Ամբողջ աշխարհում տարածված են հայկական գաղթոջախները և հայերը ամենուրեք ներկայանում են իրենց մշակույթով և եկեղեցական կառույցներով։
Ռուսաստանի տարածաշրջանի Անապայի շրջանում է գտնվում Հայկաձոր գյուղը։ Այն գտնվում է Անապա քաղաքից 7 կմ հեռավորության վրա։ Գյուղը հիմնադրվել է 1908թ․ Տրապիզոնի և Բայազետի հայերի կողմից։ Սկզբնապես այն անվանվել է Գալկինա Շել, սակայն 1915 թ.-ից գյուղը կրում է Հայկաձոր անունը։
Գյուղի 50 տոկոսը բնակեցված է հայերով։ Այն ունի մեկ միջնակարգ դպրոց։ Մինչև հայրենական Մեծ պատերազմը գյուղի դպրոցում դասավանդել են հայոց լեզու և հայոց պատմություն առարկաները, իսկ այժմ՝ ոչ։
Հայկաձորում կառուցված է Սուրբ Սարգիս եկեղեցին, որի ներսում 2015թ.-ին սկսել են կառուցել հայկական դպրոց․ բացումը տեղի կունենա այս տարվա սեպտեմբերի 1-ին։
Հայկաձորում է գտնվում «Արին Բերդ» մշակութային կենտրոնը, որը հիշեցնում է հին հայկական շինություն, Բերդի մուտքը հսկում են երկու վագր արձանները, որոնք խորհրդանշական տեսք են հաղորդում Բերդին։ Այստեղ են անցկացվում հայկական հարսանիքները և այլ տոնակատարություններ։ Արին Բերդը ունի նաև հայկական պարային խումբ։
Բնակիչների մեծ մասը Ջավախքից են, մի մասը այստեղ են ապրում դեռևս գաղթի տարիներից, իսկ մյուս մասը ավելի ուշ են տեղափոխվել։
Փողոցում քայլելիս հաճախ կարելի է լսել ջավախքյան բարբառով խոսող մարդկանց, սա շատ ուրախալի փաստ է։ Հայերենը հնչում է օտար երկրներում իր բոլոր երանգներով։
Հայապահպանությունը ազգի առաքելությունն է, անկախ ապրելու տեղից և դիրքից` չպետք է մոռանանք՝ ով ենք մենք և որտեղից ենք եկել։ Ցավոք, գյուղում ապրող նոր սերունդը չի ճանաչում հայերեն տառերը, սա ամենամեծ բացն է, որ պետք է լրացնել։
Աստղիկ Այվազյան
5-րդ կուրս