Պատերազմը և կանայք

Պատերազմը և կանայք

648

Լուսանկարում Գոհարիկ Տիգրանյանն է՝ կրթության ոլորտի փորձագետ։ Այս լուսանկարն իր սոցիալական էջում առաջինն է, որտեղ ժպտում է պատերազմից հետո։ Ղարաբաղա-Ադրբեջանական երրորդ պատերազմի սկզբից աշխատել է տարբեր ուղղություններով ՝ թիրախային խմբերի հետ աշխատանքից  մինչև դասավանդող։

Գոհարկի հետ հանդիպում ենք կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրն ու զրուցում օրվա խորհրդին ընդառաջ։ Խոսակցության սկզբից ինձ համար պարզ ընդգծվում է մեր զրույցի կարմիր թելը՝ կանայք և պատերազմը։ Հարցին, թե երբանից սկսվեց պատերազմն իր համար, պատասխանում է, թե ռազմական դրություն հայտարարելուց անմիջապես հետո։

Իսկ հետո-ի պատասխանն արդեն ունենալով Գոհարիկն հիշում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտը։ Զրույցիս այս հատվածում ներքին ցանկություն ունեմ նկարագրելու, թե ինչպես է Գոհարիկն անհանգիստ զանգեր կատարում՝ հասկանալու, թե ինչ աշխատանք կարող է կատարել։ Լուսանկարի ներքին խաղաղությունը, որին հասել է մի քանի շաբաթ առաջ, բացակայում էր անցած տարվա սեպտեմբերից։

-Այդ առավոտ ինձ մոտ զգացողություն էր, ասես կարող եմ սահմանին օգտակար լինել՝ անգամ ճաշ պատրաստելով։

Ինձ համար միանգամայն զարմանալի էր այս հիշողության վերապրումը, քանի որ Գոհարիկին ճանաչող յուրաքանչյուր մեկը գիտի՝ ինքը կրթելու ու գիտության մարդ է։ Այնուամենայնիվ, վերհիշելով  հաջորդ երկու օրերի զգացողությունները,  այժմ Գոհարիկը կիսաժպիտով է դրանց պիտակավորում՝ «խորը անպետքության զգացումի 48 ժամեր էին»։

Մարտիության այս առավոտ, երբ Գոհարիկն իր ողջ ներուժով  նստած է իմ առաջ, նկատում եմ, թե ինչպես է ժպիտի փոխարեն երկու գիծ հայտնվում շրթունքի փոսերում, երբ պատմում է պատերազմը սկսվելու չորրորդ օրվա՝ սեպտեմբերի երեսունի մասին։  Ներքին զգացողությունս արդարանում է, երբ վերհիշում է, թե ինչպես է գնացել «դեպի անհայտություն կամ Սարյան փողոց», և սկսվել է թիկունքում աշխատելու իր փորձը։

-Երբ ընկերուհուս՝ Քրիստինեին դիմեցի ու ստացա առաջարկ գնալու Սարյան փողոցի TA գրասենյակ, հասկացա, որ գնում եմ անհայտ ուղղությամբ։ Քանի որ չգիտեի, թե ինչ պետք է անեմ։ Երբ տեղում էի, հասկացա, որ մարդիկ հավաքվել  և քննարկում էին Արցախից տեղահանվածների կեցության խնդրի լուծման տարբերակները։ Կարճ ժամանակ ինձնից պահանջվեց՝ հասկանալու, որ այդ պահից սկսած ինքս ևս պետք է զբաղվեի այդ խնդրի կարգավորմամբ։

«Ընկերուհիներս երբեմն զանգել են Արցախից տեղահանվածներին ու ներկայացել որպես Գոհարիկ»

