Ընդունելության քննությունից մինչև Արցախյան երկրորդ պատերազմ

Ընդունելության քննությունից մինչև Արցախյան երկրորդ պատերազմ

770

2019 թվականի հուլիսի 6-ին ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում բանավոր հաղորդակցման քննությունն էր։ Բոլորը լարված սպասում էին քննական սենյակ մտնելու իրենց հերթին։ Սպասողների մեջ կային շատ ապագա ուսանողներ, որոնք դարձան ֆակուլտետի մի մասը։ Մի մասնիկն էր նաև Աշոտը, որին ճանաչել եմ մի քանի ժամ։ Նույն օրն էինք քննության, և երկուսս էլ անհանգիստ էինք։ Բարի, հանգիստ ու ժպտերես տղա էր։ Արցախյան հերոսամարտի ժամանակ նա զոհվեց, բայց մեր սրտերում դեռ ապրում է։

Քննությունը փայլուն հանձնել էր ու ընդունվել մեր կուրս։ Այնքան էինք մտերմացել կուրսընկերներով, որ արդեն բացել էինք մեր խումբը, խոսում ու հաշվում էինք օրերը, թե երբ ենք նորից հանդիպելու։ Սակայն սեպտեմբերին իմացանք, որ Աշոտին տանում են ծառայության։ Այն հույսով էինք, որ 2 տարի անց կրկին կհանդիպենք, բայց պատերազմի օրերին զանգ ստացա դեկանատից․

-Էլեն ջան, Աշոտը Ձեր կուրսի՞ց էր։

-Այո, ի՞նչ է պատահել։

-Նոր իմացանք, որ Աշոտը զոհվել է, և ֆակուլտետի անունից ուզում ենք ծաղկեպսակ ուղարկել։

Չէի հավատում լսածիս։ Մի պահ լռեցի, հետո հարցրի՝ Խաչատրյա՞ն Աշոտը։ Պատասխանն էր՝ այո։ Դժվար էր այդ լուրը կուրսին փոխանցելը, քանի որ ինքս չէի հավատում։ Չասացի ոչ մեկին, չէի կարողանում։ Լուրը կուրսին հասավ ֆակուլտետի էջում տեղադրված գրառումից։

Այն ցավը, որ մենք ապրեցինք, անբացատրելի էր։ Կորցնել կուրսընկեր, այն էլ այսքան հարազատ․․․ Հետ հայացք գցելով՝ Աշոտին շատ աղոտ էի հիշում․․․

Իսկ վերջերս Ֆակուլտետի նախաձեռնությամբ լսարան բացվեց՝ մեր հերոս մարտիկների լուսանկարներով․ պատերազմի ընթացքում ֆակուլտետը  տվել է զոհեր։ Ամեն անգամ նայելով Աշոտի նկարին՝ կթվա, թե մեզ հետ դասի է նստած․․․

Էլեն Ավետիսյան

2-րդ կուրս

Կիսվել