Ինչպես են ֆեյքերը գրավում աշխարհը

Ինչպես են ֆեյքերը գրավում աշխարհը

910

Թվում է, թե գլոբալ աշխարհում ամեն ինչ ստուգված է և կիսաթափանցիկ: Երկաթե վարագույրներ չկան: Սպառողները հնարավորություն ունեն համեմատել տարբեր աղբյուրներից ստացված տեղեկատվությունը և կատարել իրենց եզրակացությունները: Եվ այս ամբողջ գլոբալ գործընթացների ֆոնին կեղծ լուրերը ծաղկում են:

Այս ամենը սկսվեց այն ժամանակ, երբ վիրտուալ միջավայրը սահմանեց լրատվամիջոցների հրապարակումների գնահատման նոր չափանիշներ՝ դրանք բովանդակության որակից տեղափոխելով դեպի նորությունն առաջինը հայտնելու անհրաժեշտությունը։ Սոցիալական ցանցերը, ապահովելով տարբեր էջերի ու օգտատերերի միջոցով լայն տարածում, նորությունը հայտնելու արագությունը ավանդական մեկ օրից հասցրին ժամերի և որոշ դեպքերում՝ նույնիսկ րոպեների։

Ըստ որոշ ուսումնասիրողների՝ թեև լրատվական տեղեկատվության հիմնական գործառույթը իրադարձության կամ երևույթի մասին տեղեկացնելն է, այնուամենայնիվ, կեղծ լուրերն այլընտրանքային ժանր են ձևավորում, երբ լրագրային ժանրերի ընդունված տարբերակները ենթարկվում են էական փոփոխությունների:

Տեղեկատվական ոլորտում կեղծ լուրերի հաջող գործունեությունը բացատրվում է մի շարք գործոններով, որոնցից մեկը վստահության պակասն է լրատվամիջոցների, պետական մարմինների և բնակչության մեծ մասի միջև:

Այսօր կեղծ լուրերը սովորական երևույթ են: Դրանք գոյություն են ունեցել տարբեր ժամանակներում և ամենուր, բայց գլոբալացման դարաշրջանում է, որ տեղեկատվությունն ամեն օր ավելի ու ավելի է դժվարանում կարգավորել և վերահսկել: Դա պայմանավորված է բազմաթիվ գործոններով՝ լրատվամիջոցների արդիականացում, հաղորդակցության մեջ տեխնոլոգիայի օգտագործում և այլն:

Նորությունների անընդհատ և ամենուր հասանելիությունը ստեղծում է «շրջապատող» լուրեր, որոնք անընդհատ ուղեկցում են անհատին, նույնիսկ եթե նա չի փնտրում դրանք։ Այս երևույթը լսարանի շրջանում ձևավորում է իրավիճակ, երբ մարդիկ հավատում են, որ իրենք, առանց նորություններին ակտիվորեն հետևելու, տեղեկացված են հանրային կարևորություն ունեցող խնդիրներին՝ համացանցի, առցանց ընկերների միջոցով։ Սրանով սոցիալական ցանցը դառնում է նորությունների ստացման հիմնական կամ միակ աղբյուր՝ նվազեցնելով կամ բացառելով այլ աղբյուրներ փնտրելու ցանկությունը:

Մարդը հոգեբանորեն պատրաստ է սպառել կեղծ տեղեկատվությունը, եթե դա համապատասխանում է իր գաղափարական նախասիրություններին կամ առօրյա պատկերացումներին: Օրինակ՝ լիբերալ հայացքների կողմնակիցը ավելի շատ կհավանի մի հոդված, որում խոսվում է մարդու իրավունքների խախտումների մասին, իսկ պահպանողականը՝ հավատացյալների զգացմունքները վիրավորելու մասին:

Կեղծ լուրերի հայտնի ստեղծող Միլե Գրնկարովը խոսել է կեղծ տեղեկատվություն ստեղծելու պարզության և այն բացահայտելու ծայրահեղ դժվարության մասին.

«Շատ կեղծ լուրեր գրում են հասարակ մարդիկ: Նրանք նստում են իրենց համակարգիչների մոտ՝ սովորելով մի պարզ բանաձև. սկանդալային վերնագիր գումարած կեղծ տեղեկատվությունը հավասար է շահույթի: Մի բան հաստատ է. կեղծ լուրերը շատ ավելի հեշտ է գրել և տարածել, քան հայտնաբերել և բացահայտել»:

Առաջին հայացքից կեղծ լուրերը ունեն հավաստի նորությունների նման կառուցվածք (աղմկահարույց, հետաքրքրող վերնագիր, հիմնական նյութ, եզրակացություն): Սակայն, կարող ենք առանձնացնել կեղծ լուրի մի քանի հիմնական հատկանիշներ.

             1. Կեղծ լուրերի հիմնական հարթակներն են ավանդական մեդիան, ինչպես նաև սոցիալական և այլ տեղեկատվական կայքերը։

             2. Հաճախ կեղծ լուրերը հայտնվում են այնպիսի լրատվական կայքերում, որոնք ստեղծվել են հենց այդ նպատակով, և դրանց հիմնական գործառույթը ապատեղեկատվության տարածումն է։

             3. Մանիպուլյատիվ բովանդակություն ունեցող լուրերի բնութագրիչներից կարող են համարվել կիսաճշմարտությունը, կեղծ համատեքստը, վերնագրի անհամապատասխանությունը տեքստի բովանդակությանը, թվերի խեղաթյուրումը և այլն։

             4. Կեղծ լուրերի ցուցիչներից են չափազանց հուզական ձևակերպումները, սկզբնաղբյուրի բացակայությունը, անհավատալի, սենսացիոն վերնագրերի առկայությունը, տրամաբանորեն միմյանց չառնչվող իրադարձությունների միջև արհեստական կապ ստեղծելը, ականատեսների վկայությունները, որոնք անհնար է ստուգել, և այլն:

Կարելի է ասել, որ այսօր գոյություն չունի կեղծ լուրերի մեկ հստակ սահմանում: Գոյություն ունեն տեսության տարբեր դպրոցներ և մոտեցումներ՝ կախված տարբեր գործոններից՝ կեղծ լուրերի բաշխման ուղիներ, նպատակներ, հակաքայլեր և այլն: Սակայն ընդհանրացնելով բոլոր վերլուծությունները՝ կարելի է ասել, որ կեղծ լուրը տեղեկատվության տեսակ է, որի միջոցով տարածվում են ոչ ճշգրիտ, չստուգված, իրականությանը չհամապատասխանող նորություններ՝ մարդկանց մոլորեցնելու, մտածողությունը փոխելու, ցանկալի կարծիք կամ արձագանք ձևավորելու նպատակով: Նմանատիպ լուրերը կարող են կիրառվել տարբեր կառույցներին, քաղաքական կամ այլ անձանց, սոցիալական տարբեր խմբերին և նրանց հեղինակությանը վնաս հասցնելու, ինչպես նաև տվյալ հասարակությունում ոչ միանշանակ ընկալվող և համեմատաբար նորարար գաղափարների իրականացմանը խոչընդոտելու նպատակով։

Սրբուհի Հակոբյան

4-րդ կուրս

Կիսվել