Ֆոտոլրագրության հեղինակավոր World Press Photo միջազգային մրցույթում «Գլխավոր ներություններ/ պատմություններ» անվանակարգում այս տարի հաղթող է ճանաչվել Վալերի Մելնիկովի «Կորսված դրախտ» ֆոտոշարքը։ РИА Новости-ի հատուկ թղթակցի աշխատանքը նվիրված էր Արցախյան պատերազմին։ Հարցազրույցում ֆոտոլրագրողը պատմել է իր մասնագիտության, Արցախում իր տեսածի և այնտեղ ստացած ֆոտոպատմության մասին։
-Ո՞վ է ֆոտոլրագրողը, ինչպիսի՞ն պետք է լինի նա. ինչպե՞ս վարվել:
-Ֆոտոլրագրողը նման է մատենագրի և դիտորդի՝ միայն թե արդյունքի համար պատասխանատվության շատ ավելի մեծ չափաբաժնով: Ընդհանուր առմամբ, լուսանկարիչը սովորաբար մեզ հիմնական տեղեկություններ չի տալիս տեքստերի միջոցով: Նրա ձայնը բարձր է լսվում, երբ մենք ավելի շատ նայում ենք, քան՝ կարդում: Ֆոտոլրագրողի համար ամենապահանջված պայմանը հաղորդակցելիությունն է՝ մարդկանց, տեղեկատվության աղբյուրների, պաշտոնատար անձանց հետ փոխհարաբերությունների կառուցման հմտությունը: Նա պետք է վստահություն ու հանգստություն ներշնչի, կարողանա շահել զրուցակցի ուշադրությունը: Ցանկացած պայմաններում խնդրին կամ հրաման կատարելուն պատրաստ լինելու ունակությունը ևս կարևոր է՝ անկախ արտաքին գործոններից կամ անձնական պատճառներից:
-Դուք զինված հակամարտություններ լուսաբանելու լավ փորձ ունեք: Ինչո՞վ էին ձեր տեսած պատերազմները տարբերվում Արցախյանից:
-Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուսաբանումը նման իրավիճակներում աշխատելու իմ առաջին փորձը չէր: Դրանից առաջ, ավելի քան հինգ տարի, ես փաստագրում էի Ուկրաինայի հարավ-արևելքում՝ Դոնբասում տեղի ունեցող ռազմական բախման մարդասիրական հետևանքները: Սա հակամարտության գոտում աշխատելու ամենաերկար փորձն էր, որը մեծ ազդեցություն ունեցավ ինձ և ժամանակակից պատերազմի էության իմ ընկալման վրա։ Նախկին ԽՍՀՄ տարածքում նմանատիպ հակամարտությունները շատ ընդհանրություններ ունեն՝ չնայած շատ տարբերություններ էլ կան: Բոլոր դեպքերում մենք նկատում ենք զինված բախումներ պատերազմող կողմերի միջև, որոնք էլ հանգեցնում են հասարակ քաղաքացիական անձանց տառապանքների։ Սա է նմանությունը: Տարբերությունը կայանում է առճակատման պատճառների և տեղական առանձնահատկությունների մեջ: Երբ ես նոր էի ժամանել Արցախ 2020-ի աշնանը, ես արդեն ծանոթ էի այս հակամարտության նախաբանին: Արցախում հակամարտությունը, բացի տարածքայինից, ունի նաև էթնիկ պատկանելության նշաններ: Այն ունի շատ խորն արմատներ, որով էլ պայմանավորված է նրա բարդությունը:
–Արցախում ի՞նչ տարածքներում եք եղել: Շարժման ի՞նչ սահմանափակումների կամ խոչընդոտների եք հանդիպել: Ինչպե՞ս էին այնտեղ վերաբերվում ձեզ:
-Եղել եմ Ստեփանակերտում, Շուշիում, Լաչինում, Մարտունիում, Թաղավարդում և ուրիշ շատ տեղեր եմ այցելել։ Հրադադարից առաջ դժվար էր տեղաշարժվելը, քանի որ լրագրողների և բոլորի համար շատ սահմանափակումներ կային: Որոշ տարածքներ ուղղակի բարդ կամ անհնար էր հասնելը: Ինչ-որ պահի արգելվեց նաև լրագրողների ազատ շարժը: Հավատարմագրման հետ կապված դժվարություններ կային նույնիսկ ռուսական լրատվամիջոցների համար. ռազմական բյուրոկրատիա:
Ընդհանուր առմամբ, վերաբերմունքը շատ ընկերական էր, նույնիսկ՝ ավելին: Հատկապես հաճելի էր տեղի բնակիչների հյուրընկալությունը, օգնելու նրանց պատրաստակամությունը: Ես երբեք չէի եղել Արցախում մինչև 2021-ի աշունը, բայց իմ ընկերները շատ էին խոսում այս վայրի մասին որպես յուրահատուկ մի բանի՝ ամենադրական իմաստով: Գեղեցիկ բնությունն ու տեղի բնակիչների սրտաբաց լինելն առաջինն էր, որ ես տեսա և զգացի այնտեղ հասնելուն պես: Ուշադրությունս գրավեց տեղացիների՝ էթնիկ հայերի կրոնականությունը: Նրանց ամբողջ կյանքը ներծծված էր քրիստոնեական հավատքով․ այս զգացողությունը բառացիորեն լցնում էր օդը: Խաղաղ բնության, մարդկանց սրտաբացության և հակամարտության կործանարար հետևանքների հակադրությունն ինձ ապշեցրեց:
–Պատերազմի ողջ ընթացքում Արցախում էիք, բայց չեք պատկերել ռազմական գործողություններ կամ զինվորներ, ինչու՞: Ձեր լուսանկարները ցույց են տալիս միայն պատերազմի ազդեցությունը մարդկանց վրա: Նպատակը մարդկա՞նց ցույց տալն էր:
-2020-ի հոկտեմբերին Լեռնային Ղարաբաղում ես տեսա այն, ինչին հանդիպել էի ավելի վաղ՝ այլ պատերազմների ժամանակ. փախստականները լքում էին իրենց տները, խաղաղ բնակիչները կրակոցներից թաքնվում էին նկուղներում, շուրջը լքված գյուղեր և հրթիռակոծությունից ավերված շինություններ էին: Այդ պատճառով անմիջապես որոշեցի շարունակել այն նույն գիծը, որը ես Դոնբասում համարում էի իմ աշխատանքի ամենակարևոր հատվածը` պատմել ռազմական բախումների արդյունքում խաղաղ բնակչության համար ստեղծված մարդասիրական հետևանքների մասին: Սովորական քաղաքացիական անձինք են ռազմական առճակատման ամենախոցելի ու ամենատուժած մասնակիցները: Այս գաղափարը դարձավ ֆոտոպատմությանս կառուցման հիմքը:
Ես միտումնավոր բացառեցի ռազմական ենթատեքստը իմ շարքերից, չօգտագործեցի զինվորական նկարներ, զենքեր և խուսափեցի ռազմական գործողությունների ուղղակի ցուցադրումից: Ինձ համար, որպես լրագրողի և մարդու, կարևոր էր փոխանցել տեղի ունեցածի ընդհանուր ողբերգական մթնոլորտը և այն մարդկանց վիճակը, ովքեր ստիպված էին լքել իրենց տները՝ հավանաբար ընդմիշտ: Հաճախ ռազմական բախումների լուսանկարները դիտողին ցնցում են՝ իսկապես սարսափելի տեսարանների չափազանց անմիջական պատկերմամբ: Ես հավատում եմ, որ պարզապես ցույց տալով սովորական մարդու տրամադրությունն ու վիճակը պատերազմի պայմաններում, դուք կարող եք ավելի ուժեղ և հուզական ազդեցություն ունենալ հանդիսատեսի վրա: Դիտողը չի ցնցվի և կկարողանա կարեկցել և մտածել ինչ-որ բանի մասին։
–Կադր, որն ամենաշատն էր Ձեզ տպավորել Արցախում:
