Մարմինը դակելով գեղեցկացնու՞մ են, թե՞ վնասում

Մարմինը դակելով գեղեցկացնու՞մ են, թե՞ վնասում

566

«Ինչքան էլ մենք փորձենք հետ մնալ նորաձևությունից, մեր հասարակությունում էլ քիչ չեն համարձակները։ Նորաձև երևալու համար շատերն են պատրաստ տարբեր քննադատությունների»։ Տիգրանը, ով արդեն մի քանի տարի է հետաքրքրված է փիրսինգով, վստահ է, որ Հայաստանում այն արդեն շատ մոդայիկ է, և մարդիկ արդեն անտեսում են շրջապատի կարծիքը։ «Երբ Ռուսաստանից նոր էի վերադարձել և որոշեցի այստեղ աշխատել. մտածում էի, որ չի ստացվի, դժվար թե Հայաստանում փիրսինգ անող մարդիկ շատ լինեն, բայց մի քանի տարի անց ես հասկացա, որ գնալով շատանում է փիրսինգ անողների թիվը»։ Տիգրանի հաճախորդների գերակշիռ մասը իգական սեռի ներկայացուցիչներն են, իսկ փիրսինգի համար առավել նախընտրելի հատվածները՝ քիթը, հոնքերը և ականջը։ «Աղջիկների մեծամասնությունը սիրում է ականջի հատվածի փիրսինգը, որովհետև այն ավելի ընդունված է և համեմատաբար ավելի քիչ քննադատվող, բայց պետք է նշեմ, որ քիչ չեն նաև քթի և հոնքի շրջանում փիրսինգ ցանկացողները»։ Տիգրանը մի քանի տարի աշխատելուց հետո այսօր այլևս չի զբաղվում այդ գործով, ինքը երբեք ցանկություն չի ունեցել իր մարմնի որևէ հատվածում փիրսինգ անել։ Ասում է, որ իր համար անիմաստ է մարմինը երկաթապատելու այդ տարօրինակ գեղեցկությունը. «Ինչ որ տեղ կհասկանամ ականջի փիրսինգը, բայց շատ տարօրինակ է, երբ գեղեցիկ արտաքինով աղջիկը ուզում է քթի կամ նույնիսկ լեզվի փիրսինգ անել, առանց հասկանալու, որ նախ փչացնում է իր արտաքինը, երկրորդ՝ իր մասին ստեղծում է որոշակի կարծիք»։

Չանայած այն բանին, որ փիրսինգը լայն տարածում ունի ամբողջ աշխարհում, այնուամենայնիվ կան երկրներ, որոնք մարմնի որոշ հատվածներում փիրսինգ անելու համար ունենք որոշակի արգելքներ և տարիքային սահմանափակումներ։ Այսօր աշխարհի մի շարք երկրներում արգելված է անչափահասների՝ առանց ծնողների թույլտվության փիրսինգ անելը։ Որոշ տեղերում պարտադիր է ոչ միայն ծնողների համաձայնությունը, այլև վերջիններիս ներկայությունը՝ իրենց երեխաների մարմնի փիրսինգի ընթացքում։

Մեր հերոսի դեպքը լսելով, պարզ դարձավ, թե ինչի համար են շատ երկրներում տարիքային խիստ սահմանափակումները։ Անին (անունը փոխած) արդեն 30 տարեկան է, մարմնի վրա դեռ կարելի է տեսնել տարիներ առաջ դակած հատվածների չսպիացած տեղերը։ Զարդերի համար նախատեսված այդ մասերը այսօր դատարկ են, դրանք «լցվում» են միայն շպարի հաստ շերտով, որ հնարավորինս աննշմարելի դառնան. «16 տարեկան էի, երբ որոշեցի փիրսինգ անել, շատ էի սիրում ռոք երաժշտություն և մտածում էի, որ եթե աչքերս չներկեմ սև մատիտով, եղունգներս սև գույնով և փիրսինգ չունենամ, մարդիկ չեն նկատի իմ տարբերությունը մյուսներից։ Ընկերներիս մեջ կային մարդիկ, ովքեր ապրում էին այլ կյանքով, ծնողներս ի սկզբանե դեմ էին, որ ես շփվեի նրանց հետ, անընդատ վիճում էի ծնողներիս հետ, ուզում էի ապրել այնպես, ինչպես ինքս էի ուզում, արգելում էի նրանց միջամտել իմ կյանքին։ Ես տարբեր փիրսինգներ էի արել, քթիս, հոնքիս, փորիս շրջանում, և ծնողներս ամաչում էին ինձ համար, հայկական ընտանքիում չէր կարող լինել նման բան»։ Անին, երբ պատմում էր այս ամենը, դժվար էր հավատալ, որ իր մասին է խոսում։ Նա նման չէր իր պատմած հերոսին. «Պորտիս հատվածում փիրսինգից հետո ինձ մոտ սկսեցին առողջական խնդիրներ, ծակած հատվածի վերքը չէր լավանում, շատ խորը բորբոքում էր առաջացել, և հրաշք է, որ ես այսօր ապրում եմ»: Տարբեր մարդկանց պատմություններ տարբեր է, Անին ուղակի ժամանակի ընթացքում հասկացել է, որ ավելորդ են բոլոր արհեստական միջամտությունները, և ժամանակի կորուստ է դրանց մեջ փնտրել որևէ իմաստ։

Սակայն շատ են մարդիկ, որոնց համար գեղեցկություն կամ ինքնատիպություն է փիրսինգը. «Ես ականջիս ունեմ մի քանի ականջօղ, ականջի փիրսինգը իմ ամենասրելին է, սակայն դրանից այն կողմ չեմ գնա, մարմնիս որևէ այլ հատված երբեք չեմ դակի, նախ, որ հասկանում եմ վտանգավոր է, եկրորդ՝ չեմ սիրում»։ Կարինեն, դպրոցում անգլերենի ուսուցչուհի է, միշտ խուսափել է մի քանի ականջողով դասարան մտնելուց, բայց վստահ է, որ դրանում վատ բան չկա. «Ես ուղակի մտածում եմ, որ իմ տեսքով կարող եմ օրինակ լինել աշակերտներիս համար, իսկ ես չեմ ուզում ցույց տալ նրանց, որ եթե ես ունեմ մի քանի ականջօղ, ուրեմն դա նորմալ է, ժամանակի ընթացքում մարդիկ իրենք կպարզեն, թե իրենց համար ինչն է նորմալ, ինչը՝ ոչ»։

Աննա Ափոյան

4-րդ կուրս

Կիսվել