Կարենին բոլորը «Մեղրեցի Կարեն» էին կանչում, որովհետեւ մեղրի պես քաղցր էր ու...

Կարենին բոլորը «Մեղրեցի Կարեն» էին կանչում, որովհետեւ մեղրի պես քաղցր էր ու մեղրեցու պես խիզախ

1446

«Կարենի ծնվելու օրը երջանկությունից ցնծում էինք, որ  արու  զավակ ունենք, որ  հայրենիքին արժանի զինվոր ունենք»: Հենց այս նախադասությամբ  սկսեց որդու  մասին խոսել Կարենի մայրը` Արաքսյա Մկրտումյանը։ Կարեն Միրզոյանը  ծնվել է 2000թ.-ի  դեկտեմբերի 23-ին, Մեղրու տարածաշրջանի Ագարակ քաղաքում: Կարենի ծնվելու օրը մաղթանքներն այնքան տպավորիչ էին, որ մայրը երբեք չի մոռանում. «Բոլոր մաղթանքների, ցանկությունների մեջ մի կարևոր  միտք կար՝ արժանի  զավակ լինի և՛ ձեր, և՛ հայրենիքի համար, ապրի այնպես, որ երբևէ չամաչեք, գլուխներդ բարձր  քայլեք, ու հպարտանանք նրա հաջողություններով… Այդպես էր, եթե…»։ Մոր խոսքով, բնավորությամբ կենսախինդ, մարդամոտ ու ընկերասեր Կարենի սիրելի զբաղմունքը սպորտն էր. «Դեռ փոքրուց  աչքի էր ընկնում ճկունությամբ ու ճարպկությամբ։ Ֆուտբոլը նրա տարերքն էր։ Պատանի հասակում սկսեց հաճախել ըմբշամարտի, որը շատ սիրեց ու անսահման հաջողություններ գրանցեց»։  

Իր բարությամբ դեռ մանկուց էր վայելում բոլորի սերն ու ուշադրությունը. «Մեր  բակի միակ  թոռնիկն էր, քանի որ  բոլորը  երիտասարդ  ընտանիքներ էին, և միայն մեր  տանը թոռնիկ կար, դա ևս  պատճառ էր, որ բոլորը տարվեին Կարենով»:  

Կարենի քույրը՝ Ալիսան, պատմեց, որ Կարենը միշտ է եղել իր պաշտպանը. «Մեր  տարիքային տարբերությունը 5 տարի էր, ես  էլ փոքր  ժամանակ  շատ  չարաճճի էի:  Ինձ  փոքրիկի  տեղ դրած, միշտ զիջում էր, պաշտպանում, անգամ եթե  մեղավոր էի, լռում էր»։  Հոր համար Կարենը ամեն ինչ էր. «Բարի  էր, ուշադիր, ազնիվ, կմտածեք  հայրն է, գովում է,  բայց  առանց չափազանցության: Նրան Լորդ մականունն էի  տվել՝  ամեն  հարցում  անկրկնելի  ու անզուգական լինելու  համար»։

Կարենը բանակ զորակոչվեց 2019թ.-ի հունվարի 25-ին,  ծառայության անցնելով Արցախի Հանրապետության Ցոր զորամասում։ Ծառայության տարիներին եւս Կարենը ստվերում չմնաց, արժանացավ սերժանտի կոչման՝ զինվորական կարգապահության ու պատրաստվածության համար։  Կարենի մոր խոսքով՝ զորամասում բոլորը   նրան   «մեղրեցի  Կարեն»  էին կանչում, քանի  որ  մեղրի  պես  քաղցր  էր ու  անմահական և մեղրեցու պես խիզախ ու անկոտրում: Բանակում էլ չթողեց սպորտը, խոստացել էր՝ գալուն պես շարունակել. «Զորամասում  ազատ ժամերին,  մարզադահլիճ էր հաճախում, պարապում: Տղաներին էլ հետը տանում, նրանց «մարզիչ»-ն էր։ Հաճախ  էինք  հարցնում, գուցե  հետ է վարժվել, էլ չի կամենա, բայց միշտ խոստանում էր բանակից զորացրվելուց  հետո էլ շարունակել  մարզումները»:

