Երբ ընտանիքում ծնվում է երկրորդ երեխան դա մեծ ուրախություն է ծնողների, իսկ մեծ սթրես մյուս երեխայի համար:
Վախը, անտեսված լինելու երևակայական մտորումները առաջացնում են խանդ, որը կարող է լուրջ հոգեբանական խնդիր առաջացնել երեխայի մոտ:
Անի Սուքիասյանը և Երվանդ Հովհաննիսյանը չէին էլ կարող պատկերացնել, որ տղայի ծնվելուց հետո՝ 2-ամյա Նարեն այդքան կխանդի.«Խանդն այն աստիճանի հասավ, որ երբ տղաս քնած էր, աղջիկս անընդհատ բարձր գոռում էր՝ արթնացնելու համար: Հետագայում սկսեց լաց լինել այն ժամանակ, երբ փոքրիկին լողացնում էի կամ կերակրում»:
Լիանա Չոբանյանը տղան 4 տարեկան էր, երբ ծնվեց մյուս տղան: «Հենց առաջին օրվանից կարծես իրենց շփումը չստացվեց: Գիտեի, որ հնարավոր է խանդեր, բայց չէի պատկերացնում, որ կհասնի այն աստիճանի, որ Արմենս կփորձի վնասել եղբորը»:
Մանկական հոգեբան Ստելլա Հունանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ երեխաների մոտ խանդը ավելի ուժեղ է արտահայտված. «Երեխաներին թվում է, թե երկրորդ երեխայի հայտվելու դեպքում ծնողների սերը կիսվելու է, իրենց անտեսելու են, և սկսում են անյպիսի քայլեր անել, որ ուշադրությունն իրենցից անպակաս լինի»: Հոգեբանի խոսքով խանդում են բոլորն անխտիր, բայց տարբեր տարիքային խմբերի մոտ դա տարբեր կերպ է արտահայտվում. «Հիմնականում ուժեղ արտահայտվում է 2-5 տարեկան երեխաների մոտ: Այդ տարիքում երեխաներին առավել ուշադիր և ըմբռնումով պետք է վերաբերվել»:
Նման դեպքերում ծնողները կարող են դուրս գալ ափերից ու բարկանալ։ Հոգեբանը խորհուրդ է տալիս ավելի հանդուրժող լինել. «Պետք է ըմբռնումով մոտենալ ու փորձել նրա մեջ հոգատարություն սերմանել, որ ձեզ հետ միասին հոգ տանի փոքրիկի մասին»:
Մյուս դեպքում իրավիճակը վերահսկողության մեջ կմնա, եթե նախապատրաստես երեխային, որ տանը մեկ այլ փոքրիկ էլ է հայտնվելու:
Քրիստինա Քոլանջյանը արդեն երեք երեխա ունի. «Երեխաներս մեկը մյուսին չեն խանդել: Մինչև կծնվեր հաջորդ բալիկս, մյուսի հետ պարբերաբար զրուցում էի ու նախապատրաստում: Ծնվելուց հետո արդեն ավելի հեշտ էր լինում»:
Այս տարբերակը ընդունում է նաև հոգեբանը. «Նորածնի հայտնվելուց հետո պետք է բացատրել երեխային, որ փոքրիկը հոգատարության կարիք է զգում և առանց մեծերի, այդ թվում նաև առանց իր օգնության ոչինչ չի ստացվի: Այս դեպքում երեխայի մոտ փոքրիկի նկատմամբ հոգատարության զգացմունք կարթնանա, ինչը կարող է դրական ազդել երեխաների միչև հարաբերությունների հետագա զարգացման վրա»:
Նրա խոսքով հիմանակնում խանդում են աղջիկ երեխաները. «Աղջիկ երեխաները ավելի շատ ուշադրություն ու սեր են պահանջում, քան տղաները»:
Սակայն երեխայի այդ աստիճան խանդը հաճախ կարող է նաև հոգեբանական բարդություններ առաջացնել.«Հնարավոր է, որ երեխան ագրեսիվ դառնա, ունենա հիստերիկ նոպաներ. այս դեպքում արդեն հարկավոր է մասնագետի օգնություն»:
Վերջում, հոգեբանը խորհուրդ տվեց ծնորղներին մինչև մյուս երեխայի ծնունդը, հաճախ զրուցել ավագ երեխաների հետ, ասել թե որքան են նրան սիրում, իսկ բարդություների առաջացման դեպքում մոտենալ հոգեբանական տեսանկյունից:
Սուսաննա Գրիգորյան, 3-րդ կուրս