Ադրբեջանական կողմը Սյունիքում առաջխաղացում ունի․ առաջին օրվա արձագանքներից

Ադրբեջանական կողմը Սյունիքում առաջխաղացում ունի․ առաջին օրվա արձագանքներից

740

Լուսանկարը՝ Armenian Geography

Մայիսի 12-ին՝ կեսօրին,  համացանցում սկսեցին լուրեր շրջանառվել Սյունիքում տիրող լարված իրավիճակի մասին: Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանն իր ֆեյբուքյան գրառման մեջ նշել էր. «Իշխանասարի հատվածում թշնամին պետական սահմանն անցել է և ևս երեք կիլոմետր առաջ եկել դեպի Վերինշեն բնակավայր ու հարյուրներով շարված են: Այս պահին բանակցում են: Սև լճի տարածքից կիլոմետրերով  առաջ են եկել և կանգնել…»։

Վերջին ամիսներին Սև լճի տարածքի 30%-ը GPS-ով ներկայացվել է որպես Ադրբեջանի մաս, 70%-ը՝ Հայաստանի։ Լճի ջուրը կարևոր տնտեսական նշանակություն ունի. այն օգտագործվում է ոռոգման նպատակներով:  Համաձայն տարածվող լուրերի՝ լճի տարածքով ադրբեջանական կողմը հասել է Գորիսի Վերիշեն բնակավայրի վարչական տարածք: Փաստը infocom-ին էր ներկայացրել Վերինշենի ղեկավար Արարատ Օրդյանը: Սրան հակառակ՝ ՀՀ ՊՆ-ն պաշտոնապես հերքեց  տարածվող տեղեկությունը․
«Մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ»։

Civilnet լրատվականը տարածեց լուսանկարներ Սյունիքի Վերիշեն և Իշխանասար համայնքներից և հավաստիացրեց, որ լարվածություն բացառապես չկա:

Այնինչ լրագրող Նաիրի Հոխիկյանն իր էջում գրառում կատարեց իրավիճակի լարված լինելու մասին՝ նշելով, որ պատճառը հայկական կողմի՝ տարածքը ձյան պատճառով հսկողությունից դուրս թողնելն է: «Հիմա Ադրբեջանի զորքը կանգնած է ՀՀ պետական սահմանից ներս… »,- նշել էր Ն. Հոխիկյանը:

Զրուզեցի Սյունիքի Տաթև համայնքի 19-ամյա բնակչուհի Իզա Ասծատրյանի հետ՝ պարզելու, թե ինչ տրամադրություն է տիրում բնակչության շրջանում: «Առավոտյան տեսա, որ ընկերուհիս ինչ-որ  բան է ուղարկել, բացեցի ու իմացա՝  ինչ է կատարվում։ Սկզբում մտածեցի՝ կեղծիք է, սկսեցի  հետևել  մամուլին ճիշտ նորությությունը ֆիլտրելու համար։ Վերիշենից և Իշխանասարից պարբերաբար տեղեկություններ եմ ստանում, բայց դրանք այնքան հստակ չեն, որ ներկայացնեմ։ Կոնկրետ մեզ մոտ ամեն ինչ նորմալ է։ Ես շատ լավ գիտեմ սյունեցու անկոտրում ոգին»։

Ստեղծված լարված իրավիճակին ավելացավ ՀՀ առողջապահության նախարարության տարածած հայտարարությունն այն մասին, որ մայիսի 9-ից մինչ օրս աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշաններով Սիսիանի բժշկական կենտրոն է դիմել 296 անձ: Նրանցից 5-ը բուժումը շարունակում է կենտրոնում, մյուսները՝ ամբուլատոր պայմաններում: Մեր զրուցակցից պարզեցինք, որ իրենց համայնքում նման դեպքեր չեն գրանցվել, բայց Սիսիանից տեղեկացել է կատարվածի հնարավոր պատճառների մասին․ «Տեղեկություն կա, որ թշնամին թունավորել է ջուրը, սակայն ասվում է նաև, որ  կոյուղին է խառնվել խմելու ջրին»։

Նույն օրը երեկոյան լրատվականների հետ զրույց ունեցավ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը և հաստատեց բանակցական գործընթացների շարունակվելու լուրը․ «Ես նոր իջա Սեւ լճի տարածքից։ Ադրբեջանցիները դեռ հետ չեն քաշվել իրենց դիրքերը սպասում են իրենց վերադասի հրահանգին: Բանակցություններն ընթացքում են, ԱԱԾ շտաբի պետն այնտեղ է: Մի քարտեզ են վերցրել, դրանով ուզում են ապացուցել, որ դա իրենց տարածքն է, բայց մերն է, էլի, իրոք մերն է։ Հիմա խնդիրն այն է, որ բանակցության փուլում ապացուցենք՝ դա ոչ թե նրանցն է, այլ մերը: Տարբեր հատվածներում տարբեր չափի են առաջ անցել՝ 1.8 կիլոմետրից 2 կիլոմետր: Վաշտեր են, դասակներ՝ տարբեր ուղղություններում տարբեր քանակի: Այնպես էլ չի, որ շատ են»:

Կեսգիշերն անց տեղի ունեցավ Անվտանգության խորհրդի նիստ, որի շրջանակներում քննարկվեց ստեղծված իրավիճակը: Ընդգծվեց մասնավորապես, որ Սև լիճ տեղանքում ադրբեջանական կողմի գործողություններն անհանդուրժելի են, և դա ոտնձգություն է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ։

Տաթև Ալիխանյան

2-րդ կուրս

Կիսվել