Մարքեթոլոգի աշխատանքը՝ բիզնեսի առաջխաղացման գրավական

Մարքեթոլոգի աշխատանքը՝ բիզնեսի առաջխաղացման գրավական

1243

Դարի գլխավոր խնդիրը ժամանակի հետ համընթաց քայլելն ու հետ չմնալն է։ Ուստի լավագույն տարբերակը պարբերաբար փնտրելն ու նոր մասնագիտություն սովորելն է։ Դարի մասնագիտություններից է Մարքեթինգը, որը կարող է հանդիսանալ գրեթե բոլոր բնագավառներում հաջողելու հիմքը։

Մարքեթինգ տերմինի մասին։

Մարքեթինգը գործողությունների ամբողջություն է, որի շնորհիվ հնարավոր է բացահայտել հաճախորդների կարիքները և բավարարել դրանք՝ բարձրացնելով ապրանքի կամ ծառայության պահանջարկը:

Մարքեթինգի հայաֆիկացրած տարբերակներ են համարվում՝ շուկայաբանությունը կամ շուկայագիտությունը, սակայն այս տերմինները լիարժեքորեն չեն արտահայտում մարքեթինգի՝ իբրև բիզնեսի, փիլիսոփայության բովանդակությունը: Այդ իսկ պատճառով հայ մարքեթոլոգները հակված են օգտագործել «մարքեթինգ» տերմինը։

Գոյություն ունի նաև տերմին, որն անվանվում է Մարքեթինգ միքս. սա մարքեթինգային գործիքների այն ամբողջությունն է,  որը մատակարար ֆիրման նպատակային շուկայում կիրառում է մարքեթինգային խնդիրներ լուծելու համար:

Տնտեսագետ Ջ. Մակքարտնին մարքեթինգ միքսը ներկայացնում է 4p-ի համալիրով` ապրանք (product), գին (price), բաշխում կամ իրացում (place) և առաջմղում (promotion):

Իսկ Ֆ. Կոտլերը մարքեթինգ միքսը ներկայացնում է 6P-ով, վերըթվարկված 4P-ին ավելացնում է ևս 2P` քաղաքական ուժեր (political power) և հասարակության վերաբերմունք (public option):

Մեկ այլ տնտեսագետ Ռոտերբոնն նշում է, որ մարքեթինգ միքսի 4P-ին համապատասխանում են սպառողների 4C. Որոնք են՝

  • ապրանք (product) – սպառողի որոշում ( customer solutiun )
  • գին (price) – սպառողի ծախսումներ ( customer cost )
  • բաշխում կամ իրացում (place) – հարմարավետություն ( convenience )
  • առաջմղում (promotion) – կոմունիկացիաներ ( comunication )

Ե՞րբ կարող ենք դիմել մարքեթոլոգների օգնությանը։

Եթե որոշ ժամանակ զբաղվում եք բիզնես գործունեությամբ, բայց չեք կարողանում ապահովել բիզնեսի կայուն զարգացում և աճ, ապա պետք է փորձեք նախ և առաջ բարձրացնել Ձեր ապրանքի կամ ծառայության ճանաչելիությունը շուկայում և գրավել հաճախորդների ուշադրությունը: Սակայն ժամանակակից շուկայում ապրանքների և ծառայությունների բազմազանությունը, ինչպես նաև օրեցoր ուժեղացող մրցակցությունը, թույլ չեն տալիս ձեռնարկություններին միայն բարձր որակի շնորհիվ ձեռք բերել և պահպանել շուկայում իրենց մասնաբաժինը կամ բարձր սպառում ապահովել:

Դա է պատճառը, որ յուրաքանչյուր կազմակերպության մարքեթինգային գործունեության նպատակը պետք է լինի՝ վաճառել որքան հնարավոր է շատ ապրանքներ, որքան հնարավոր է շատ հաճախորդների, շատ գումարով և հնարավորինս հաճախակի: Ճիշտ ընտրված մարքեթինգային քաղաքականությունը և թիրախային շուկան կարող է բարձրացնել բիզնեսի արդյունավետությունը և ամրապնդել դիրքերը մրցակիցների համեմատ:

Մարքեթինգի արդյունավետությունը։

Մարքեթինգային գործունեությունն արդյունավետ իրականացնելու համար պետք է նախ և առաջ հասկանալ հաճախորդի վարքագիծը, իմանալ, թե ինչ է նա սպառում և ինչու է պատրաստ գումար վճարել տվյալ ապրանքի կամ ծառայության համար:

Շատ կազմակերպություններ մեծ ներդրումներ են կատարում շուկայի հետազոտության և հաճախորդների կարիքների բացահայտման համար: Բոլոր այս գործողությունների նպատակն է բացահայտել ապրանքների և ծառայությունների այն հատկանիշները, տեսքը և գինը, որոնք գրավիչ կլինեն թիրախային շուկայի համար:

