Կանայք և պետերազմը

Կանայք և պետերազմը

910

Ես Արմինե Կարապետյանն եմ, 25 տարեկան։ Մասնագիտությամբ  անգլերեն լեզվի թարգմանիչ եմ, սակայն երկար ժամանակ է, ինչ  փորձում եմ դրսևորվել արվեստի տարբեր ոլորտներում։ Երբ սկսվեց ղարաբաղա-ադրբեջանական երրորդ պատերազմը, ես սկսեցի աշխատել Արցախից տեղահանված երեխաների հետ։ Հիշում եմ պատերազմը սկսվելու առաջին մի քանի օրը, երբ փորձում էի հասկանալ, թե ինչ կարող եմ անել։

Չի կարելի ասել, թե ես պատրաստ էի ուժերի գերլարումով աշխատել, քանի որ պատերազմն ինձ համար ավելի վաղ էր սկսվել։ 2020 թվականն առհասարակ շատ բարդություններ ուներ։ Նախևառաջ ես պայքարում էի նոր կորոնավիրուսի դեմ։ Երբ թվում էր, թե ամեն բան կարգավորվում է, սկսվեց անձնական կյանքիս երկրորդ պատերազմը՝ ես և ընտանիքս պատերազմում էինք հորս հիվանդության դեմ, սակայն պարտվեցինք։ Անձնական կորստից յոթ օր անց սկսվեց այս պատերազմը։

Այժմ գտնվում եմ հայրենիքիցս շատ հեռու՝ Նեպալում։ Այստեղ եմ կրթելու և կրթություն ստանալու նպատակով։ Չէի ասի, թե հաճախ եմ մտածում հայրենասիրությանս մասին, սակայն, երբ հիշում եմ կարողությունս՝ թողնել անձնական ցավերս և աշխատել, գտնում եմ ինձ համար արդարացում, երբ  պատերազմի ավարտից ամիսներ անց  տեղափոխվել եմ այլ բնակավայր։

Սեպտեմբերին, երբ պատերազմը սկսվեց, միանգամից մտածեցի որևէ աշխատանքով օգնել երեխաներին։ Սկզբից մտածեցի դասավանդել անգլերեն լեզու, սակայն հասկացա, որ դպրոցական առարկայի դասավանդման նոր մեթոդները կարող են երեխաներին նոր սթրեսի ենթարկել։ Ընկերուհիս՝ Արփինեն, այս ժամանակահատվածում կավագործության դասեր էր անցկացնում։ Հոկտեմբերի առաջին շաբաթվանից հաճախ լինում էի իր մոտ և սովորում էի հմտություններ, որոնք կօգնեն երեխաներին սովորեցնել կավագործություն։ Ինքս չգիտեի, թե երբ կլինեմ պատրաստ, երբ մի օր ընկերուհիս հասկացրեց, որ առանձնանալու ժամանակն է։
Ինձ համար շատ բարդ ընթացք սկսվեց։ Ես ունեի տարածքի խնդիր։ Շատ կազմակերպությունների և արվեստի կենտրոնների  հետ հեռախոսազրույցներ էի ունենում ու համուզում, որ դասերս անցկացնեմ իրենց մասնաշենքերում։ Շատերն ինձ արժանահավատ չէին համարում, սակայն հուսահատվելու ժամանակ չունեի։ Հոկտեմբերի երրորդ շաբաթից ընկերներիցս Կարենը  պարտաստակամություն է հայտնում՝ տրամադրելու իր հյուրատուն-սրճարանը դասերս անցկացնելու նպատակով։

Ես շատ արագ կարողացա  գտնել մարդկանց, ովքեր հետաքրքրված են կավագործություն սովորելով։ Հիմնականում հատուկ ստեղծված խմբերում մանրամասն գրառումներ էի կատարում և թողնում հեռախոսահամարս։ Եղել են դեպքեր, երբ ինքս եմ կապ հաստատել ծնողների հետ և առաջարկել իրենց երեխաներին կավագործություն սովորել։

Ես անցկացնում էի շաբաթական 3-4 կավագործության դաս, և շուտով մեծանում է ծնողների հետաքրքրության շրջանակն ու խմբերը մեծանում են։ Մեկ խմբում ես ունեի 10-15 աշակերտ, օրական անցկացնում էի երկու կավագործության դաս ՝ երկու խմբով։
Կարող եմ ասել, որ պատերազմի այդ օրերին ինձ կապում են աշակերտներիս և իրենց ծնողների մասին ջերմ հիշողությունները։

Չեմ վախենա ասել, որ մեկ ամիս անց մենք փոքր ընտանիք դարձանք, որտեղ յուրաքանչյուրս ցավ և ուրախություն էինք կիսում։

Ունեցել եմ աշակերտներ, ովքեր նկարչության և կավով աշխատելու փայլուն տաղանդ ունեին։ Նրանք ինձ ոգևորում էին՝ հաջորդ օրվա դասն ավելի լավ անցկացնելու։