-Դա այնպիսի հարց է, որ … ։ Այսօր այն մի լուսանկար է, մեկ տարի անց կարող է լինել մեկ ուրիշը: Ժամանակավոր հեռավորությունը փոխում է ընկալումը մեր սեփական աշխատանքի վերաբերյալ: Ամենահիշվող պատկերը այս պահին, հավանաբար, նռան այգում հրացանով ծառի տակ կանգնած մարդն է: Ինձ համար այդ կադրը շատ խորհրդանշական է և բազմաշերտ՝ իհարկե բացի վիզուալ գեղեցկությունից և ինչ-որ հակադրությունից:
–Ինչպես ստեղծվեց «Կորսված դրախտը» շարքը: Ինչպե՞ս են ընտրվել լուսանկարները՝ ինչ սկզբունքներով: Ինչպե՞ս որոշեցիք այս ֆոտոշարքը ներկայացնել մրցույթին և ակնկալո՞ւմ էիք, որ այն կհաղթի ու այսքան լայն արձագանք կստանա:
-Ես երկու անգամ եմ մեկնել Լեռնային Ղարաբաղ՝ 2020-ի հոկտեմբերին և նոյեմբեր-դեկտեմբերին: «Կորսված դրախտ» ֆոտոռեպորտաժս հիմնականում վավերագրական լուսանկարների շարք է պատմական հստակ իրավիճակի մասին: Միևնույն ժամանակ, ես նրան նայել եմ աստվածաշնչյան առասպելի պրիզմայով: Իմ աշխատանքը խաղաղ կյանքի հավասարակշռության կարևորության և փխրունության մասին է, այն մասին, թե որքան արագ կարող ենք կորցնել աշխարհի ներդաշնակությունը և որքան դժվար է այն վերականգնելը: Սա իմ շարքի ամենակարևոր իմաստն է, որով ես ցանկանում եմ կիսվել մարդկանց հետ: Երբեմն մտածում եմ, որ մեր ամբողջ աշխարհը նույն այդ կորսված դրախտն է:
Լուսանկարների ընտրությունն արվել է ելնելով կատարվածի վերաբերյալ իմ ընկալումից և վերաբերմունքից։ Ես նաև ընտրել եմ լուսանկարներն ըստ գեղարվեստական և կոմպոզիցիոն տեսանկյան: Այստեղ շատ բան կառուցված է նուրբ զգացողությունների վրա, որոնք դժվար է նկարագրել բառերով, բայց որոնք կարող են փոխանցվել լուսանկարչության միջոցով: Դրա համար էլ, ըստ էության, այն անհրաժեշտ է:
Մրցույթներին ու փառատոներին մասնակցելը, ըստ իս, մասնագետի աշխատանքի բաղկացուցիչ մասն է: Այսպիսով, իմ աշխատանքը կարող են տեսնել հսկայական թվով մարդիկ:
–Պատմեք ձեր հեղինակային գրքի մասին: «Կորսված դրախտը» հնարավո՞ր է ներառվի ձեր հաջորդ գրքերում:
-«Սև օրեր» գիրքը վավերագրական պատմություն է զինված հակամարտության աղետալի հետևանքների մասին Դոնբասի քաղաքացիական անձանց համար, ովքեր Ուկրաինայի հարավ-արևելքում ռազմական առճակատման ակամա մասնակիցները դարձան: Գրքի համար բոլոր պատմությունները նկարվել են իմ կողմից 2014-2019 թվականներին՝ Դոնբասում պատերազմի հենց սկզբից մինչև վերջին օրերը: Գիրքն ընդգրկում է երեք գլուխ՝ «Ուկրաինայի սև օրերը», «Ընդհատակ» և «Մոխրագույն գոտի»: Դրանք արտացոլում են հակամարտության երեք տարբեր փուլերը, վիճակներն ու կողմերը: «Սև օրեր» գիրքը երկարատև աշխատանքի արդյունք է՝ այս պատերազմի իրական հերոսների՝ Դոնբասի խաղաղ բնակիչների պատմությունը, ովքեր կորցրել էին ամեն ինչ՝ բացի համարձակությունից և մարդկային արժանապատվությունից: Դեռևս իմ ծրագրերում այլ գրքեր չկան:
Լիլիթ Հովսեփյան
4-րդ կուրս