Սեպտեմբերի երեսունից, երբ Գոհարիկն կամավոր աշխատանքի է անցնում Սոցապ նախարարությանը կից այս աշխատակազմում, ինչպես ինքն է հիշում ՝ ինտրովերտի իր ես-ի հետ սկսում է իսկական ներքին բախումները։ Խումբը, որում նա ներգրավվում է,  պարտավորություն ուներ զանգերի միջոցով կապ հաստատելու կացարանի խնդիր ունեցող Արցախցիների  հետ՝ գնահատելու իրավիճակն ու տրամադրելու անհրաժեշտ օգնությունը։ Գոհարիկն այժմ անկեղծանում է՝ սկզբնական շրջանում բարդ է եղել իր համար զանգեր կատարելն ու շփման եզրեր գտնելը, սակայն շուտով  իր մեջ կոտրել է կարծրատիպը, թե ինքն ինտրովերտ է և չի կարող շփման միջոցով աշխատել։

Մարդկային պատմությունները, որ բաժին էին ընկնում  Գոհարիկին, իր բնորոշմամբ, ամենազգայունն էին։ Հարցին, թե որն էր պատճառը, ինքն այժմ ունի պատասխան։ Ինձ հետ անկեղծանում է, թե այդ պատասխանն իրեն հուշել են իր թիմակիցները։

-Մի օր գործընկերս՝ Արմենը, եկավ ու հեռախոսահամար տրամադրեց ու ասաց, որ զանգեմ։ Հարցրի՝ ինչու՞ ես, պատասխանեց, որ զոհված զինծառայողի կնոջ հետ պիտի խոսեմ, ով հնարավոր է զանգելուս պահին տեղեկանա այդ մասին։ Արմանն ասաց, թե ես բավարար զգայուն ու ուժեղ եմ։

-Հավատացի՞ր:

-Ես այլ տարբերակ չունեի։ Առաջին անգամ զանգեցի, կնոջ հետ պայմանավորվեցինք, որ Վարդենիսից տեղափոխվելու է։ Շուտով զանգահարեցի երկրորդ անգամ ու հրաժարվեց. ես հասկացա, որ այժմ ինքը տեղյակ է ամուսնու զոհվելու մասին։

Գոհարիկն այս պատմության կողքին պատմում է ևս մի քանիսն ու հարցին, թե ինչու է սրանք առանձնացրել, պատասխանում է, թե իր աշխատանքային առաջին շաբաթում են տեղի ունեցել և տպավորվել են։

Զրույցիս այս հատվածում դժվարանում եմ հարցնել պատմության շարունակության մասին։ Իր խոսքից ինձ համար առանձնացնում եմ, որ Գոհարիկի ուսերին էր մարդկանց բերելը կայուն զգացմունքային դաշտ ու համուզել, որ կյանքն այնուամենայնիվ շարունակվում է։
Այժմ հիշում է հստակ թվեր ՝ առաջին մեկ շաբաթվա ընթացքում հասցրել է խոսել 200-300 տեղահանվածի հետ, ով ուներ կեցության խնդիր։

Ինքս պատկերացնում եմ իր աշխատանքի բարդությունները, այնուամենայնիվ հարցնում, թե որոնք են եղել։ Գոհարիկին հատուկ է որևէ հարցի շուրջ կարճ մտածելն ու դիպուկ պատասխանելը, սակայն զրույցիս սկզբից նկատում եմ, որ կոպերը հաճախ է փոքրացնում ու փորձում մտքերին ճիշտ դասավորություն տալ։ Ինչպես և հիմա, մտածում եմ ինքս ինձ, ու մինչ Գոհարկը մտաբերում է բարդությունները, հիշում եմ՝ այդ օրերին մենք գրեթե չենք խոսել, ու այժմ ինքս դժվարանում եմ հստակ պատկերացնել իր զգացողությունները։

-Գիտես, շատ են եղել դեպքերը, երբ որևէ խոսք չեմ կարողացել ասել։ Ի նկատի ունեմ, անգամ բարդ էր ասելը ցավում եմ, կամ վշտակցում եմ։

-Բայց կիսում էիր ցավը։

-Անձնապես չեմ ճանաչել, բայց պատկերացրել եմ բոլորի ապրումները։

-Ուրմն ի՞նչի էին դրանք նման։

-Դրանք նման էին պատերազմին։

Առհասարակ ինքն հաճախ է ասում, թե լինելով 90-ականների սերնդից, թվացել է, որ իրեն պատերազմը շրջանցել է, և հետո իր սերնդակիցների հետ քաղել է դրա հետևանքները։ Սակայն այս անգամ այն ավելի քան մոտ ու շոշափելի էր։