Իմ խմբերում շուտով ներառվեցին երեխաների ծնողներն, ովքեր օգնում էին իրենց երեխաներն և ընթացքում հմտանում։ Նրանցից շարքում մի ընտանիք կար, որի հայրը վիրավորում էր ստացել մարտի ընթացքում և Երևանում անցնում էր բուժում։ Վիրավորում ստացել էր աջ ձեռքից՝ առաջին հայացքից էլ լուրջ վիրավորում էր երևում։ Իր ձախ ձեռքով և մեծ դժվարությամբ  երեխայի օգնությամբ պատրաստում է կավե արձանիկ և նուռ։ Դրանք այժմ ինձ հետ Նեպալի իմ բնակարանի ննջարանում են։

Ես հիշում եմ յուրաքանչյուր երեխայի, ում հետ անցել եմ կավագործության դաս։
Չեմ կարող ասել, թե ինչու, հավանաբար իրենցից յուրաքանչյուրի մեջ ես անհատականություն եմ տեսել և վշտակցելու մեծ ցանկություն։

Ես սովորել եմ, որ

Երբ սկսեցի աշխատել երեխաների հետ, կարծես բախվեցի անսահման մեծ ուժի։ Յուրաքանչյուր դասից հետո ես վերարժևորում էի կարողություններս և ինքս ինձ համուզում, որ կկարողանամ հաղթահարել այս ընթացքը։

Իմ կամավորության ընթացքում հասկացա, որ երեխաների հետ աշխատանքը թևաթափ չլինելու միակ հնարավորությունս է։ Այժմ ինձ մոտ է երեխաներիցս մեկի աշխատանքը, որը նախատեսված էր իր հոր համար։ Դա կավից ափսե է՝ երեխայի հոր անունով փորագրված։ Կարծես սա ինձ սթափվելու կարողություն է տալիս։

Մյուս կողմից , նկատե՞լ եք որ երեխաներն անսահման ստեղծագործելու թել ունեն։ Երբևէ չէի պատկերացնի, որ կկարողանամ դա հասկանալ նման արտակարգ դրության պայմաններում։ Ես համուզվեցի, որ իմ նախաձեռնությունը ճիշտ նպատակի էր միտված՝ կտրելու երեխաներին այս իրականությունից և տանելու ստեղծագրության աշխարհ։

Իհարկե, ես այս շրջանում ունեցել եմ և´ ճնշումներ, և´ դժվարություններ։ Լինում էին օրեր, երբ ֆիզիկապես չէի հասցնում գնալ մի դասից մյուսին։ Սակայն դրանց կողքին այդ օրերը միմյանց մասին հոգ տանելու ժամանակներ էին։ Հիշում եմ, երբ հիմնական տարածք չունեի և մի ամերիկուհու տանն ապաստանած ընտանիքներին պիտի այցելեի. մի քանի ժամանոց դասից հետո արցախցի կանայք ընթրիք էին պատրաստել։ Յուրաքանչյուր ուտեստ հատուկ խնամքով էր պատրաստված, կարծես դրանք պատրաստելիս ողջ հոգսը և դառնությունը մի կողմ էր դրված։ Այդ ժամանակ էլ ինքս ինձ հարց տվեցի, ուրեմն ինձ ի՞նչն է խանգարում մի կողմ դնելու անձնական հիասթափություններս և վախերս։

Պատերազմի ելքից մի քանի ամիս է անցել,  բայց ես շարունակում եմ կապ պահել այս ընտանիքների և երեխաների հետ։ Ես նախկինում երբեք չէի պատկերացնի, որ կկարողանամ օգնել մարդկանց՝ հավատալու սեփական ուժերին և գտնելու ստեղծագործելու թելը։ Չեմ վախենա ասել, որ մնացած դառնությունների կողքին, որ բերել է պատերազմը, այս ժամանակահատվածը միմյանց կապվելու առիթ էր։ Հիմա էլ, երբ տարբեր մեկնաբանություններ եմ լսում, ինձ մոտ զգացողություն է, ասես վիրավորում են իմ ընտանիքի անդամին։

Այժմ կարծում եմ, որ ես ավելի շատ եմ սովորել իմ երեխաներից, քան նրանք ինձնից։ Երբևէ կարո՞ղ ես պատկեացնել, որ հնարավոր է ուրախանալ ամենաչնչին երևույթից։ Ես տեսնում էի երեխաների, ովքեր հաճույք էին ստանում թաց կավին դիպչելուց, ձեռքերը կավով շփելուց։ Կարծես ականատես էի փոքր ուրախությունների՝ իրենց իսկ դառնության և ցավի միջից։

