ՈՉ ԲԱՎԱՐԱՐ, ԲԱՅՑ ԴԻՆԱՄԻԿ ԱՃ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ. ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ՝ ՏՈՒՐԻԶՄԻ ՄԱՍԻՆ

ՈՉ ԲԱՎԱՐԱՐ, ԲԱՅՑ ԴԻՆԱՄԻԿ ԱՃ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ. ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ՝ ՏՈՒՐԻԶՄԻ ՄԱՍԻՆ

1797

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը խոսում է Հայաստանի զբոսաշրջության նոր հնարավորությունների, զարգացման հիմնական խոչընդոտների մասին, ինչպես նաև ներկայացնում հաջորդ տարվա սպասելիքները.

Այս տարի զբոսաշրջիկների համար հյուրանոցների և այլ ենթակառուցվածքների մասով ի՞նչ նորություններ կան Հայաստանում:

– Այս տարի մեզ մոտ մի շարք հյուրանոցներ են ավելացել, իսկ, ընդհանուր առմամբ, տուրիզմի մեջ բոլորին հետաքրքրող ենթակառուցվածքների հարցին եթե վերադառնանք, սա մի փոքր նման է հավի և ձվի պատմությանը. պետք է լինի ենթակառուցվածք, որպեսզի տուրիստը գա և պետք է լինի տուրիստ, որպեսզի ենթակառուցվածք լինի: Վերադառնալով տնտեսագիտությանը՝ միանշանակ կարող ենք փաստել, որ շուկան կբերի նրան, որ ենթակառուցվածքները կզարգանան: Մենք գտնում ենք, որ կրկին ոչ բավարար, բայց ինչ-որ չափով դինամիկ աճ կա ենթակառուցվածքների զարգացման առումով, ունենք նոր բացված հյուրանոցներ, նոր տուրարտադրանքներ: Զբոսաշրջության մեջ զարգանում են ինչ-որ ճյուղեր, որոնք մեր կողմից երբևէ պլանավորված չեն եղել: Ինձ համար ամենաանսպասելին սարերից պարապլանային թռիչքներ իրականացնելու այցերն են, մի շարք խմբեր Ռուսաստանից և այլ երկրներից գալիս են Հայաստան հատուկ այդ նպատակով: Սա մի փոքր գործընթաց է, որին պետությունը հատուկ ուշադրություն չի դարձրել: Սա ինչ-որ մի ճյուղ էր, որն անսպասելիորեն սկսեց զարգանալ:

Արտասահմանցիների համար Հայաստանին ամենաբնորոշը բրենդը ի՞նչը կհամարեք:

-Այս տարի Ազգային մրցունակության հիմնադրամը և USAID-ն միասին պատվեր տվեցին մի ամերիկյան կազմակերպության, որպեսզի մշակվի Հայաստանի բրենդը: Աշխատանքները շարունակվում են, շուտով պետք է ամփոփվեն, և ես կարծում եմ, որ հաջորդ տարվա սկզբներին մենք կունենանք միջազգայնորեն սահմանված հայկական բրենդ: Դրա շրջանակներում անցկացվել է շուրջ 3000 հարցազրույց տարբեր խավերի մարդկանց հետ: Հիմա ուսումնասիրողները կանգնել են Արարատի, նռան և ծիրանի վրա, բայց որոշումը դեռ վերջնական չէ:

Իսկ զբոսաշրջիկների քանակական տվյալներով ինչպիսի՞ պատկեր է ստացվում:

-Քանի որ Հայաստանի ճանապարհը հիմնականում ավիափոխադրումներով է, դա նպաստում է նաև դրանց աճին: Մենք ունենք նաև զբոսաշրջիկների աճ: Այս տարի դեռ թվերը վերջնական չեն, բայց սեպտեմբերի դրությամբ մենք նախորդ տարվա նկատմամբ ունենք 15 տոկոս աճ: Մինչև տարվա վերջ այդ թիվը էլի կաճի, բայց 15-20 տոկոս աճ կանխատեսում ենք:

Տարվա ընթացքում կա՞ն ինչոր իրադարձություններ, որոնք գրավում են զբոսաշրջիկին:

-Իհարկե, մենք ունենք մի շարք փառատոներ, օրինակ՝ գինու փառատոնը, որն Արենիում անցկացվում է արդեն 6-րդ տարին, ունենք խորովածի, մեղրի, հացի և այլ փառատոներ: Այս պահին բանակցություններ են տարվում նաև Արցախի հետ համատեղ փառատոններ կազմակերպելու մասով, 2017 թվականի նոր բաներ ևս կունենանք:

 

Ամալյա Ղալաջյան

4-րդ կուրս

Կիսվել