«Ամեն երեկո մենք տուն էինք գնում հոգեկան անկայուն վիճակով»

Խոսելով կացարարանների կորդինացման աշխատանքների մասին, Գոհարիկն աժյմ հիշում է, որ մյուս բարդությունների կողքին նաև հուսալիության խնդիր ունեին։ Աշխատելով այնպիսի պայմաններում, երբ չկար հստակ տարհանման հրաման, իրենք գործում էին ըստ ներքին հեռախոսահամարների։

-Մենք սկզբնական շրջանում զանգահարում էինք մարդկանց, ում հեռախոսահամարը գտնում էինք համացանցում, և ով ուներ կացարանի խնդիր։ Ինձ համար կրկնակի բարդ էր ներկայանալ և վստահություն ձեռք բերել, երբ պետական ապարատից չկար հստակ հրաման։ Երբ հրամանն արդեն եղավ, մենք գործում էինք որպես թեժ գիծ և շուրջօրյա զանգեր էինք ստանում։

Զրույցիս այս հատվածում փորձում եմ հասկանալ իր զգացողությունները, երբ աշխատանքի ծավալները ընդլայնվում են։ Եվ հետևում է իմ հարցը, թե աշխատանքային ծանր օրվանից հետո, ինչպես էր ինքը հաշտվում զգացողությունների հետ։ Գոհարիկն ինձ հիշեցնում է ժամանակավոր կացարանում մեր թեյախմության հատուկ օրերն ու կիսաժպտում, թե դրանից առաջ ամեն բան սկսվել է Սոցապ նախարարության գրասենյակից, երբ երեկոյան կանայք հավաքվում ու կիսվում էին իրենց զգացողություններով։

-Իսկ թեթևացնո՞ւմ էր։

-Մասամբ, մեզանից շատերը, այդ թվում նաև ես, տուն էին  վերադառնում հոգեկան անկայուն վիճակով։ Սակայն դրա մասին մտածելու քիչ ժամանակ էր մեզ մնում՝ առավոտյան կրկին զանգերը մեզ էին սպասում։ Այնուամենայնիվ, դժվար էր մարսել այն պատմությունները, որոնց ամենօրյա ռեժիմով առնչվում էինք։

Հոկտեմբեր ամսվա վերջին շաբաթից  Գոհարիկը սկսում է աշխատել նաև հատուկ թիրախային խմբերի հետ, սկզբնական շրջանում վիրավորում ստացած և զոհված զինծառայողների հարազատների, այնուհետև հղի կանանց հետ։ Ինքս էլ հիշում եմ, այս շրջանն այնպիսինն էր իր համար, երբ օգնություն էր տրամադրում սեփական ֆինանսավորմամբ կամ ընկերների միջոցով։ Աշխատանքի բնույթը նույնն էր՝ կարիքի գնահատում և անհրաժեշտության դեպքում՝ տրամադրում։

«Գոհարիկը դասավանդում է ժամանակավոր կացարանում»

Ես հիշում եմ, թե ինչպես եմ տեղեկանում, որ Գոհարիկը պետք է ժամանակավոր կացարանում լինի որպես դասավանդող։ Գրում ու հարցնում եմ, դասացուցակում նշված Գոհարիկ Տիգրանյանն ինքն է հաստատ, թե՝ ոչ։

Այժմ վերհիշում եմ զգացողություններս, երբ ինքն հաստատեց նորությունը։ Գոհարիկը ժամանակավոր կացարանում լինելու էր շաբաթական երկու անգամ՝ համատեղելով Սոցապ նախարարությունում իր աշխատանքային զբաղվածությանը։ Հարցին, թե ինչպես է ստացել ու համաձայնել առաջարկին, հիշում է, որ առաջարկ է ստացել մոտ գործընկերուհուց՝ Արևիկ Անափիոսյանից, թե շտապ պետք է քաղաքականություն և հասարակություն առարկայի  դասապատրաստող ժամանակավոր կացարանում։ Լսելով իր պատմության այս հատվածը՝ մտաբերում եմ բնորոշումս, թե ինքը կրթելու մարդ է, ու համուզվում դրանում։
-Ես մեր հանդիպումը շատ լավ հիշում եմ։ Պատերազմից հետո առաջին անգամ էինք տեսնվում։

