Գինեգործությունը և էնոտուրիզմը Հայաստանում

Գինեգործությունը և էնոտուրիզմը Հայաստանում

1652

Հին ժամանակներում այս խմիչքը համարվում էր աստվածների պարգև։ Շնորհիվ «աստվածային ծագման» դեղագործները այն օգտագործում էին դեղագիտության մեջ։ Չարլզ արքայազնի 1969 թվականի մեքենան աշխատում էր հենց խմիչքի այս տեսակից պատրաստված «բիո» վառելիքով։ Շատերդ հասկացաք, որ խոսքը առաջին ալկոհոլային խմիչքի՝ գինու մասին է։ Աստվածաշնչյան լեգենդը պատմում է, որ մարդկությունը գինու համը բացահայտեց այն ժամանակ, երբ Նոյ նահապետը ջրհեղեղից հետո Արարատ լեռան ստորոտին տնկեց խաղողի առաջին որթը։ Այսպիսով, շատերը գինու հայրենիքը համարում են Հայաստանը։ Հայկական գինեգործության և գինու տուրիզմի մասին զրուցել եմ գինեգործ, գինեգործների միության անդամ Լենա Հակոբյանի հետ։

Տիկին Հակոբյան, ի՞նչ կասեք հայկական գինեգործության մասին, ե՞րբ է այն Հայաստանում ի հայտ եկել և ո՞ր շրջաններում է այն զարգացած։

-Գինեգործությունը Հայաստանում սկիզբ է առել դեռևս 6000 տարի առաջ:  2010-2011 թթ. Արենի գյուղի մոտ կատարված պեղումների ընթացքում։ Հնագետները հայտնաբերել են խաղողի տրորման, խմորման և պահպանման համար նախատեսված կավե անոթներ, խաղողի կորիզներ։ Ինձ թվում է՝ սա բավական է, որ ենթադրենք՝ Հայաստանում գինի են պատրաստել ավելի քան 6000 տարի առաջ: Առհասարակ, գինին հայկական եկեղեցում բոլոր ծեսերի հիմնական բաղադրամասն է, այն ընկալվում է որպես Քրիստոսի արյուն։ Հայերը դեռևս հին ժամանակներից սովորություն են ունեցել օրհնել խաղողը, որից հետո միայն խաղողը դարձել է գինի:

Հայաստանի խաղողագործական շրջաններ են` Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի, Տավուշի մարզերը և Արցախը: Ըստ վիճակագրական տվյալների Հայաստանում խաղողի այգիների ընդհանուր տարածքը կազմում է 17.000  հեկտարից ավելի։ Ցավոք պիտի նշեմ, որ հայկական խաղողի մի շարք սորտեր այսօր համարվում են վերացած, իսկ մի քանիսը գտնվում են ոչնչացման եզրին։ Սակայն այժմ վերականգնման աշխատանքներ են տարվում: Հայկական խաղողի սորտերից են՝ Արենի, Կախեթ, Ոսկեհատ, Բանանց, Լալվարի, Խնդողնի, Թոզոտ և այլն։

-Որո՞նք են գինու տեսակները և ի՞նչ առանձնահատկություններ ունեն դրանք։

 -Գինիները լինում են կարմիր, վարդագույն, սպիտակ։ Դրանք բաժանվում են նաև կիսաքաղցր, կիսաչոր և չոր տեսակների։ Նման բաժանումը պայմանավորված է շաքարայնության տոկոսով։ Գինիները լինում են նաև բնական և հատուկ։ Բնական են այն գինիները, որոնք ստացվում են թարմ խաղողից՝ խմորման արդյունքում, առանց սպիրտի ավելացման։ Հատուկ գինիների պատրաստման դեպքում թնդեցումը, այսինքն սպիրտի ավելացումը պարտադիր է։ Սրանք կարող են լինել բուրավետացված՝ հաճելի բուրավետ համեմունքների ստացումը նարինջի կամ կիտրոնի կեղևով։

