Ինչու՞ և ինչպե՞ս են առաջանում մաշկային խնդիրներ

Ինչու՞ և ինչպե՞ս են առաջանում մաշկային խնդիրներ

1222

«Երկու տարի  առաջ ունեցել եմ մաշկային խնդիրներ։ Ամբողջ մարմնիս վրա շագանակագույն հետքեր էին։ Մեկ տարի ոչինչ չարեցի, մտածեցի՝ ինքն իրեն կանցնի։ Երբ զգացի՝ հետքերը սկսել են  ամբողջ մարմնովս տարածվել, որոշեցի դիմել բժշկի։ Պարզվեց՝ որևէ լուրջ խնդիր չկար»,-ասում  է Սերինե Աղաբեկյանը։

Նա հավելում է, որ նմանատիպ հետքեր առաջացել էին քրտնագեղձերից։ Բացի այդ, հետքերից առաջացել էր նաև սուր եղնջացան, որը չեզոքացնելու համար, մաշկաբանը մի քսուք-շամպուն  նշանակեց, որն օգտագործելուց մի քանի շաբաթ անց այդ հետքերը գրեթե  անհետացան։ Օգտագործել է ամեն օր,  վեց ամիս շարունակ։

Մաշկաբան Վերոնիկա Նավասարդյանը նշում է, թե մաշկային խնդիրները հիմնականում ինչից են առաջանում։

«Մաշկային խնդիրները բազմաախտածագումնային տարատեսակ հիվանդություններ են, որոնք հիմնականում ունենում են քրոնիկ բնույթ և ընթանում են ռեցիձիվներով։ Մաշկային խնդիրների դեպքում առաջանում են մաշկի մակերևութային շերտի վնասում, որի հետևանքով խախտվում է մաշկի բարիերային (պատնեշային) ֆունկցիան և առաջանում են երկրորդային վարակներով պայմանավորված մաշկախտեր»,-ասում է նա։

Բժիշկը հավելում է, որ մաշկային խնդիրները բազմաձև են։ Հիմնականում դիմում են դեմքի շրջանի ակնեանման  ցանավորումների խնդրով.  դրանցից են ակնեն, ռոզացիան, պերիոռալ դեռմատիտը։

Կան նաև այնպիսի մաշկային հիվանդություններ, որոնք անհամատեղելի են կյանքի հետ. դրանցից են իղթիոզները, այսպես կոչված  առլեկինի պտուղը (երբ ամբողջ մաշկը ծածկված է լինում նորածնային թեփուկներով). այն  կարող է նպաստավոր պայմաններ դառնալ վարակի տարածման գործում։

Մաշկային հիվանդությունները տարբերակելու և ախտորոշելու համար գոյություն ունեն մի շարք մեթոդներ. դրանցից են կլինիկական զննումը, մաշկի կամ գործիքային հետազոտության մեթոդը՝ դեռմատոստոպիան, և այլ միջոցներ։

Մարիամ Անտոնյանի մոտ մաշկային խնդիրները ի հայտ են գալիս ձմռանն ու գարնանը։

 «Վիտամին D-ի պակասից, երբ եղանակները ցրտում են, դեմքս սկսում է  դուրս  տալ, գարնանն էլ ավելի է սրվում»,-նշում է Մարիամը։

Կոսմետոլոգ Ժասմեն Սահակյանը նշում  է, որ մաշկային խնդիրների բուժման պարագայում շատ կարևոր է խնդիրը ճիշտ բացահայտելը, որից էլ կախված է լինելու բուժման արդյունավետությունը. հետևաբար տնային պայմաններում խնդիրը լուծելը անհնարին է։

 «Մաշկային խնդիրները շատ ժամանակ այլ օրգանական հիվանդությունների հետևանք են լինում, օրինակ՝ աղիքային, կանացի և այլ հիվանդություններ։ Ուստի, ոչ միայն պետք չէ ինքնաբուժությամբ զբաղվել, այլև նույնիսկ կարևոր է կոսմետոլոգին այցելելուց առաջ հայտնաբերել և համապատասխան բժշկի մոտ բուժել բուն հիվանդությունը, որի պատճառով առկա են մաշկային խնդիրներ, ապա բուժել հետևանքները»,-հավելում է մասնագետը։

Նա նշում է, որ լինում են նաև զուտ մաշկային խնդիրներ: Դեռահասների խնդրին անդրադառնալով՝ կոսմետոլոգը նշում է, որ նրանց մոտ  առավել հաճախ հանդիպող մաշկային հիվանդություններից են ակնեն, պոստակնեն։ Անցումային, սեռահասունացման շրջանին բնորոշ են դեմքի, պարանոցի, կրծքի, ուսերի, թիկունքի շրջանի ակնեները, թարախային պզուկները: Այդ տարիքային շրջանում մաշկային խնդիրների պատճառը տարիքային հասունացման փոփոխություններն են, հորմոնալ տեղաշարժերը, դիմադրողականության իջեցումը, մաշկի ճարպոտությունը: Ժառանգականությունը ևս դեր ունի մաշկային հիվանդությունների դեպքում։

 «Դեռահասների մոտ ակնեն հիմնականում տարիքի հետ անցնում է, պարզապես գնդաձև, խոշոր պզուկները, թարախաբշտերը կարող են մաշկային սպիացումներ թողնել։ Նորից տեղին է հիշեցնել, որ  ինքնուրույն պետք չէ մաշկի փոքր կորյակների ճարպերը հեռացնել, քանի որ դրանով կարող ենք խորացնել բորբոքումը՝ փոքր պզուկները վերածելով մեծ հանգույցների կամ թարախաբշտերի»,-եզրափակում  է մասնագետը։

Նրա խոսքով՝ խնդիրների դեպքում արդի կոսմետոլոգիան շատ մեծ հաջողություններ է գրանցել։ Իր պրակտիկայումիրականացնում են համակցված բուժական մեթոդներ (պլազմոթերապիա, միկրոասեղավորում, պիլինգային միջոցներ և այլ տարբեր բուժական միջոցներ), և հիմնականում ունեցել են դրական արդյունք։

Անուշ Ղազարյան

3-րդ կուրս

Կիսվել