Կարեն Միրզոյանը սեպտեմբերի 27-ից՝ պատերազմի առաջին իսկ օրվանից, մասնակցել է պատերազմական գործողություններին, եղել ամենաթեժ կետերում. «Որդիս մեզ ոչինչ չէր ասում, միայն ասում էր, որ ամեն ինչ լավ է, մինչդեռ մարտական գործողություններին մասնակցում էր  ամենաթեժ տեղերում՝ Հադրութում, Ֆիզուլիում, Քարին տակում, ապա՝ Շուշիում»։ Քարին տակում թեժ կռվին մասնակցելիս մեկ անգամ մահից է  փրկվել, ընկերոջն ասել, որ նորից  է ծնվել։ Մայրն ասաց, որ նոյեմբերի 5-ից եղել են Շուշիում, իրականացրել մարտական գործողություններ. «Ոտքի վիրավորում էր ստացել, ինքն  իրեն բուժօգնություն էր ցույց տվել՝ վիրակապել ոտքը»։  

Ընտանիքի անդամները վերջին անգամ Կարենի հետ խոսել են նոյեմբերի 7-ի առավոտյան, իսկ հետո, որքան փորձել են նորից կապի դուրս գալ, չի ստացվել։ Կարեն Միրզոյանն անմահացավ նույն օրը՝ նոյեմբերի 7-ին, Շուշիի մատույցներում։ Կարենի զինակից ընկերը՝ Գագիկը հիացմուքնով է խոսում ընկերոջ մասին ու ոչ մի կերպ չի կարողանում հաշտվել կորստի հետ. «Ես  իմ  կյանքի  մեջ  իր  նման  ընկեր  չեմ  ունեցել, Կարենի  նման սիրտ  ոչ  ոք  չուներ: Ծառայության  ընթացքում բոլորին հասնում էր, օգնում: Ամեն ինչ  անում էր, մանավանդ  խեղճ ու կրակ  զինվորների  համար, պատահել է իր  վերջին վարտիքը   նրանց  է  տվել,  նրա  կորստի  հետ հաշտվել չի լինի»։

Տատիկը, առաջին թոռանը՝ Կարենին մշտապես համեմատում է արեւի հետ՝ ասելով, որ Կարենը տան արեւն էր, իր մտքի ընկերը. «Մենք երիտասարդ էինք, երբ ճաշակեցինք պապիկ ու  տատիկ  դառնալու  քաղցրությունը: Մեզ  համար նա  ոչ  թե  թոռնիկ էր, այլ մեր 4-րդ  զավակը, կապված   էինք   մի  այլ  սիրով, նրանով  էինք  ապրում: Ցանկացած հարցում կիսվում էր  հետս, խորհուրդ  հարցնում, հարցնում իր  հետագա  քայլերի  մասին, ինչպես  անի, որ  ճիշտ  լինի»։

Կարենի ծառայության ընթացքում քույրը դարձել էր աջ ձեռքը. «Բանակային տարիները մեզ բոլորովին փոխեցին։ Ես  դարձել  էի  նրա  աջ ձեռքը, ինչ կամենում էր, իր  փոխարեն  անում էի, որ  երբևէ  չզգար  հեռավորությունը, որը  մեզ  բաժանում էր»։

Կարենն ու Սերգեյը մանկության ընկերներ էին, որոշել էին Ամանորին արտերկիր գնալ. «Ինչ  կար, առաջինը  իմ հետ  էր  կիսվում: Որտեղ  տխուր  էր, ինքը  միշտ  ուրախացնում էր։ Շատ  բաներ  կար  պլանավորված, որոնք այդպես էլ իր  կյանքի  նման կիսատ  մնացին: Ասում էր, բանակից որ գա, մյուս  Ամանորին միասին արտերկիր  ենք  գնալու, մի լավ  վայելենք»։   Կարենի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհին միշտ է Կարենին հայրենասիրության դասեր տվել, որի պատճառով էլ Կարենն անգամ ծառայության տարիներին չի մոռացել ուսուցչուհուն. «Իմ  սիրելի  աշակերտն էր՝  լուսավորը։  Կարենին մշտապես հերոսության  ու  հայրենասիրության դասեր  եմ տվել, բայց  չեմ  պատգամել, որ  մատաղի կյանքը: Կարեն, հաղորդագրություն  էիր ուղարկել, որ զորացրվելուց հետո անպայման  ինձ  այցի  կգաս: Ես  սպասում եմ»:

Աննա Չիբուխչյան

4-րդ կուրս

Կիսվել