Ձեռքերը կերտում են «մարմնի» լեզուն

Ձեռքերը կերտում են «մարմնի» լեզուն

2045


Ասում են՝ ժեստերն ավելի բովանդակալից են, քան բառերը։ Օտար լեզուների ոչ լավ իմացությունը, ասելիքը հիմնավորելու անհրաժեշտությունը շատ հաճախ ստիպում են դիմել հաղորդակցման ժեստային տարբերակին։ Տարբեր ժողովուրդների մշակույթներում միևնույն ժեստերը տարբեր, երբեմն էլ հակառակ նշանակություն ունեն, իսկ դրանց իմաստին չտիրապետելը կարող է անախորժությունների մեջ գցել յուրաքանչյուրիս։

Մանչեստրի գիտատեխնիկական համալսարանի երևանցի ուսանող Արմանը ասում է, որ ինքը շատ զգուշավոր է ժեստերի հարցում, և հավելում է.

-Երբ Բրիտանիայում ես, պիտի զգույշ լինես ժեստերի օգտագործման մեջ։ Բրիտանական գրեթե բոլոր օդանավակայաններում փակցված է այս զգուշացումը՝ ձեր ժեստերը կարող են ձեզ անհարմար դրության մեջ դնել։

Ահա մի քանի տարածված ժեստեր, որոնք ձեռքի օգնությամբ են կատարվում, և տարբեր երկրներում ունեն տարբեր նշանակություն։

V-ն հիմնականում նշանակում է հաղթանակ, բայց եթե այն ուղղված է դեպի զրուցակիցը ափի մասով, ապա նշանակում է ձայնդ կտրիր։

OK-ի ժեստը բացատրվում է որպես ամեն ինչ կարգին է, սակայն Հունաստանում և Թուրքիայում այն համարվում է գռեհիկ, կամ համասեռամոլ լինելու ակնարկ է։ Ճապոնիայում այն գումար է, Ֆրանսիայում և Բելգիայում դատարկություն, Բրազիլիայում խոսքի լարվածության մասին է վկայում, Քուվեյթում չար աչք է, իսկ Թունիսում մահ է խորհրդանշում։

Միջնամատ անվայել ժեստը ամենահին ժեստերից է, որն օգտագործել են անգամ կապիկները։ Ի հակադրություն այս ժեստի տարածված բացասական նշանակությանը, ասիական երկրներում միջնամատով կարող են սովորական առարկա մատնանշել։

Dog call- սա ժեստ է, որի միջոցով ինչ-որ մեկը մյուսին կանչում է իր մոտ, հիմնականում վստահ կանայք են շատ օգտագործում։ Սակայն Ֆիլիպիններում, այս ժեստը օգտագործում են շներին կանչելու համար։ Այնտեղ այս ժեստի համար կարող են ձերբակալել կամ պատժել մատը կոտրելով, որպեսզի էլ երբեք նման բան չանեն։ Ճապոնիայում կոպիտ ժեստ է, իսկ Սինգապուրում մահվան նշան է։

Բութը վերև ժեստը համարվում է համաձայնության և հավանության ժեստ։ Սակայն Թայլանդում այս ժեստը դատապարտման և մեղադրանքի նշան է համարվում։ Իրանում ձեռքի այս շարժումը խիստ վիրավորական ակնարկ է, հավասար է միջնամատ ժեստին։

Բութը ներքև ժեստը ակնհայտորեն բութը վերև ժեստի հակառակ տարբերակն է։ Սա որևէ վատ բանի, որը դու չես արդարացնում, գնահատականն է։ Այն ցույց է տալիս նաև, որ ինչ-որ բան ձախողվել է կամ ինչ-որ մեկն է ձախողել։ Բութը ներքև նշանը չի օգտագործվում այնքան հաճախ, որքան բութը վերև նշանը։ Սա անհաջողությունը ցույց տալու շատ կոպիտ և տգեղ ձև է։

Հոգեբան Նունե Հակոբջանյանը նշում է, որ գոյություն  ունեն ձեռքերի միջոցով կատարվող հոգեբանական ժեստեր, որոնք օգնում են ավելի լավ հասկանալ զրուցակցին։

 -Ձեռքերի միջոցով կատարվող ժեստերը բավականին շատ են, օրինակ, երբ խոսելիս ձեռքերը մեջքի հետևում են, ուրեմն դիմացինը իշխող կեցվածք ունի, եթե դրանք դրված են գլխին, ուրեմն հետաքրքրասեր անձնավորություն է ձեր դիմաց։ Անկեղծանալու մասին են վկայում բաց և առաջ պարզած ձեռքերը, սեղմված բռունցքները վկայում են ֆրուստրացիայի մասին, իսկ եթե ձեր դիմացինը ունի վստահ երևալու ցանկություն, նա միանգամից ձեռքերը դնում է գրպանում։

Ժեստերի լեզվին տիրապետող մարդիկ հնարավորություն ունեն դիմացինին բոլոր կողմերից բացահայտելու։ Մեզանից յուրաքանչյուրը օրվա ընթացքում բազում ժեստեր է օգտագործում, որոնք հստակ և հասկանալի են դարձնում մեր ասելիքը, բայց շատ անգամ մեր զրուցակցին օգնում են ավելի շատ էմոցիաներ տեսնել, քան մենք ցանկանում ենք ցույց տալ։

Անի Տոնոյան

4-րդ կուրս

Կիսվել