‹‹ՄԱՆԿԱԿԱՆ ԳԻՐՔԸ ՊԻՏԻ ԹԱՐԳՄԱՆԻՉ ՉՈՒՆԵՆԱ, ԵՐԵԽԱՆ ԻՆՔԸ ՊԻՏԻ ԼԻՆԻ ԳՐՔԻ ԹԱՐԳՄԱՆԻՉԸ››. ՀՈԳԵԲԱՆ...

‹‹ՄԱՆԿԱԿԱՆ ԳԻՐՔԸ ՊԻՏԻ ԹԱՐԳՄԱՆԻՉ ՉՈՒՆԵՆԱ, ԵՐԵԽԱՆ ԻՆՔԸ ՊԻՏԻ ԼԻՆԻ ԳՐՔԻ ԹԱՐԳՄԱՆԻՉԸ››. ՀՈԳԵԲԱՆ ՌՈՒԲԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ

1807

Ասում են` մանկական գրքերի շնորհիվ են երեխաներն իմանում ամենապարզ ճշմարտությունները, ինչպես օրինակ  ‹‹Փոքրիկն ու Կարլսոնը›› գրքի շնորհիվ սերտում են կյանքում ամենակարևորը` եթե ունես լավագույն ընկեր` չի կարելի նրան լքել: Կարելի է ասել` նախքան մեծ կյանք մտնելն ու իմացած ճշմարտությունները գործնականում կիրառելը, փոքրերի անդավաճան ընկերներն են համարվում մանկական գրքերը, հետևաբար շատ ուշադիր պիտի լինեն ծնողներն իրենց երեխաներին օգտակար ու պարզ բովանդակությամբ գրքեր ընտրելիս:

Հոգեբան Ռուբեն Պողոսյանն այն  կարծիքին է, որ պիտի թույլ տաս երեխային անձամբ  ծանոթանալու և բովանդակությունն իր երևակայության շնորհիվ պատկերացնելու համար. ‹‹Երեխան, երբ կարդում է, նայում է գիրքը, տողերի արանքում սկսում է երևակայել` ինչ է թաքնված. սա շատ մեծ բան է, հսկայական: Գիրքը նաև հենց այդպես է սկսել զարգացնել մարդու հոգեկան աշխարհը, որն էլ դառնում է հիմք հոգևորի: Ես կարծում եմ, որ ոչ մի դեպքում, գիրքը պիտի չդառնա երեխայի համար պատժամիջոց››:

Այսօր կան մի շարք հրատարակչություններ, որոնք  աշխատում են մանկական գրքերի ստեղծման, գունազարդման, պատկերավորման վրա: ‹‹Արևիկ›› հրատակչության տնօրեն Սաբեթ Հովհաննիսյանը մեծ ուրախությամբ է նշում այն հանգամանքը, որ մանկական գրքերը սպառման խնդիր չունեն. ‹‹Մեծ շարժ եմ նկատում թե´ մեծահասակների, թե´ փոքրերի համար նախատեսված գրքերի նկատմամբ: Կարծում եմ`  որքան էլ շատ լինի տեսականին մանկական գրքերի, ծնողները պիտի գումար չխնայեն իրենց երեխաներին դրանք գնելու համար››:

Փորձելով հասկանալ, թե որքանով են հետաքրքված երեխաների ծնողները մանկական գրքեր գնելու հարցում,  այցելեցինք առաջին իսկ պատահած գրախանութն ու պարզեցինք, որ մանկական գրքեր գնելիս ծնողներից շատերն անգամ հենց իրենց երեխաների հետ են գալիս մերօրյա բազմազանության մեջ ընտրություն կատարելու համար. ‹‹Մեզ մոտ շուտ են սպառվում մանկական գրքերը: Մենք գրախանութում  ունենք նաև ‹‹Հեքիաթի ժամ››  ծրագիրը,  որին ամեն շաբաթ հյուրընկալվում են մեր փոքրիկները և լսում հեքիաթներ, որոնք հետո միասին քննարկում ենք››: Չնայած այս կարծիքներին,  նույնը չենք կարող ասել ծնողների պարագայում, նրանք  փաստում են `գրքերի շապիկները գերում են, իսկ բովանդակությունը հիասթափեցնում. ‹‹Շատ խաբուսիկ են հիմա մանկական գրքերը. նայում ես, աչքդ շոյում է, հետաքրքրությունդ շարժում, բայց արդյունքում ոչ թե պարզ, այլ պարզամիտ բովանդակություն է, որը կոնկրետ իմ երեխային չի գրավում, ինչը ինձ մտահոգվելու և մտածելու առիթ է տալիս››: Երեխաներից մեկի տատիկն էլ անկեղծացավ, որ իր թոռնիկի համար հեքիաթներ կարդում է սեփական գրադարանից ընտրված գրքերով. ‹‹Ճիշտն ասած, այժմյան գրքերի մեջ արժեք չկա, միայն գունային գաման է հրապուրիչ, բայց այդպես երեխան ոչինչ չի սովորում, մեր ժամանակ ուրիշ էր, ես նախապատվությունս տալիս եմ մեր հին հեքիաթներին››:

Հոգեբան Ռուբեն Պողոսյանի դիտարկմամբ խնդիրը նրանում է, որ պետք է թույլ չտալ գրքերն ամբողությամբ գունազարդել, քանի որ նման կերպ երեխան չի կարող ստեղծել  իր սեփական երևակայական աշխարհը. ‹‹Միշտ նկարազարդումները պիտի լինեն մասամբ, ոչ  թե ամբողջովին պատումը նկարազարդվի, մյուս մասը երեխան ինքր պիտի պատկերացնի. իրեն տրված է այդ ներուժը: Հավատացեք` երեխան իր անգիտակցական մակարդակով ամենաիմաստունն է մեզանից››:

Պիտի նկատենք նաև այն հանգամանքը, որ դասական հեղինակների գործերը շատ ավելի են սպառվում, քան մերօրյա մանկագիրներինը. պատճառը, թերևս, ծնողների հետ զրույցից, պարզ դարձավ` բովանդակությունն է: Բոլոր ծնողները  համակարծիք էին այն հարցում, որ Թումանյանի հեքիաթները միշտ արդիական են մնում երեխաների համար բոլոր ժամանակներում: ‹‹Արևիկ›› հրատարակչության տնօրենի հետ պարզեցինք, որ իրենք նույնպես նախընտրում են ավելի շատ դասական գրողների աշխատանքները հրատարակել քան ժամանակակիցներինը. ‹‹ Իհարկե, մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի նորօրյա հեղինակների աշխատանքները կյանքի կոչենք, բայց, անկեղծ ասած, ամեն անգամ մտավախություն ունենք` ինչ ճակատագրի կարժանանա գիրքը››:

Իսկ թե խնդրի ի՞նչ լուծում են տեսնում այս հարցին հենց իրենք` մանկագիրները, զրուցեցինք Երազիկ Գրիգորյանի հետ, ով, առաջնային կարևորեց  երեխաների հետ հանդիպումներ կազմակերպելն ու իրենց գրքի հետ ծանոթացնելը. ‹‹Ես, առհասարակ, հեքիաթը շատ բարդ ժանր եմ համարում, բայց ի ուրախություն ինձ, պիտի համեստորեն ասեմ, որ իմ հեքիաթները սիրվեցին երեխաների կողմից: Երբեմն պատահում է, որ գիրքս տեսնում եմ մեծահասակների ձեռքում նույնպես, ինչը ուրախալի փաստ եմ համարում, քանի որ մտածում եմ` ինչ լավ է դեռ մանուկը այդ մարդու մեջ կա››: Մանկագրի համոզմամբ հեքիաթ գրելիս պարտադիր պիտի ազնիվ հոգի ունենալ. ‹‹Երբ նստում եմ հեքիաթ գրելու, կամ, այլ կերպ ասած, երբ ինձ հեքիաթն է կանչում, փորձում եմ առավելապես ազնիվ լինել իմ գրած ցանկացած տողում: Պիտի ոչինչ քեզնից չհնարես, այդ է պատճառը, որ սպասում եմ հեքիաթն ինքն իր ոտքով գա ինձ մոտ և ես էլ իմ գեղագիտությամբ, ճաշակով դա մատուցեմ››:

Փաստ է, որ մանուկների  համար այս աշխարհում ամեն ինչ նոր է և իրենք այդ աշխարհին հաղորդակից են դառնում գրքերի շնորհիվ, որոնց սյուժեններն էլ իրենց հերթին պիտի լինեն արագ զարգացումներով, որ երեխան չձանձրանա, քանի որ երեխայի ուշադրությունը ամեն պահ կարող է մի նոր բան գրավել, դրա հետ մեկտեղ գրողները պիտի հաշվի առնեն երեխայի տարիքային առանձնահատկությունները:

Հոգեբան Ռուբեն Պողոսյանը մեծ ցավով է նշում, որ մենք այսօր չունենք այնպիսի մանկագիրներ, ովքեր համընթաց են քայլում երեխայի տարիքային զարգացման փուլերի հետ. ‹‹Չունենք, չկան այդպիսիք: Գիտեք, գիրքը շատ կոնկրետ երևույթ է, այն պիտի թարգմանիչ չունենա, իսկ մեր օրերում հեքիաթներ կարդալիս, օրինակ 2-3 տարեկան երեխայի համար ծնողները սկսում են իրենց հասկացածի չափով բացատրել երեխային բովանդակային առանձնահատկությունները. այդպես պիտի չլինի: Նորից եմ կրկնում մանկական գիրքը պիտի թարգմանիչ չունենա, երեխան ինքը պիտի լինի գրքի թարգմանիչը, այլապես կարող ենք ասել, որ գրողն իր գործը տապալել է››:

Ինչևէ, իզուր չեն ասում` փորձված թանը անփորձ մածունի հետ չես փոխի: Մեր ծնողներն այս կարգախոսով են առաջնորդվում մանկական գրքեր ընտրելիս, քանի որ, ինչպես հասկացանք, նախապատվությունը տալիս են մեր դասական գրողների աշխատանքներին:

 

Լիլիանա Օսիպյան

4-րդ կուրս

Կիսվել