Հայտնի է, որ յուրաքանչյուր ուտեստի հետ համապատասխան գինի է մատուցվում։ Կնշե՞ք՝ տարբեր տեսակի գինիները ինչ ուտելիքերի հետ են համադրվում։

-Ծանր սննդի հետ ընդունված է մատուցել թունդ գինի, եթե գինին մի քիչ քաղցր է կամ թթու, ապա այն համադրվում է քաղցր և թթու ուտելիքի հետ։ Կիսաքաղցր, կիսաչոր գինիները համարվում են դեսերտային։ Մսային ուտելիքների հետ ընդունված է կարմիր գինի մատուցել, ձկան և թռչնամսի հետ՝ սպիտակ գինի։ Վարդագույն գինին սառն են մատուցում, այն համարվում է ամառային, խմիչք։

Գաստրոնոմիական տուրիզմը Հայաստանում նոր զարգացող ուղղություն է, ի՞նչ կասեք մասնավորապես գինու տուրիզմի մասին։

-Գաստրոնոմիական տուրիզմը ժամանակակից և շատ հեռանկարային ուղղություն է զբոսաշրջության մեջ։ Շատ զբոսաշրջիկներ պատրաստ են կտրել հազարավոր կիլոմետրեր, որպեսզի փորձեն այլ երկրի խոհանոցը և դրա միջոցով մերձենան օտար մշակույթներին: Գաստրոնոմիական տուրիզմի միջոցով սնունդը և խմիչքը դիտարկվում եմ որպես զբոսաշրջիկներին գրավելու, հետաքրքրելու միջոց: Գաստրոնոմիական տուրիզմը ներկայումս շատ զարգացած ճյուղ է։ Հիմնական նպատակն է ծանոթանալու օտար մշակույթին, խոհանոցին, նաև ձեռք բերել նոր գիտելիքներ այդ ոլորտում: Էնոտուրիզմը առաջացել է 1970-ականներին Կալիֆորնիայում։ Այն ներկայումս համարվում է աշխարհում տուրարդյունաբերության զարգացող ճյուղ: Այն նաև համարվում է  Հայաստանի տնտեսության առավել զարգացող ոլորտներից մեկը։ Սա տուրիզմի տեսակ է, որի նպատակն է փորձել և գնել տարբեր գինիներ։ Տուրիզմի այս տեսակը ենթադրում է այցելություններ գինեգործարաններ, խաղողի այգիներ, մառաններ, ռեստորաններ։ Զբոսաշրջիկները հնարավորություն են ստանում հետևելու գինու ստացման գործընթացին,  ծանոթանալու տուրիզմի այս տեսակի առաջացման պատմությանը։ Գինու զբոսաշրջությունը անշուշտ աճում է այսօր Հայաստանում։

-Ինչպես ցանկացած զարգացող ոլորտ, էնոտուրիզմը ևս Հայաստանում ունի զարգացման խոչընդոտներ, որո՞նք են այդ խնդիրները, և ի՞նչ լուծումներ կառաջարկեք։

-Մեր երկրում գինու տուրիզմի զարգացմանը խոչընդոտում են գինեգործական բազմաթիվ խնդիրները, երկրի ներքին ու արտաքին քաղաքական դրությունը, զբոսաշրջության բնագավառում ներդրումային ծրագրերի սակավությունը։ Հայաստանը միջազգային զբոսաշրջային հարթակ հանելու դժվարությունները։ Անհրաժեշտ է գինեգործական բազում փառատոններ կազմակերպել։

Հայաստանը արտասահմանյան հասարակության լայն շրջանների համար դեռևս շարունակում է մնալ տուրիստական գրավչությունից զուրկ երկիր։ Սակայն մեր երկիրը ունի բոլոր նախադրյալները զարգացած տուրիզմ ունենալու համար։ Իմ կարծիքով անհրաժեշտ է ամենուրեք ճիշտ ձևով գովազդել։

Անի Տոնոյան

4-րդ կուրս

Կիսվել