Իրենց մասնագիտությանն ու նախասիրություններին հավատարիմները

Իրենց մասնագիտությանն ու նախասիրություններին հավատարիմները

898

Մեր օրերում շատ տարածված երևույթ է սովորել մի մասնագիտություն , բայց աշխատել  մեկ այլ մասնագիտությամբ: Բայց ինչքան էլ մասնագիտությունը կապ չունենա աշխատանքիդ բնույթի հետ, ցանկացած դեպքում դրական իմաստով ես շահում: Շատ  երիտասարդների հոբբիները ուղիղ հակասական են ընտրված մասնագիտությանը, բայց դա չի խանգարում իրենց առաջ գնալ մասնագիտության հարցում՝ չմոռանալով նախասիրությունների մասին:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ծրագրային ճարտարագիտություն բաժնի չորրորդ կուրսի ուսանողուհի Լիաննան երազում է դառնալ վեբ-ծրագրավորող: Առհասարակ ծրագրավորողների մասին կա կարծրացած մի համոզմունք, որ նրանք շատ միապաղաղ ու միօրինակ կյանք են վարում, բայց Լիաննան ապացուցում է, որ մասնագիտությունն ու հոբբիները կարող են լինել իրարից շատ տարբեր.

«Ծրագրավորման հանդեպ սերն ու հակումն առաջացել է տասնութ տարեկանում. շատ էի սիրում մաթեմատիկա և ֆիզիկա առարկաները: Ճշգրիտ գիտությունները նախընտրող մարդը, դժվար թե լինի այդքան ռոմանտիկ և թուլություն ունենա փափուկ խաղալիքների հանդեպ: Բայց ես այն անձնավորությունն եմ, ով  վաղուց կոտրել է այդ կարծրատիպը  իր փափուկ արջուկների հսկայական կոլլեկցիայով: Այդ կոլլեկցիան այնքան մեծ է, որ երևի թե առաջիկայում փափուկ արջուկների խանութ սրահ կբացեմ, որի կայքի վեբ-ծրագրավորմամբ կզբաղվեմ հենց ինքս,- կատակում է Լիանան  և վերջում խորհուրդ տալիս,- Իմ կարծիքով բազմակողմանի զարգացած և մշտազբաղ լինելու մեջ միայն դրական գծեր կան: Բոլորին խորհուրդ եմ տալիս միշտ առաջ շարժվել և երբեք չհրաժարվել սիրած զբաղմունքից որքան էլ, որ զբաղված լինեք: Երբեք մի ափսոսացեք, եթե հանկարծ  չեք աշխատում ձեր մասնագիտությամբ , միևնույն է՝ այդ գիտելիքները ամեն տեղ են պետք լինելու»:

Այս  կարծիքն, իհարկե, մեզ հետ կիսեց և իր սեփական օրինակով մեզ ապացուցեց 2014-2018 թթ .- ի Լրագրության ֆակուլտետի և 2018-2020թթ. -ի PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ մագիստրոսական ծրագրի շջանավարտ Մառա Գրիգորյանը, ով այժմ աշխատում է ոչ այդքան էլ իր մասնագիտությամբ ՝ ՎՏԲ Հայաստան բանկի PR և Մարքեթինգի բաժնում.

«Լինելով առաջին մասնագիտությամբ լրագրող, իսկ երկրորդով՝ հանրային կապերի (PR) մասնագետ, ինձ վրա միշտ ուղղակիորեն զգացել եմ լրագրության ազդեցությունը։ Եվ դա միայն օգնել է աշխատանքի ընթացքում։ ԶԼՄ-ների հետ արդյունավետ հաղորդակցություն կառուցելու գործում ինձ շատ են օգնում լրագրողի կրթությունը և ոլորտին ու մասնագետներին ծանոթ լինելը։ Այս պարագայում ավելի հեշտ է հասկանալ, թե ինչ խողովակներով է պետք կազմակերպության ներքին և արտաքին լսարանի համար մշակված մեսիջները թիրախային լսարանին հասցնել։ Լրագրությունն ու Հանրային կապերը իրար հետ համագործակցող ոլորտներ են, և երբ գիտես դիմացինիդ սպասելիքներն ու աշխատանքի նրբությունները, ավելի արդյունավետ է ստացվում լրագրող-PR մասնագետ երկխոսությունը»։

Մեր հերոսների պես դեռ շատ ու շատ երիտասարդներ կան ու դեռ լինելու են, ուղղակի միշտ պետք է հիշել, որ երազանքներն իրականություն են դառնում, եթե աշխատում ես քեզ վրա, և, անկախ զբաղեցրած պաշտոնից ՝ չես մոռանում սեփական նախասիրություններդ, քանզի հենց դրանք են էությանդ ապացույցը:

Սյուզաննա Սաֆարյան

4-րդ կուրս

Կիսվել