եկանք փոխհամաձայնության, ընդունվեցի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարան և այժմ սովորում եմ իմ սիրելի ֆակուլտետում»։
Ուսուցիչները մեծ դերակատարում ունեն դեռահասի մասնագիտական կողմնորոշման հարցում։ Երևանի 109-րդ ավագ դպրոցի պատմության ուսուցչուհի Շողակաթ Մուրադյանը և հայոց լեզվի ու գրականության ուսուցչուհի Սուսաննա Բարսեղյանը journalist.am-ի հետ զրույցում ներկայացրեցին՝ ինչ ազդեցություն ունի ավագ դպրոցը մասնագիտություն ընտրության հարցում։
«Այն դեռահասները, ովքեր ավելի հստակ գիտեն, որ շարունակելու են կոնկրետ ինչ-որ ուղղությամբ, գնում են բուհերին կից քոլեջներ կամ վարժարաններ: Իսկ ավագ դպրոց գալիս՝ քչերն են հստակ իրենց ցանկությամբ սովորում որևէ հոսքում. հիմնականում ծնողն է ընտրություն կատարում: Այդ իսկ պատճառով կան բազմաթիվ օրինակներ, որ ամբողջ տնտեսագիտական և պատմաիրավագիտական հոսքից քչերն են շարունակում այդ ուղղությամբ: Լինում են դեպքեր, երբ երեխան իսկապես չի կողմնորոշվում, և մենք ենք արդեն, իր ընդունակությունները հաշվի առնելով, ուղղություն ենք ցույց տալիս»,-նշում է Շողակաթ Մուրադյանը:
Իսկ Սուաննա Բարսեղյանը նկատում է. «Մեր խորհուրդն այսպիսին է` ընտրել այնպիսի մասնագիտություն, որ սրտին մոտ լինի, անհատին հոգեհարազատ լինի, որորվհետև ամբողջ կյանքում ինքն առնչվելու է դրա հետ՝ զբաղվելով այն աշխատանքով, որն իրեն հաճույք չի պատճառի: Մենք ուղղորդում ենք դասապրոցեսներով, խորհուրդներով: Նրանք ամեն օր աշխատանքի են գնալու և պետք է հաճույք ստանան, եթե չես սիրում, բնական է, լավ մասնագետ չես դառնա»:
Երևանում «Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոն»-ի մասնագետներից Ալլա Գևորգյանը նշեց՝ ինչպես է կենտրոնն օգնում կողմնորոշվել մասնագիտական ընտրության հարցում.
«Մասնագիտական կողմնորոշման ծառայությունները, ըստ մեր տեսլականի, առաջին հերթին թիրախավորում է ութ-իններորդ դասարանի աշակերտերին, ովքեր որոշակի ընտրություն պիտի կատարեն հետագա մասնագիտական ընտրության հետ կապված և որոշակի ուղղվածություն պիտի ունենան, ու քանի որ մեր ծառայությունների թիրախը անձակենտրոնությունն է, այսինքն` անձի կարողությունների, հմտությունների ու ընդունակությունների վրա, որը տվյալ պահին մարդն ունի, մենք որոշակի ուղղվածություն ենք առաջարկում, որոշակի ոլորտ, որը կհամապատասխանի տվյալ անձին:
Ըստ Գևորգյանի՝ կենտրոնը հիմնվում է այն կարողությունների, հմտությունների և ընդունակությունների վրա, որը տվյալ պահին մարդն ունի։ Իրենք առաջարկում են որոշակի ուղղվածություններ, բայց ընտրել այն, թե ոչ, միևնույն է անձի հայեցողությանն են թողնում, որովհետև լինում են դեպքեր, երբ հնարավոր է՝ սիրի տվյալ մասնագիտությունը, բայց, այլ մոտիվացիոն գործոններից ելնելով՝ ընտրի մեկ այլ մասնագիտություն, դա կարող է լինել. «Քանի որ մեր կենտրոնը նպատակ ունի ընդհանուր համակարգ ներդնել, մենք այդ ամբողջ տեղեկատվությունը փորձում ենք էնպես անել, որ դպրոցում մանկավարժին կամ հոգեբանին հասանելի դարձնենք: Մյուս կողմից էլ այսօր դպրոցական առարկայական բազան այնքան շատ է, ու երեխաներն այնքան ծանրաբեռնված են, որ բավականին դժվար է նույն մասնագիտական կողմնորոշման առարկա կամ արտադասարանական առարկա ավելացնել, բայց այս պահին քննարկվում է այդ խնդիրը, և կա որոշակի հայեցակարգային դիրքորոշում, մնում է, որ այն դառնա գործառույթային ու տարածվի բոլորդ պրոցներում»,-հավելեց փորձագետը:
