ՀԱՅՐԵՆԻՔԸ ՍԿՍՎՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԻՑ, ԻՍԿ ՍԱՀՄԱՆԸ ԶԻՆՎՈՐՆ Է

ՀԱՅՐԵՆԻՔԸ ՍԿՍՎՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԻՑ, ԻՍԿ ՍԱՀՄԱՆԸ ԶԻՆՎՈՐՆ Է

5127

Երբ Գրիշին ասացի` ուզում եմ քո մասին ակնարկ գրել, ասաց գրիր, պարզապես նյութիդ մեջ անպայման նշիր, որ բոլոր զինվորներն էլ հերոս են, ուղղակի դու ինձ էս ընտրել ակնարկիդ  կերպար:

Մեկ ամիս ուսումնական գումարտակում ծառայելուց հետո Գրիշա Ափոյանին տեղափոխեցին հետախուզական վաշտ. լավ ֆիզիկական տվյալներ ունի: Ընկերների շրջապատում Գրիշո է, հրամանատարների համար` Ափոյան: Ռեժիմով ծառայելուն շուտ է սովորել. ասում է` ինձ չկորցրի ու համակերպվեցի նոր միջավայրին:

Գրիշան ծառայության վեցերորդ ամսում բարձրանում է  սահման, այնտեղ որտեղից սկսվում է զինվորի մարտական ծառայությունը: «Պոստեր բարձրանալուց հանգիստ էի, որովհետև գիտեի, որ շատ ընտանիքների խախաղ քունն ինձ էր վստահված»:

Շատ չի սիրում խոսել Ապրիլյան դեպքերից, պարզապես ասում է, որ մարդ այդ դեպքերում  հաղթահարում է իր մեջ եղած վախերը: «Ապրիլյան պատերազմին բոլորն են մասնակցել, յուրաքանչյուրն իր չափով»: Կրակոցներ լսելն ու զենք բռնելը Գրիշայի համար տագնապեցնող չէ, որովհետև պաշտպանում է հայրենիքը, իսկ դա կյանքի լուրջ քայլ է:

«Քեզ վստահում են պատասխանատու գործ, ու դու զգում ես, որ քո ներդրումն ունես դրանում»:

Գրիշա Ափոյանը  ծառայության ընթցքում ստացել է երկու շնորհակալական նամակ ու «Լավագույն մարզիկ» շքանշան նախարարի կողմից, «Քաջարի մարտիկ» շքանշան հրամանատարի կողմից:  Նրա համար պարգևներն ու շքանշանները  ապացույց են  նրա ծառայության, իր ուժերով հասած արդյունքի:

Նրա համար էլ հայրենիքը սկսվում է սահմանից, իսկ սահմանում ամեն մի քայլը պետք է զգույշ ու մտածված անել. շախմատի պես :

Ադրբեջանական կողմի կրակոցների տակ միշտ մտածել է, որ մի գնդակ իր համար կարող է վերջինը դառնալ, ու ամեն ինչ կավարտվի մի քանի վայրկյանում: Էդ պահերին առաջինը  Աստծու  մասին է մտածել: «Աստված չի մոռանում մեր մասին, քանի դեռ մենք հիշում ենք նրան»:

Ձայների ու աղմուկի մեջ մարտական ոգին միշտ բարձր պահելու ձևերից մեկն էլ երգն էր, իսկ հույս տվողները սպասողներն էին «Մենք պարտավոր էինք տուն գնալ»:

Մեր հերոսի կարծիքով բանակը տղային տղամարդ չի դարձնում, այլ սովորեցնում է դժվարության մեջ ապրել ու մտածելակերպը փոխել: «Տարբեր բնավորության ու աշխարհայցքների տեր մարդկանց ես տեսնում ու սովորում ապրել նրանց հետ` հաշվի չառնելով, թե ինչ ընտանիքից են ու ինչ դաստիարակություն ունեն, չիմանալով`ով է պահում մեջքդ»:

Գրիշայի համար հերոսը մեկը չէ, այլ հավաքական կերպար. զինվոր լինելն արդեն նշանակում է լինել հերոս. «Բոլոր էն տղերքը, ովքեր ծառայել, ծառայում են,  պայքարել ու պայքարում են հայրենիքի ու ժողովրդի ազատության համար` հերոս են»:

 

Մերի Հովհաննիսյան

3-րդ կուրս

Կիսվել