Գոյություն ունի թյուր կարծիք, որ մարքեթինգը ներառում է միայն գովազդը, մինչդեռ հաջողված գովազդի համար նույնպես պետք է ընտրել հաճախորդների ճիշտ թիրախ և ուղերձ՝ ապրանքի կամ ծառայության առավելությունները ներկայացնելու համար: Նույնիսկ այնպիսի փոքր աշխատանքները, ինչպես օրինակ՝ տեղեկատվական նամակների ուղարկումը, հաճախորդների հետ հետադարձ կապի պահպանումը կամ հանդիպումները պոտենցիալ հաճախորդների հետ նույնպես մարքեթինգի մաս են կազմում:

Մարքեթոլոգների գլխավոր նպատակները

Յուրաքանչյուր երկրի տնտեսական համակարգում կարևորվում է մարքեթինգի եւ կառավարման կիրառումը՝ իր սկզբունքներով և մոտեցումներով: Պետք է հասկանալ, թե հասարակության և կազմակերպությունների համար ինչ է կառավարումը, ինչ է շուկան, ով է այնտեղ գործում, ով է ֆինանսավորում այն, ինչպիսին են նրա պահանջները:

Մարքեթինգի պահանջն այն է, որ կազմակերպությունը նպատակաուղղի իր գործունեությունը այնպիսի արտադրանքի թողարկմանը, որը կգրավի սպառողների ուշադրությունը, կապահովի շուկայում արտադրանքի պատշաճ մակարդակով ներկայացումը, սպառողի տեսանկյունից դրանց ճիշտ առաջխաղացումը, սպասարկումը, գնային քաղաքականությունը և բաշխումը:

Մարքեթինգի խնդիրն է՝ հասնել այնպիսի գիտելիքների, սպառողների կարիքների եւ պահանջմունքների ըմբռնման մակարդակի, երբ ձեր կողմից առաջարկվող ապրանքները և ծառայությունները գնորդների համար կդառնան կենսական անհրաժեշտություն, և ձեր արտադրանքը կվաճառի ինքն իրեն: Իդեալական տարբերակում մարքեթինգի արդյունքն ապրանքը ձեռքբերելու պատրաստ գնորդն է: Իսկ դրա համար անհրաժեշտ է դարձնել ձեր ապրանքները և ծառայությունները հասանելի ու մատչելի:

Ինչքան ճշտորեն կհամապատասխանի ապրանքը սպառողի ցանկություններին, այնքան ավելի հաջողության կհասնի արտադրողը:

Արտադրողներն  իրենք են գտնում սպառողներին, ուսումնասիրում նրանց նախասիրությունները և հետո ստեղծում ապրանք, որն առավելապես կհամապատասխանի սպառողներին: Սպառողներն իրենք են ընտրում, թե ինչ հաղորդում դիտեն երեկոյան, ուր մեկնեն հանգստի, որ կազմակերպություն ներդնեն իրենց դրամական միջոցները։

Զարգացած տնտեսությունում պարտադիր չէ, որ շուկան ինչ-որ ֆիզիկական վայր լինի, ուր հանդիպում են գնորդներն ու վաճառողները և գործարքներ կնքում: Ժամանակակից կապի միջոցների առկայության պարագայում վաճառողը կարող է առավոտյան հեռուստատեսությամբ հայտարարություն տալ վաճառվող ապրանքի վերաբերյալ, օրվա ընթացքում ստանալ մեծ քանակությամբ առաջարկներ, իսկ հաջորդ առավոտ ապրանքն ուղարկել փոստով՝ ոչ մի ֆիզիկական շփում չունենալով գնորդի հետ:

Մարքեթոլոգի մասնագիտության ուսանումը Հայաստանում։

Հայաստանում այսօր մարքեթոլոգներ գլխավորապես պատրաստում է ՀՊՏՀ-ն: ՀՊՏՀ-ի մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետում գործում է մարքեթինգի ամբիոնը: Մարքեթինգի ամբիոնը ձևավորվել է 1975թ.-ին` առանձնանալով ժողովրդական տնտեսության պլանավորման ամբիոնից: 1996թ.-ից կոչվում է Մարքեթինգի ամբիոն: 

Մարքեթինգի ամբիոն գործում է նաև Հայաստանի ֆրանսիական համալսարանի Մարքեթինգի և առևտրի ֆակուլտետում: Տվյալ մարքեթինգի ամբիոնը դասավանդում է 29 առարկա, որոնք լուսաբանում են մարքեթինգի և վաճառքի գործունեությանն առնչվող տարբեր ոլորտներ: Կարելի է փաստել նաև, որ այսօր շատ դպրոցներ, ուսումնարաններ նույնպես ուսանում են այս մասնագիտությունը և տարածում այն։ Մեր օրերում ամենից մեծ պահանջարկն ունեցող մասնագիտություններից մեկը ընդլայնվում է, օրեցօր յուրացնելով մասնագիտական բոլոր շերտերը։

Ընդհանուր առմամբ ՀՀ-ում մարքեթինգը գտնվում է զարգացման փուլում:

Լիանա Հակոբյան

4-րդ կուրս

Կիսվել