Կյանքը պատերազմից հետո

Կյանքը պատերազմից հետո

708

2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ն ընթացավ Արցախյան երկրորդ պատերազմը։ Պատերազմի հենց առաջին օրը ծանր վիրավորում ստացավ Արսենը, ինչի հետևանքով կորցրեց մեկ աչքը:

Արսեն Ավետիսյանը հայրենիքի պաշտպանությունն իրականացրել է Քարվաճառում, հակառակորդի դեմ պայքարելիս վիրավորում է ստացել սեպտեմբերի 27-ին , այնուհետև տեղափոխվել հիվանդանոց: Հենց հիվանդանոցում էլ իր սիրելիին ՝ Մարիամին ամուսնության առաջարկ է արել:

Մարիամն ու Արսենը ծանոթացել են ընդհանուր ծանոթի միջոցով:

«Ծանոթացել ենք համալսարանում մեր ընդհանուր ծանոթի միջոցով: Արսենը միշտ առիթ էր փնտրում ինձ հետ խոսելու ու իրար ավելի մոտիկից ճանաչելու համար: Ժամանակի ընթացքում մտերմացանք ու սկսեցինք ընկերություն անել»,- ասում է Մարիամը:

Երբ իմացել է , որ պատերազմի հետևանքով վիրավորում է ստացել ՝ շտապել է հիվանդանոց՝ Արսենին  տեսնելու: Ասում է ՝ իր համար ամենակարևորը այն էր , որ գիտեր՝ Արսենը ողջ է:

«Երբ իմացա, որ վիրավորվել է, այդ ժամանակ միայն ուրախ էի, որ ողջ է, որ իմ կողքին է լինելու, ու ընդհանրապես չէի մտածում, թե ինչ վնասվածք է ստացել: Պահեր են եղել, որ հուզմունքը խեղդել է ինձ, բայց  միշտ Արսենից թաքուն եմ պահել, հիվանդասենյակ եմ մտել միայն ժպիտը դեմքիս»:

Պատերազմի այդ ծանր օրերին համացանցում տարածվեց մի տեսանյութ, որտեղ Արսենը հիվանդանոցում առաջարկություն արեց իր սիրելիին՝ Մարիամին:

«Նշանադրությունը ինձ համար մեծ անակնկալ էր, քանի որ դրա մասին ոչինչ չգիտեի և անգամ պատկերացում չունեի, որ իմ նշանադրությունը կլինի այդ դժվարին ու ծանր պահերին: Շատ անսպասելի էր, բայց այդ պահին ինձ ամենաերջանիկն էի զգում»,-պատմում է Մարիամը:

Հիմա Մարիամն ու Արսենը ամուսնացել են: Հարսանիքը տեղի է ունեցել ապրիլի 5-ին: 350-400 հոգանոց շքեղ հարսանիքին ներկա են եղել նաև հիվանդանոցի բուժանձնակազմը, իր հետ բուժվող զինվորները և շատ ուրիշներ։

Չնայած հակառակորդի կողմից սանձազերծված պատերազմը ծանր ու դժվարին փորձություններ սահմանեցին Արսենի ու Մարիամի համար, սակայն միասին հաղթահարելով առաջ են գնում ՝  մեծ հույսով, որ ապագայում ամեն ինչ լավ է լինելու:

«Պատերազմը մեր սերը ավելի է ամրացրել, ու դրա հետևանքով առաջ եկած դժվարությունները հնարավոր է հաղթահարել՝ մեկս մյուսին ուժ տալով ու իրար կողք լինելով» ,- ժպիտով ասում է Մարիամը:

Մերի Միքայելյան

4-րդ կուրս

Կիսվել