Բացվեց լրագրող ազատամարտիկների լսարանը

Բացվեց լրագրող ազատամարտիկների լսարանը

1029

Մայիսի 5-ին Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում տեղի ունեցավ լրագրող ազատամարտիկներին նվիրված լսարանի բացումը։ Լսարանում կողք կողքի են ԵՊՀ-ի Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներ Նորայր Մարությանի (Արցախյան առաջին պատերազմի մասնակից), Վաչագան Մանուկյանի, Սլավա Բադալյանի և Աշոտ Խաչատրյանի լուսանկարները:

Միջոցառմանը ներկա էին  հերոսների ծնողները, հարազատները, ֆակուլտետի  պրոֆեսորադասախոսական կազմը, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը, մեծաթիվ հյուրեր:

Բացման խոսք ասաց ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը.

«Ոգեկոչումի, փառաբանումի և խոնարհումի այս օրը մեզնից յուրաքանչյուրի համար յուրահատուկ խորհուրդ ունի: Մեր լույս տղաները մեզ ի մի են բերել, որ խորհենք ու խոսենք ապագայի մասին: Խոսենք իրենց հզոր երազանքները կյանքի կոչելու դժվար ուղիների մասին: Նորայրը, Վաչագանը, Սլավան և Աշոտը տարբեր էին իրենց էությամբ, բնույթով և բնավորությամբ, բայց նույնն էր նրանց երազանքը՝ կառուցել հզոր երկիր, ունենալ հզոր բանակ և երջանիկ ժողովուրդ»:

Միջոցառման ընթացքում ծնողները, հարազատները և դասախոսները հիշեցին հերոսների կյանքից դրվագներ և հույս հայտնեցին, որ այս չորս հերոսների կողքին չեն ավելանա նորերի անուններն ու նկարները:

Որպես ամփոփում՝ ազատամարտիկ Վաչագան Մանուկյանի հայրը՝ բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը հանդես եկավ իր բանաստեղծությամբ.

«…Հիշում է անցած ոսկի աշունը,

Երբ ընկերներով տվին երդում,

Եվ խրոխտ մի ձայն

հեռվից հասնում է.

– Զինվո՛ր, մենակ չես դու

այս մարտում…»:

Լսարանը կահավորված է արդիական չափանիշներով: Առկա բոլոր հնարավորություններից կօգտվեն ժուռնալիստիկայի և Եվրոպական լեզուների և հաղորդակցությա ֆակուլտետների ուսանողները:

Արմինե Սահակյան

Կիսվել