Մասնագիտությամբ քանդակագործ Մարիամ Խաշակյանը, իր կյանքի հենց 24-րդ տարում իրականացրեց իր համար թերեւս ամենանվիրական երազանքը՝ հիմնեց Բեհէզ նորաձեւության եւ ձեռքի աշխատանքի կենտրոնն ու սեփական գաղափարներն ու մոտեցումները ներդրեց իր սեփական բիզնեսի խորը հիմքերում, որը հետագայում ծառայեցրեց սովորելուն ու սովորեցնելուն։ Հենց անքուն գիշերներն ու անսահման տաղանդը օգնեցին քանդակագործ Մարիամին՝ հաջողել իր համար թերեւս նոր ոլորտում։ Մարիամը աննախադեպ հաջողություններ գրանցեց օնլայն հարթակում նույնպես։ Մոտ 10.000 հետեւորդ ունեցող Բեհէզ ֆեյսբուքյան էջում իրականացրած պատվերների միջոցով է Մարիամը կարողացել հիմնել իր կենտրոնը, ու հագուստներին սեփական ձեռքերով հաղորդել հայկականությունն ու ասպարեզ բերել հայ նկարիչների թերեւս ամենասիրված գործերն ու իր ձեռքով կարված հագուստերին ավելացրել նաեւ իր ձեռքով նկարված նկարները։
-Ինչպե՞ս առաջացավ փոքրիկ բիզնես ստեղծելու գաղափարը, եւ որքան ժամանակ է ինչ ծավալում եք Ձեր գործունեությունը։
-Դեռ մանկուց միշտ երազել եմ ունենալ իմ սեփական բրենդը։ Ամեն ինչ սկսվեց շատ պատահական, ցանկությունս զուտ փորձելն էր, երկար մտածելուց հետո որոշեցի ու միանգամից գնեցի կարի մեքենա։ Սկսեցի հագուստներ կարել, բայց սկզբում ինձ համար, հետո, երբ դրական արձագանքները սպասվածից շատ եղան, որոշեցի պատվերներ անել, բացեցի էջս ու սկսեցի թերեւս առաջին քայլերս այդ ոլորտում։ Հասկացա, որ չպետք է կանգ առնեմ, հավաքեցի պատվերների գումարն ու 2020թ.-ի սեպտեմբեր ամսին բացեցի Բեհէզ նորաձեւության եւ ձեռքի աշխատանքի կենտրոնը։
-Որո՞նք են եղել առաջին այն փոքրիկ քայլերը, որ տարել են դեպի մեծ երազանքի իրականացմանը։
-Առաջին քայլերս եղել են համաճարակի ժամանակ հենց իմ սեփական հագուստի մոդելները։ Կարում էի դրանք, ինքս հագնում ու ստանում իրար հերթ չտվող հաճոյախոսությունները։ Առաջին քայլերումս ինձ համար հատկանշական է հատկապես այն, որ համաճարակը ինձ չխանգարեց կյանքի կոչել նպատակներս։
-Ստեղծագործող մարդկանց մեծ մասը նշում է, որ առանց ոգեշնչման աղբյուրի արարելն անհնար է, ինքներդ ունե՞ք ոգեշնչման աղբյուր։
-Ես ցանկացած ակնթարթ օգատգործում եմ, որ մի նոր բան տեսնեմ, մի նոր բան ինձ ոգեշնչի, յուրաքանչյուրին տեսնելիս, փորձում եմ գտնել ինձ համար ամենահետաքրքիր ու յուրօրինակ դետալներն ու հետագայում, երբ արդեն պետք է կարեմ հագուստներն ու տամ դրանց դիզայնը, մտքումս համատեղվում են բոլոր տեսածս պատկերներն ու խառնվում մտքերիս ձեւավորելով այն, ինչ ստանում է իր գնահատականը պատվիրատուներիս կողմից։ Բացի դա, ինքս հայկական մշակույթի մեծ սիրահար եմ ու ոգեշնչված եմ Մինաս Ավետիսյանի ու Մարտիրոս Սարյանի գործերով, դրանք եւս զետեղում եմ իմ աշխատանքներում։
-Ինչու՞ հենց Բեհէզ, ո՞րն է անվան նշանակությունը։
-Քանի որ ես հայկական արժեքների մեծ սիրահար եմ, որոշեցի, որ պետք է իմ բրենդի անունը նույնպես հայկական սիմվոլիկ բառ լինի, երկար ժամանակ փնտրելուց հետո Նարեկացու տաղերից ես գտա հենց իմ սրտի բառը՝ Բեհէզ, որը գրաբար բառ է եւ նշանակում է վուշի նուրբ թելից գործված կտոր։ Ժամանակին Բեհէզնա հագուստը կրել են բարձր խավի մարդիկ։
-Եվ կարուձեւը, եւ նկարները ինքներդ եք անու՞մ։
-Այո, երկուսն էլ ինքս եմ անում։ Ես պարզապես չեմ սիրում իմ աշխատանքը կիսել ուրիշի հետ։ Այսինքն՝ այն ինչ ես եմ ստեղծել, պետք է լինի միայն իմը։
-Քանի որ այս ոլորտում եք, նկատե՞լ եք աճ՝ կապված հայկական արտադրանքի պահանջարկի հետ։
–Հատկապես հետպատերազմյան շրջանում, ինքս նկատել եմ, որ մեծացել է հայկական արտադրանքի պահանջարկը։ Մարդիկ նախընտրում են հայկականն ու այն փնտրում ամեն տեղ։ Դա շատ հաճելի է, քանի որ մենք մեր գործունեությամբ օգնում ենք տնտեսության զարգացմանը։ Սակայն, չեմ ժխտի նաեւ այն, որ հանդիպել եմ կարծիքների, որ հայկականը թանկ ու անորակ է։
-Ո՞րն է Ձեր աշխատանքներում պատվիրատուների կողմից ամենապահանջված իրը կամ հագուստը։
-Ամենապահանջված հագուստները դրանք հայկական բրեզենդից կարված հագուստներն են՝ սարաֆաններն ու բաճկոնները։ Հիմնականում հասարակության ընտրությունը կանգ է առնում հատկապես այն գործերի վրա, որտեղ հայկական ինչ-որ նկար կա, որը կարող է լինել օրինակ մեր նկարիչների աշխատանքները։ Ես ինքս ձեռքով եմ անում բոլոր այն նկարները, որոնք իմ ստեղծած հագուստի վրա են, այս հանգամանքը եւս շատ է գրավում մարդկանց։
-Աշխատում եք օնլայն հարթակում, ըստ Ձեզ՝ այն արդյունավե՞տ է։
–Այո, այս պահին աշխատում եմ օնլայն հարթակում, բայց նպատակ ունեմ նաեւ բացել իմ սեփական խանութը, քանի որ մարդկանց մի մասը հագուստը չի գնում այն պատճառով, որ նախապես չի կարող փորձել։ Իսկ խանութը ավելի կօգնի իմ գործին եւ հնարավորություն կտա մարդկանց՝ հագուստը գնելուց առաջ փորձել այն։ Ներկա պահին, ազգային մոլում ունեմ փոքրիկ տաղավար, սակայն այնտեղ չեմ կարողանում տեղավորել ամբողջ տեսականին, հուսամ՝ մոտ ապագայաում դա եւս կստացվի։
Աննա Չիբուխչյան
4-րդ կուրս