Ֆասթ ֆուդը սովից փրկվելու, բայց ինքազգացողությունը վատացնելու միջոց

Ֆասթ ֆուդը սովից փրկվելու, բայց ինքազգացողությունը վատացնելու միջոց

702

16-ամյա Մարիաննան սովորում է Ջրաշենի միջնակարգ դպրոցում։ Ընդմիջումների ժամանակ օգտվում է բուֆետում վաճառվող  fast food-ից։ Մեզ հետ զրույցում նա պատմեց, որ վերջերս իրեն վատ է զգում, սրտխառնոց է ունենում. «Մեր տունը հեռու է դպրոցից, առավոտյան հազիվ հասցնում եմ արթնանալ և դասի գնալ, նախաճաշելու ժամանակ չկա, գրեթե միշտ ես ու մյուսներն օգտվում ենք բուֆետում վաճառվող հոթդոգներից, խաչապուրիներից: Շատ համեղ է ամեն ինչ, բայց վերջին երկու շաբաթվա ընթացքում մի քանի անգամ ինքնազգացողությունս վատացել է։ Հոթդոգ ուտելուց հետո սիրտս խառնեց, լավ չէի զգում։ Դասի չկարողացա նստել, գնացի տուն։ Վստահ եմ, որ այդ ուտելիքից էր»։  Հարցին՝ գնացել է բժշկի, Մարիաննան պատասխանեց, որ չի գնացել, որովհետև դրա անհրաժեշտությունը չի եղել. «Գրեթե միշտ, հենց մի բան էի ուտում, փորս ցավում էր, բայց որ անցնում էր, էլ չգնացի բժշկի»։

Բժիշկ-փորձագետ Գայանե Սիմոնյանը հավաստում է՝ ֆաստ ֆուդի օգտագործումն ու չարաշահումը շատ վատ է անդրադառնում օրգանիզմի վրա, բայց ոչ միանգամից. «Արագ սննդից մեկ կամ մի քանի անգամ օգտվելը չի կարող հանգեցնել վատ հետևանքների, եթե այն համապատասխան ստուգում է անցել, բայց դրա չարաշահումն ու ամենօրյա օգտագործումն ավելի վատ տեղ կարող է տանել։ Միանշանակ, ֆասթ ֆուդը կարող է հանդիսանալ ինքնազգացողության վատացման պատճառ, բայց նաև շատ դեպքերում հենց դա է փրկում սովից»։

Զրուցեցինք նաև դպրոցի տնօրեն Սամվել Պողոսյանի հետ։ Նրա խոսքով, բուֆետի սնունդը վատ զգալու պատճառ չի կարող լինել. «Թե՛ երեխաների մեծ մասը, թե՛ ուսուցիչներն  օգտվում են նույն սնունդից, կարծում եմ՝ աշակերտուհու ինքնազգացողության վատացման պատճառը fast food-ը չէ։ Եթե ուտելիքը հին լիներ կամ ժամկետանց, ապա բոլորս էլ վատ կզգայինք և, բնականաբար, էլ չէինք օգտվի։ Պարզապես հնարավոր չէ հոթ-դոգից սրտխառնոց ունենալ»։

Կապ հաստատեցինք նաև ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոն։ Մամուլի բաժնից մեզ հետ զրույցում ասացին, որ եթե սնունդը որակյալ չէ, մարդիկ ունեն  բողոքներ, պետք է դիմեն իրենց, որպեսզի խնդրին լուծում տրվի. «Մենք ունենք դիտարկումներ, մշտադիտարկումներ, ստուգումներ։ Դրանք մեր գործիքներն են, որոնցով մենք իրականացնում ենք վերահսկողություններ։ Ունենք նաև շրջայցեր, պատասխանատվության ենթարկելու գործիքներ վարչական իրավախախտումների մասին օրենքի համապատասխան, որոնցով և առաջնորդվում ենք մեր գործողությունների ընթացքում։ Իսկ եթե մարդիկ բողոքներ ունեն սննդից, պետք է դիմեն մեզ, որպեսզի մենք այդ հիմքերն ունենալով՝ քայլեր ձեռնարկենք»։

Նարե Բաբերյան

3-րդ կուրս

Կիսվել