Հայաստանից մեկնած մարդիկ տարբեր պատճառներ են ունենում: Ոմանք մեկնում են արտագնա աշխատանքի, ոմանք՝ կրթություն ստանալու, ոմանք էլ՝ ընտանիք կազմելու: Մանեն ճանապարհորդելիս հանդիպել է իր ամուսնուն և սիրո քաղաք համարվող Փարիզում ընտանիք կազմել:
«Ամուսնուս հետ ծանոթացել եմ Ֆրանսիայում՝ ճամփորդությանս ավարտին: Ինքն ինձ ամուսնության առաջարկ արեց, և որոշեցի, որ պետք է տեղափոխվեմ»,-մեզ հետ զրույցում պատմեց Մանե Մարտիրոսյանը:
Մանեն կյանքի առաջին 32 տարիներն ապրել է Հայաստանում: Ծնվել է Եղեգնաձոր քաղաքում: Հետո տեղափոխվել է Վեդի: 12 տարեկանից սկսել է ստեղծագործել. հիմնականում գրել է բանաստեղծություններ, արձակ գործեր: 30 տարեկանում Եվրոպայում հայտնվելուց հետո գրել է իր առաջին գիրքը՝ «Պուտավոր զգեստով աղջիկը Փարիզում» (2019թ.): 3 ամիս անց լույս տեսավ Մանեի բանաստեղծությունների ժողովածուն, որից հետո նա տեղափոխվեց Ֆրանսիա:
Արտերկիր տեղափոխվելու որոշումը հեշտ է կայացրել, որովհետև սիրված ու գնահատված է զգացել իրեն: Հասկացել է, որ ընտանիքն ավելի կարևոր է: Մանեի խոսքով՝ նոր միջավայրին հարմարվելն այնքան էլ հեշտ չէր, բայց Ֆրանսիայի բարքերն իրեն ավելի հոգեհարազատ էին, ուստի կարողացավ ընտելանալ: Նա նշեց. «Դժվարություններ ևս կային. դրանցից էր լեզուն, որոշ հարցերին անծանոթ լինելը. օրինակ՝ հյուր գնալ-գալը, մարդկանց հետ շփումը, պետական կառույցների հետ առնչվելը: Այդ ամենին ծանոթանալը մի փոքր դժվար էր»:
Մանե Մարտիրոսյանը նաև հավելեց, որ իր` Ֆրանսիա տեղափոխվելն ավելի ճիշտ էր, քան ամուսնու՝ Հայաստան գալը: Նա նոր աշխատանք պետք է գտներ, լեզու սովորեր, հարմարվեր Հայստանի պայմաններին, մինչդեռ Մանեի համար այդ ամենը հաղթահարելն ավելի հեշտ էր. «Ամեն դեպքում հեռանում է նա, ով իրեն իր տեղում չի զգում: Հեռանում է նա, ով իրեն արժանի չի համարում այդ միջավայրին»,-գրել է Մանեն իր գրքում:
Մանեն ինստագրամում արդեն ունի ավելի քան 19 հազար հետևորդ: Հայաստանում ակտիվ առօրյա էր վարում, ուներ շատ ընկերներ: Երբ սկսեց ճամփորդել, հայտնվեց Ֆրանսիայում, որոշեց բլոգ վարել: Սկսեց պատմել նոր կյանքի, իր գրքերի մասին: Հետագայում նկարեց «Բամբասում է Մանեն» շարքը, որտեղ տարբեր սոցիալական հարցերի շուրջ էր խոսում: Մեզ հետ զրույցում նա մանրամասնեց. «Այս ձևաչափը լսարանն էլ շատ սիրեց, մեկ հոլովակ տեղադրելուց հետո անընդհատ հարցնում էին, թե նորը երբ է լինելու: Առաջիկայում ուզում եմ ավելի մեծացնել ինստաընտանիքս ու մարրդկանց մոտիվացնել»:
Ինստագրամում տղամարդկանց հաճախ է համեմատում՝ հայ, թե ֆրանսիացի: Ձգտում է խոսել տղամարդկանց դրական կողմերի մասին, երբեմն պատմում է իր ֆրանսիացի ամուսնու լավ հատկանիշների մասին, պատմում առօրյա հոգսերը միասին կիսելու մասին, ներկայացնում ամուսնու դերն ընտանիքում: «Նա, ինչպես շատ ֆրանսիական դաստիարակություն ստացած մարդիկ, բնավորությամբ հանգիստ է ու խաղաղ, ինչն էլ օգնում է՝ ընտանիքում ներդաշնակություն ունենալ»,-պատմում է Մանեն:
Մանե Մարտիրոսյանը դեռ Ֆրանսիայի քաղաքացի չէ, սակայն երկարաժամկետ բնակության իրավունք ունի: Առայժմ Մանեն պատրաստ չէ վերադառնալ Հայաստան և մշտական բնակություն հաստատել: Ասում է՝ Ֆրանսիայում ինքն իր փոքրիկ ընտանիքի հետ է և երջանիկ:
Մայիսի 22-ին ժամը 18.00-ին կկայանա Մանեի 3-րդ ՝ «Վազող ամպերի հետքերով» գրքի շնորհանդեսը: Մուտք գործելու համար պետք է նախապես գրել Մանեի ինստագրամյան էջին և գրանցվել, քանի որ տեղերը սահմանափակ են:
Էլիզա Գրիգորյան
3-րդ կուրս