Պատմության գիրքը

Պատմության գիրքը

856

2019թ., մայիս

Դպրոցական էինք, պատմության դաս էր, ինչպես միշտ Մամիկոնը բարձրաձայն վերընթերցում էր պատմության դասը։

-2016 թվականի ապրիլյան Քառօրյա պատերազմում հերոսաբար զոհվեցին Ռոբերտ Ալեքսանդրի Աբաջյանը, Արամ Արայիկի Աբրահամյանը, Հրաչյա Վարդանի Գալստյանը և ուրիշեր… ,- հետո դադար տվեց ու շարունակեց,-Մա՜ր, էնքան կուզեի՝ պատմության գրքում հերոսների անուններ թվարկեն,  ու թվարկածների մեջ իմ անունն էլ լինի։ Երանի էդ օրը գա…

– Մամիկոն, լավ էլի, սու´ս մնա, դաս եմ լսում,-ասացի ես՝ մի փոքր կոպիտ ձայնով։

2020թ. սեպտեմբերի 27

«Տեսնես Մամիկոնը ոնց ա, Մարտունիում էլ են թեժ մարտեր, ավելի լավ ա՝ չզանգեմ. շատ վտանգավոր ա»,- շարունակ մտածում էի ես։

2020թ. հոկտեմբերի 19

Չարաբաստիկ զանգը հնչեց, վերցրի. լացի ձայն էր։

-Խը… խփեցին… Մամիկոնին խփեցին…

«Էնքան կուզեի՝ պատմության  գրքում հերոսների անուններ թվարկեն,  ու թվարկածների մեջ իմ անունն էլ լինի»… Երանի չլսեի այս խոսքերդ, երանի չճանաչեի քեզ, չճանաչեի, որ կորուստիդ ցավը տանելի լիներ, երանի չտեսնեի դիակդ, երանի չտեսնեի մորդ ողբը։

Նստած եմ պատուհանի մոտ, նայում եմ ուղիղ դիմացս. երկնքի կապտաթույր երանգի խորքում կիսադեմդ եմ տեսնում. այնքա՜ն խորհրդավոր է, հայացքիդ մեջ անբացատրելի լրջություն կա, աչքերիդ մեջ՝ հերոսի հայացք… Հայացքդ դեռ ոչինչ, բայց ձայնդ այնքա՜ն իրական է, այնքա՜ն կենդանի. «Էնքան կուզեի՝ պատմության գրքում հերոսների անուններ թվարկեն, ու թվարկածների մեջ իմ անունն էլ լինի։ Երանի էդ օրը գա» …

Սարսուռ անցավ մարմնովս, ափերովս ծածկեցի երեսս. ոչ… ոչ դեմքս շոյող աստղափաթիլների անփույթ առատությունից, այլ այն սաստող ու միամիտ ձայնիցդ, որը սուր լռության մեջ ուզում է լռեցնել բութ աղմուկը, որ նորից, կրկին ու անընդհատ լսեմ «Էնքան կուզեի պատմության գրքում հերոսների անուններ թվարկեն, ու թվարկածների մեջ…»

Չկան բառեր, միայն թանաքով պատված խզբզանքներ են, որոնք տառերի խղճուկ կույտի են վերածվել ու դադարել են իմաստ արտահայտել։ Անիմաստության մեջ փորձում եմ իմաստ գտնել, իմաստի մեջ՝ քեզ գրելու պատճառ։ Գրում եմ ՝ հասկանալով, որ չես կարդալու։ Ուզում եմ իմանաս, որ  թաղմանդ օրը հողը ճաքել էր հպարտությունից , ճաքել էր, որ քո պես հերոսի է գրկելու, հողը գիտեր քեզ, հողը լսել էր խոսքերդ.«Էնքան կուզեի պատմության գրքում հերոսների անուններ թվարկեն , ու թվարկածների մեջ իմ անունն էլ լինի։ Երանի էդ օրը գա…»

Պետք էր շշուկով խոսեիր, որ քեզ չտաներ, որ քեզ լսեր։ Հողին դուր եկան քո խոսքերը…

Իմ՝ ողջերի մեջ ամենաիրական և իրականների մեջ ամենաուրվական ընկեր, ես ծրարում եմ այս ճերմակ թղթի անաղարտության մեջ լցրած թանաքի խզբզոցները և խնդրում եմ քեզ ընթերցել ոչ թե գրվածը, այլ՝ չգրվածը, որովհետև չգրածիս համար բառեր չգտա, որովհետև չգրածիս համար չկարողացա զգացածս ամբողջությամբ հանդերձավորել։Պարզապես իմացիր՝ դու հավերժ ներկա ես, դու հավերժ պատմության գրքի բոլոր էջերի հերոսն ես։

Անունդ թողեցիր պատմության գրքում ու ինքդ էլ պատմություն դարձար…

Մարիամ Հարությունյան

2-րդ կուրս

Կիսվել