-Ես էլ,- ժպտում է Գոհարիկն ու այժմ ես ազատ եմ կիսվելու տպավորությամբ․ Գոհարիկը լարված փորձում է ժպտալ իր կարճ մազերին հետաքրքրությամբ նայող Անգելինային ու մի ամբողջ դասարանի։

Լուսանկարում Գոհարիկն է՝ ժամանակավոր կացարանում հերթական դասից հետո։ Ինչպես առաջին, այնպես էլ այս լուսանկարում իրեն բնորոշ ժպտում է, սակայն այս ընթացքում հասցրել է ժպիտի տակ մի քանի անձնական դառնության պահել։ Չնայած հանգամանքին, որ խուսափում էի զրույցս հասցնելու այս հատվածին՝ խոսում ենք իր ամենամեծ կորստի՝ տատիկի մահվան մասին։

Ես էլ միայն վերջերս եմ իմանում, որ առաջին դասի նախորդ օրը իր տատիկի հուղարկավորությունն էր, ու ինչպես ինքն է ասում՝ խոստանում է մի կողմ թողնել անձնական ապրումներն ու աշխատել։

-Սակայն հետոյի համար ավելի է բարդանում չէ՞, ասես զգացմունքներդ ու քեզ երկրորդ պլան ես մղում։ Ինքս էլ դեռ չեմ հաշտվում անձնական կորուստներիս։

-Միանշանակ։ Գիտես, տատիկս ինձ համար մոր պես է եղել, ու կարծում ՝ մինչև այս տարվա հունվար ամիսը չէի հաշտվում մտքի հետ, որ այլևս նա չկա։ Ես թողնում էի անձնական ապրումներս դասարանի ու նախարարության պատերից դուրս։

Զրույցիս այս մասում միասին խոսում ենք ուժեղությունից։ Ինձ համար զարմանալի չէ, որ այժմ Գոհարիկն էլ՝ անցնելով անձնական կորստի ու պատերազմի թողած հետևանքների միջով, կասկածում ու ինձ է հարցնում, թե այդքան ուժ իրեն որտեղից։ Ասես առաջ ընկնելով իմ հարցադրումներից, ինքը միանգամից պատասխանում է՝ այդ հարցի պատասխանը ինքը չունի։

-Կարծես պարտավորված եմ եղել անելու ուժերիս ներածը։ Այսքանը երևի:

«Ես վախենում էի թեմաներից, որոնք կվերաբերվեն պատերազմին»

Պատերազմի հաջորդ՝  նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների մասին Գոհարիկը խոսում է անհամեմատ թեթև, քանի որ ինչպես ինքն է նշում՝ աշխատում էր երեխաների հետ ու մոռացության մատնում բոլոր այն պատմություններն ու դեպքերը, որոնք շրջանցում էին երեխաներին։ Սակայն չի բացառում՝ դասավանդման ամբողջ ընթացքում (մինչև ժամանակավոր կացարանի փակվելը) ունեցել է շատ վախեր։

Նախևառաջ ինքը երբևէ չէր եղել ուսուցչի կարգավիճակով։

-Ճիշտ է, նախկինում փորձառություն ունեի դասընթաց վարողի, բայց չէի պատկերացնում ինձ ուսուցչի կարգավիճակով։ Այն ինձ համար նաև պարտավորություն էր ստեղծում երեխաների առաջ ՝ օգնելու իրենց և կապ ստեղծելու, ինչը չունի դասընթացավարը։