Սխալ է կարծել, թե երեխաներն այս դարում լարված են իրենց հեռախոսներում։ Ես ճանաչել եմ երեխաների, ովքեր ժամերով խոսում էին գրականությունից, արվեստից կամ կտրվում ու աշխատում էին կավի հետ։ Կարծում եմ՝ ամեն բան գալիս է մեր մոտեցումից. նրանց պետք է սեփական օրինակ լինել և թևեր տալ, անկախ նրանից, ինչ կարգավիճակում եք։ Ես ինձ ուսուցիչ կամ մասնագետ չեմ համարի, բայց ինձ համար ջերմացնող է փաստը, որ կարողացել եմ օրինակ ծառայել խմբում ՝ այսպիսին կամ այնպիսին լինելու։

Վախեր, անհանգստություններ

Բնական է, որ աշխատելուս ամբողջ ընթացքում ես ունեի վախեր և անհանգստություններ։ Սկզբնական շրջանում դրանք կապված էին տարածք չգտնելու և կավագործության դասերը ձախողելու հետ։ Սակայն, երբ սկսեցի աշխատել, վախերս տարածվեցին այլոց վրա։
Ես մինչև այժմ էլ վախենում եմ այն երեխաների համար, ում հետ հասցրել եմ աշխատել։ Սարսափելի զգացողություն էր, երբ սկսեցի մտածել, որ խմբում կան երեխաներ, ովքեր տուն վերադառնալ այլևս չէին կարող։ Ես երբևէ չեմ կարող պատկերացնել, թե ինչի է նման, երբ խլում են տունդ, իսկ դու քեզ հետ վերցրել ես ընդամենը մի քանի տաք հագուստ և վերջ։

Ինձ անհանգստացնում է նրանցից յուրաքանչյուրի ապագան։ Վախենում եմ, որ դպրոց գնալիս ստեղծագրությունը կմղվի երրորդ կամ չորրորդ պլան։ Ես կարծում եմ, որ չի կարելի մարդուն հեռացնել իր բնությունից։ Այժմ թեթևացնում է ինձ այն հանգամանքը, որ քիչ թե շատ օգնել եմ շատերին բացահայտելու իրենց բնությունը։

Առհասարակ երեխաների հետ աշխատանքը նման է լույս գտնելուն, նամանավանդ պատերազմի ընթացքում, երբ ինքներս մութ ժամանակներ ենք ապրում։

Չեմ կարող ասել, թե ինչու չեմ վախենում և անհանգստանում կյանքիս համար։ Կարծում եմ՝ այն ինձ ինչ որ ճանապարհ է տանելու, և որքան էլ որ զարմանալի է, պատերազմն ինձ օգնեց դա հասկանալու։
Պետք է միշտ պատրաստակամ լինել օգնելու մարդուն, անկախ նրանից՝ նա երեխա է, թե՝ ոչ։ Ես կարծում եմ, պատերազմական և այդպիսի արտակարգ պայմաններում առավել շոշոտելի է զգացվում դիմացինի օգնության կարիքը։

Կանայք կանանց մասին

Ես դադարեցրի իմ աշխատանքները հունվար ամսից, երբ պետք է զբաղվեի տեղափոխությանս հարցերով։ Երբ այլևս չունեի կավագործության դասեր, կարծես վերադարձա իրականություն, որտեղ մենակ էի անձնական դառնություններիս հետ։
Միանշանակ բարդ էր համակերպվելը իրականության հետ, որտեղ զգում ես՝ օգնության կարիքն այլևս չկա։ Կարծես այստեղ էր հետպատերազմյան իմ առաջին ցնցումը, երբ ասես հիշեցի, որ անձնական կորուստներ եմ ունեցել, և պետք է մարսել դրանք։

Ինձ այս շրջանում օգնում էին կանանք, ում հետ եղել եմ կամավորության կամ աշխատել եմ որոշ ժամանակ։

Ես կարողացա հասկանալ, թե որքան ուժ է կրում իր մեջ կնոջ աջակցությունն իր և հակառակ սեռին։ Սա իրոք զարմանալի է, երբ կինը վշտակցող է, նախաձեռնող է և ամուր կանգնած է հողին։

Անցնելով այս պատերազմի միջով, որն ինձ համար դեռ ավարտված չէ, ես կարևորել եմ կամավորների դերը նման իրավիճակներում։ Ահռելի թվով կանայք ամեն օր աշխատում էին, և վստահ եմ, բոլորն էլ կոծկել են անձնական ցավերը։ Ես չեմ վախենա ասել, որ հիացած եմ կանանցով, ովքեր հստակ գիտեին՝ այլևս չէին վերադառնալու իրենց տուն, բայց իրենց երեխաներին ատամներով հետ են պահել պատերազմի դառնությունից։ Իրենց երեխաները խնամված ու կերակրված էին։ Սա անասելի ուժ է, երբ ամուսինդ առաջնագծում է, իսկ դու պայքարում ես միայնակ։

Կդժվարանամ ասել, թե նման ուժ կունենամ, թե՝ ոչ, բայց կարծում եմ յուրաքանչյուրի մեջ թաքնված ուժեր կան, որոնք առաջ են տանում մարդուն, երբ հանձնվելն ու թևաթափ լինելը թվում է միակ ելքը։

Շուշան Փափազյան

4-րդ կուրս

Կիսվել