«Հայաստանը տեղեկատվական պատերազմում միշտ եղել է ոչ թե հարձակվողի, այլ վատ պաշտպանվողի...

«Հայաստանը տեղեկատվական պատերազմում միշտ եղել է ոչ թե հարձակվողի, այլ վատ պաշտպանվողի դերում». Նաիրի Հոխիկյան

1268

Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանի հետ խոսել ենք 2020թ. Արցախյան պատերազմի տեղեկատվական գործողությունների առանձնահատկությունների, հայկական կողմի բացթողումների, թշնամու տեղեկատվական քաղաքականության, առավելությունների ու հաջողության հասնելու պատճառների մասին:

-Մինչև ռազմական գործողությունների մեկնարկը, հակամարտող կողմերը իրար մեղադրում էին պատերազմ հրահրելու համար: Որո՞նք էին այն հիմնական թեզերը, որոնք առաջ էր տանում թշնամին:

-Դեռևս 2019-ի վերջից Ադրբեջանը անընդհատ սկսեց խոսել պատերազմով հակամարտությունը լուծելու մասին՝ նախևառաջ մեղադրելով ԵԱՀԿ Մինսկի խմբին անգործության համար։ Դրան գումարվեցին նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, թե բանակցային գործընթացը իրեն սպառել է, և ինքը ուզում է ամեն ինչ սկսել սեփական կետից։ Սա կարծես Հայաստանի և Ադրբեջանի կողմից համատեղ մտածված քայլ լիներ՝ պատերազմ սկսելու համար։

-Ինչպե՞ս է փոխվել թշնամու վարքագիծը՝ նախորդ տարիների տեղեկատվական պատերազմների համեմատ:

-Թշնամու վարքագիծը տեղեկատվական պատերազմում միշտ եղել է սադրիչ և սուտ տեղեկություններ տարածելու մակարդակում, ինչը շարունակվել է նաև 2020թ․ պատերազմի ժամանակ։ Թշնամին հիմնականում կիրառել է հարձակման տեղեկատվական հնարք՝ փորձելով կեղծիքով խեղաթյուրել ոչ միայն միջազգային, այլև հայ հանրության պատկերացումները։ 2020թ․ պատերազմի ժամանակ կիրառվեց տեղեկատվական պատերազմի ահաբեկչական տարբերակը, երբ նկարում էին դաժանաբար սպանվող հայերին և տարածում, որպեսզի սարսափ տարածվի հայ հանրության մեջ, և մարդիկ խուսափեն մարտադաշտ մեկնելուց։

-Պատերազմի առաջին օրը թշնամին արգելափակեց սոցցանցերը՝ բացառությամբ Twitter-ի, մեզ մոտ բավականին ուշ փակվեց միայն TikTok-ը: Ո՞ր տարբերակն է ճիշտ, ի՞նչ հետևանքներ է ունենում սոցցանցերի արգելափակումը:

-ՀՀ-ում և Արցախում պետք էր օր առաջ արգելափակել սոցիալական ցանցերը, որոնք պատերազմում հայկական կողմի ձախողման գլխավոր պատճառներից մեկն են։ Նախ, հայ հանրությունը սոցիալական ցանցերով հետևում էր իրադարձությունների զարգացմանը և միաժամանակ ստանում հիմնականում կեղծ տեղեկություններ, քանի որ ՀՀ իշխանությունը մի կողմից տեղեկատվական վակուում էր ստեղծել, մյուս կողմից բաց էր թողել ինտերնետը, ինչի շնորհիվ թշնամին լցնում էր իրեն հարմար տեղեկություններ։ Սա պատճառ դարձավ, որպեսզի մեծ թվով մարդիկ խուսափեն պատերազմից՝ դառնալով ադրբեջանական տեղեկատվական քարոզչության զոհ։

-Ինչու՞ էր թշնամին հիմնական պայքարը տանում Twitter-ում:

-Թշնամին Twitter-ը կիրառում էր արևմտյան լսարանի համար, իսկ հայկական լսարանի համար հենց Facebook-ն էր գործածում, բայց կոնկրետ ուղեղային և քարոզչական կենտրոնների կողմից։

-Տեղեկատվական պատերազմի ընթացքում ո՞ր ուղղություններում թշնամին հասավ առավելության և ինչու՞:

-Թշնամու հաջողության հիմնական գործոնը սարսափի տարածումն էր։ Նկարահանելով և ցույց տալով, թե ԱԹՍ-ների հարվածից ինչպես են զոհվում հայ զինվորները՝ թշնամին կարողացավ հայ հանրության մեջ ամրապնդել գիտակցում, թե մարդիկ գնում են ոչ թե կռվելու, այլ զոհվելու, հետևաբար պատերազմ գնալու իմաստ չկա։

Ադրբեջանը հաղթեց այս տեղեկատվական պատերազմում, քանի որ կարողացավ նախ լռեցնել կամ ապակողմնորոշել միջազգային հեղինակություն ունեցող լրատվամիջոցներին, ապա տարածել իրեն հարմար տեղեկություններ, մինչդեռ հայկական կողմը բավարարվել էր սեփական հանրությանը ապակողմնորոշելու կեղծ տեղեկություններով։

-Պատրա՞ստ էր արդյոք Հայաստանը այսպիսի մասշտաբի տեղեկատվական պատերազմի:

-Ցավոք, ՀՀ-ն երբեք հատուկ և պատշաճ ուշադրություն չի դարձրել տեղեկատվական պատերազմներին՝ բավարարվելով սեփական հանրությանը ոգևորելու որոշ աշխատանքներով, այնինչ և՛ միջազգային հանրության, և՛ թշնամու ուղղությամբ պետք է հետևողական և ծրագրված աշխատանք տարվեր տեղեկատվական դաշտում։

-Որո՞նք էին այն հիմնական բացթողումները, որ ունեցանք այս տեղեկատվական պատերազմում:

-Հայաստանը տեղեկատվական պատերազմում միշտ եղել է ոչ թե հարձակվողի, այլ վատ պաշտպանվողի դերում։ 2020թ․ պատերազմում ևս Հայաստանը նախահարձակ չէր լինում տեղեկությունները տարածելու, նաև, ինչու ոչ, թույլատրելի չափով կեղծիք տարածելու առումով։ Այսինքն, կեղծիք տարածվել է, սակայն ոչ թե թշնամու հանրության համար, այլ սեփական բնակչության՝ անիմաստ ստեր տարածելով, թե հաղթում ենք։ Տեղեկատվական պատերազմում այդ «հաղթելու ենք» կամ «հաղթում ենք» արտահայտությունը դարձավ աքիլեսյան գարշապար, քանի որ հայ հանրության թմբիրի մեջ գցեց։

-Ռազմական դրության ՀՀ օրենքը սահամանփակում է նաև լրատվամիջոցների աշխատանքը, սակայն վիճակագրությունը ցույց է տալիս, որ օրենքը բազմիցս խախտվել է պատերազմի ընթացքում: Ո՞րն է պատճառը: Ինչպե՞ս զերծ մնալ վնասակար բովանդակությունից:

-Ինչպես այլ ոլորտներում, այս դեպքում ևս ՀՀ իշխանությունը հետևողականորեն չվերահսկեց իր ընդունած որոշումների կատարումը։ Ռազմական դրությամբ պայմանավորված տեղեկատվության սահմանափակումը մեծ մասամբ խախտում էին հենց իշխանության ներկայացուցիչները՝ տարածելով այնպիսի տեղեկություն, ինչպես, օրինակ, վարչապետի որդու հայտնվելը առաջնագծում։ Ստեղծվում է տպավորություն, որ ՀՀ իշխանությունը այդ օրենքով նպատակ ուներ ոչ թե ապահովել տեղեկատվական անվտանգություն, այլ ընդամենը լռեցնել իր համար ոչ ցանկալի տեղեկությունների տարածումը։

-Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի Հայաստանը՝ տեղեկատվական դաշտը կայունացնելու և տեղեկատվական պատերազմներին դիմակայելու համար:

-Նախ՝ Հայաստանը պետք է ունենա ուղեղային կենտրոններ, որոնք կմշակեն տեղեկատվական պատերազմներում ճիշտ աշխատանք կատարելու հայեցակարգ։ Հակառակ դեպքում ինչ էլ անենք, լինելու է անհատական մակարդակում նվիրվածության աշխատանք, ինչը երբեք հստակ արդյունք չի տա։

Լիլիթ Մկրտչյան

4-րդ կուրս

Կիսվել