-Իսկ այլ վախեր կայի՞ն։

-Իհարկե, ես վախենում էի բոլոր այն թեմաներից, որոնք կվերաբերվեն պատերազմին։ Պատկերացում չունեի, թե ինչպես եմ շրջանցելու դրանց, սակայն ստացվեց այնպես, որ մտավախություններս իզուր էին։

-Ինչու՞։

-Պատերազմն ավարտվելու հաջորդ օրը՝ նոյեմբերի 10-ին, երբ ես մտա դասարան, ի վիճակի չլինելով կանգնել ամուր ոտքերիս, ես ամենալավ դասն ունեցա։

Երեխաները ուռած և լացից կարմիրած աչքերով էին, բայց բոլորը ուզում էին սովորել։ Հիմա կասեմ մեկ բան՝ մենք ընդամենն արեցինք դա և վերջ՝ դասարանի պատերից դուրս թողնելով պատերազմը։

«Երեխաների հետ աշխատանքը նման է պարզ կապույտ երկնքի»

Հարցին ի պատասխան, թե ինչ երևույթի է նմանեցնում երեխաների հետ աշխատանքը, Գոհարիկի աչքերը փայլում են՝ վերհիշելով այն անունները, որոնց հետ աշխատել է երեք ամիս շարունակ։ Մեր խոսակցության ամբողջ ընթացքում մի քանի անգամ Գոհարիկը հասցրեց մեջբերել, թե երեխաների հետ աշխատանքը իրեն փրկօղակ է դարձել՝ անձնական ապրումներից խուսափելու։ Դասարանում շատերի հետ հասցրել է ընկերանալ ու այժմ միասին թերթում էինք խոսակցությունները, որոնք հասցրել է փոխանակել աշակերտների հետ մինչև այս հանդիպումը։

-Իսկ ի՞նչ են սովորեցրել քեզ երեխաները։

Ասես վերադառնում է Գոհարիկի հաստատակամությունը՝ հարցերին պատասխանել արագ և հակիճ, ու նշում է, թե ուժեղ լինելը։ Վերհիշում ենք այն անունները, ովքեր աչքի են ընկել կամ հասցրել են կապվել ընկեր Գոհարիկի հետ։
Այնուամենայնիվ, անկեղծ լինելու համար նշեմ, որ յուրաքանչյուր զրույց ինչ-որ կետից վերածվում է ֆեմհարցազրույցի։ Գոհարիկի հետ այս անգամ վերհիշում ենք դասարանի  աղջիկներին, որոնց ինքը հաճախ է խորհուրդ տվել՝ մտածել միայն ինքնազարգացման մասին։

Ինչ վերաբերում է կանանց աշխատանքին արտակարգ իրավիճակներում, իր դեպքում պատերազմական իրավիճակում՝  ամփոփում է, ասելով, թե աստիճանաբար վերացավ այն կարծիքը, թե կնոջ կարիքը ամենավերջում է զգացվելու։ Ինքն աշխատել է մեծ թվով կանանց հետ, ովքեր կիսել են իր հետ առօրյա և չեն մտածել անձնական ապրումների մասին։

-Ես տեսել եմ կանանց ապրումները, ովքեր աշխատում էին ինձ հետ, և կարող եմ ասել, որ երբեմն ինձ համար էլ անհասկանալի էր թվում՝ ինչպես ենք կարողանում մարսել այն ամենն, ինչ բերում էր տվյալ օրն իր հետ։

Աստիճանաբար մոտենալով զրույցիս ավարտին՝ ակնկալում եմ իր խորհուրդը կանանց և աղջիկներին, ովքեր աշխատել և աշխատում են արտակարգ պայմաններում։

-Անձնական փորձիցս ելնելով՝ պետք է վերարժևորել սեփական ուժերը,- նշում է Գոհարիկը։

Ինչ վերաբերում է իմ հարցին, թե ինչպես է կարողանում ետ վերադառնալ կյանքի ռիթմին, կրկին հայտնվում է դեմքին կիսաժպիտը։ Կարծես ասելու՝ ինչպես առաջին նկարում, կարելի է անձնական ապրումները թաքցնել լայն ժպիտի տակ։

Շուշան Փափազյան

4-րդ կուրս

Կիսվել