ԱՐՑՈՒՆՔՆԵՐԸ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՉ ԹԵ ԹՈՒԼՈՒԹՅԱՆ ՆՇԱՆ ԵՆ

ԱՐՑՈՒՆՔՆԵՐԸ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՉ ԹԵ ԹՈՒԼՈՒԹՅԱՆ ՆՇԱՆ ԵՆ

2205

Գիտնականները պարզել են, որ արցունքները շատ հուսալի դեղամիջոց են սթրեսի դեմ: Տղաները, որոնց մանկությունից ներշնչում են, թե լաց լինելն ամոթ է և վայել չէ տղամարդուն, մեծանալով սկսում են տառապել փնջաձև գլխացավից, որը կոչվում է «այրական միգրեն»: Գլխացավի այդ տեսակը կանանց չի սպառնում, որովհետև նրանք հմտացած են «լաց լինելու գործում»: Այնումանեայնիվ հաճախ ենք լսում՝ «լաց մի՛ եղիր, աչքերդ ափսոս են», «լաց մի՛ եղիր. դու ուժեղ ես, թույլ չես», «հերի՛ք է լաց լինես, առողջությունդ պահիր» խորհուրդները մեր մտերիմներից, ընկերներից, հարազատներից, և մեզ թվում է՝ լաց լինելը վնասակար է առողջությանը: Բայց հոգեբաններն ու հետազոտողները գտնում են, որ լացը թեթևացնում է հոգեկան ցավը, լարվածությունը և օրգանիզմից դուրս է հանում մի շարք վնասակար նյութեր:

Արցունքների իրական ազդեցությունը պարզելու համար զրուցել ենք հոգեբան Անահիտ Հովհանյանի հետ:

Տիկին Անահիտ, այսօր արցունքները թուլության նշան են համարվում՝ մեկնաբանվելով որպես հոգեկան ապրումները զսպելու անկարողություն: Պե՞տք է զսպել արցունքները:

-Արցունքների գոյությունը  ցավոք համարում են թուլության ծնունդ, բայց դա այդպես չէ; Ճիշտ է՝ հոգեբանները չեն կարողացել ապացուցել արցունքների 100%-անոց օգտակարությունը, բայց բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ մարդկանց մեծամասնությունը լացից հետո վերագտնում է հոգեկան հավասարակշռությունը: Պետք չէ զսպել արցունքները. դրանք զգացմունքներն արտահայտելու միջոց են, իսկ ահա լաց լինելու անկարողությունը տագնապալի ազդանշան է: Հոգեբանները միակարծիք են, որ այդպիսի մարդկանց մոտ առկա են լուրջ հոգեկան հիվանդությունների առաջացման ռիսկ՝ ընդհուպ մինչև շիզոֆրենիա:

Ի՞նչ հատկություններ ունեն արցունքները:

-Արցունքները բազմաթիվ բուժիչ հատկություններ ունեն: Արտասուքի արտադրությունը խթանում է նյութափոխանակության բնականոն ընթացքը բջջային մակարդակով՝ հակազդելով օնկոլոգիական հիվանդությունների առաջացմանը: Արտասվագեղձերը միջինը օրական կարող են 6-7 խորանարդ սմ արցունք արտազատել: Արտասուքի բաղադրության մեջ կա լիզոցիմ, որը կարող է ոչնչացնել վնասակար մանրէները: Լիզոցիմի միջոցով ախտահանվում են աչքերը, միջանցիկ ուղիով արցունքները ներթափանցում են շնչառական ուղիներ և խոնավեցնում են քթի խոռոչը: Արցունքների հետ  ներթափանցելով քթի մեջ՝ լիզոցիմը մաքրում է ներշնչվող օդը: Արցունքները նաև ցավազրկող հատկություն ունեն:

Ի՞նչ օգտակար նյութեր կան արցունքների մեջ, որոնք դրականորեն են ազդում օրգանիզմի վրա:

-Արտասվագեղձերի հիմնական գործառույթներից մեկը կենսաբանական նյութերի ազդեցությունն է, որը ըստ ցավի ազդանշանի՝արագացնում է վերքերի ու վնասվածքների ապաքինումը: Արցունքների մեջ կան հոգեմետ նյութեր, որոնք նվազեցնում են լարվածությունն ու տագնապի զգացողությունը: Այդ պատճառով սթրեսի ժամանակ լաց լինելն առողջ մարդու միանգամայն բնական ռեակցիան է և թուլության նշան չէ: Արցունքների հետ օրգանիզմից դուրս են գալիս նաև շլակները և սթրեսի պայմաններում արտազատվող վնասակար նյութերը՝ լեյցինկեֆալին ու պրոլակտին, որոնք քայքայիչ ազդեցություն են ունենում օրգանիզմի վրա, ընդ որում դրանք կարող են դուրս բերվել միայն արցունքների միջոցով: Արցունքները կարգավորում են նաև արյան ճնշումն ու երիտասարդ են պահում աչքերը շրջապատող տարածքը:

Ասում են,որ աչքերի համար վնասակար է լաց լինելը: Կա՞ն վնասակար հատկություններ, որոնք կթուլացնեն տեսողութունը:

-Ոչ, քանի որ արցունքները գազափոխանակում են կատարում  աչքի եղջերաթաղանթի և օդի միջև ու բարելավում են տեսողությունը՝ լցնելով եղջերաթաղանթի փոքր դեֆեկտներն ու բարակ թաղանթ առաջացնելով, որը չի խամրում և զերծ է պահում ավելորդ չորությունից:

Տխրության և ուրախության արցունքները նո՞ւյն կերպ են ազդում մարդու հոգեկանի վրա:

-Իհարկե ուրախության հետևանքով առաջացած ցանկացած երևույթ ավելի լավ է ու օգտակար: Ցնծության, ուրախության, էմոցիոնալ վերելքից առաջացած արցունքները օրգանիզմում փոխում են շնչառության և սրտի կրճատումների ռիթմը փոխվում է հորմոնալ  ֆոնը և արյան կենսաքիմիական բաղադրությունը, չեզոքացնում են սթրեսային լարվածությունը:

 

Ռուզան Գաբրիելյան

4-րդ կուրս

Կիսվել