Իսկ որպես խորհուրդ նշեց, որ մինչ մասնագիտություն ընտրելը, առաջին հերթին պետք է ճանաչել սեփական անձը, ցանկություններն ու կարողությունները: Ցանկացած մարդ կարող է գտնել իրեն համապատասխան, հետաքրքիր մասնագիտություն, հատկապես այսօր, երբ ոլորտներն ընդլայնվում են, և տեղի է ունենում մասնագիտությունների միաձուլում:
Հոգեբանների դերակատարումը ևս շատ մեծ է դեռահասի մասնագիտական կողմնորոշման հարցում: Հոգեբան, ԵՊՀ դասախոս Սաթեն Գրիգորյանը նշեց այն հոգաբանական խնդիրները, որոնք կարող են առաջանալ դեռահասի մոտ, ով տատանվում է՝ ինչ մասնագիտություն ընտրել։
«Մասնագիտական կողմնորոշման հարցում մեծ դերակատարություն են ունենում ծնողները, ուսուցիչները, այն միջավայրը, որում երեխան ապրում է, մեծ կարևորություն ունի նաև մեդիան և հեռուստաեթերը, որը ողողված է երեխայի հետաքրքրությունը գրավող հաղորդումներով։ Հաճախ երեխաներն մասնագիտական կողմնորոշումը կայացնում են իրենց միջավայրի տեսլականն ի նկատի ունենալով, չեմ խոսում այն դեպքերի մասին, երբ գենետիկ կոդավորմամբ են պայմանավորված, ենթադրենք` երեխան գիտի, որ իրենց ընտանիքը բժիշկների ընտանիք է, ցանկանում է դառնալ բժիշկ, որովհետև իր համար ծնողները մասնագիտության էտալոններ են, կամ ոգեշնչվում է այն գաղափարով, որ մայրը կամ հայրը, որևէ բնագավառում հասել է մասնագիտական հաջողությունների և ցանկանում է դառնալ մասնագիտության շարունակողը, այդ դեպքում սրանք համարում ենք գենետիկ պայմանավորվածություններ: Այն դեպքերում, երբ երեխան ընտրում է հեռուստահաղորդում և ստեղծում է իր համառ կուռք, օրինակ` դառնալ երգիչ, դերասան կամ կրկնօրնակել որևէ հերոսի/հերոսուհու, այս դեպքում արդեն երեխայի հետաքրքրասիրության դաշտն ենք ուսումնասիրում»:
Իսկ թե որ դեպքում կարող ենք համարել, որ ծնողը հոգեբանական ճնշում է գործադրում երեխայի վրա, հոգեբանը նկատեց. «Հաճախ ծնողները ստիպում են երեխային գնալ այն ուղղությամբ, որով ժամանակին իրենք են ցանկացել, սակայն չի ստացվել, կամ ընթացքում են որոշել մասնագտական որոշակի հմտություններ սերտել, սակայն չի ստացվել, և ցանկանում են, որ իրենց երեխան պարտադիր իրականացնի իրենց երազանքը։ Եթե ծնողն իր երազանքներն իրականացնելու համար թիրախավորում է երեխային, այս դեպքում խոսում ենք արդեն հոգեբանական ճնշման մասին»:
Մեր զրուցակից տիկին Նաիրան մշտապես ազատ կամքի ընտրություն է տալիս իր երեխաներին. «Երբեք չեմ հասկացել այն ծնողներին, ովքեր ստիպողաբար երեխաներին այս կամ այն ուղղությունն են հրամցնում` իմանալով, որ երեխան հստակ գիտի` ինչ է ուզում դառնալ: Լինելով մանկավարժ` գիտակցում եմ այս ամենի լրջությունը, խորությունն ու հոգեբանական հետևանքները: Ես և ամուսինս ազատ կամք ենք շնորհել մեր երեխաներին,և այժմ նրանք երկուսն էլ սովորում են բուհում՝ իրենց նախընտրած ֆակուլտետներում, շատ շնորհակալ են մեզ՝ իրենց ազատ ընտրությանը չխոչընդոտելու համար, քանի որ սիրում են իրենց մասնագիտությունը»։
Ըստ փորձագետների, մասնագիտության ճիշտ ընտրության դեպքում է, որ նախ կրթական հաստատություն, ապա աշխատավայր մարդ գնում է հաճույքով և նպատակներ է ունենում ավելի հմտանալու իր մասնագիտությունում ու լինել հասարակության ինքնաբավ մասնիկ:
Մերի Ալոյան
3-րդ կուրս