–Երաժիշտի, առհասարակ ստեղծագործողի համար, էական նշանակություն ունի՞ ապրելու վայրը: Ո՞ր երկրի մշակույթն է Ձեզ ավելի հոգեհարազատ:
-Միանշանակ կարևոր է ապրելու վայրը: Ընդհանրապես յուրաքանչյուր անհատականություն ձևավորում է իր միջավայրը, նեղ իմաստով՝ ընտանիքը և ուսումը, լայն իմաստով՝ հայրենիքը և ազգային մշակույթը:
–Ազգայինը, ժողովրդականը, հայկականը այսօրվա կոմպոզիտորական ստեղծագործությունից շատ չե՞ն հեռացել:
-Ի սկզբանե տարբեր բևեռներում են գտնվում, քանի որ ազգային ու ժողովրդական մշակութային ավանդույթները ձևավորվում են հարյուրամյակների, եթե ոչ՝ հազարամյակների ընթացքում և հղկվում ամեն անգամ, երբ փոխանցվում են սերնդեսերունդ: Այնինչ ստեղծագործողին՝ կոմպոզիտորին, տրված է մեկ կյանք և մեծ հաշվով՝ ընդամենը մեկ հնարավորություն: Ուրիշ բան, որ անհատ ստեղծագործողը կարող է գործել տվյալ մշակութային տեսակի համատեքստում, կամ հակադրվել այդ տեսակին: Դա ստեղծագործողի ընտրության խնդիրն է:
–Որտեղի՞ց են սերում Քոչարի մուսաները:
-Նման գաղտնիքներ ոչ մի ստեղծագործող չի բացի: Այստեղ պետք է խոնարհաբար լռել:
-Երաժիշտ ծնվո՞ւմ են, թե՞` դառնում:
-Կարելի է ծնվել և այդպես էլ չդառնալ: Ընդհանրապես սեփական աստղը երկնքում տեսնելու երջանկությունը բոլորին չէ տրված: Կամ՝ այն տեսնելու համար պետք է գոնե մեկ անգամ հայացքը հառել դեպի վեր:
–Ի՞նչ եք կարծում, ապագա սերունդների համար Ձեր ո՞ր ստեղծագործությունը ասելիք կունենա:
-Կարծում եմ՝ բոլորը: Տարբերություն չեմ դնում ստեղծագործություններիս միջև: Եթե ունենան…
–Ի՞նչ եք փնտրում, որ դեռ չեք գտել:
-Այօրվա օրով եմ ապրում, չեմ մտածել…
-Եվ, վերջապես, խնդրում եմ՝ կիսվեք հաջողակ երաժիշտի գաղտնիքով:
-Դա աշխատասիրությունն է և կրկին աշխատասիրությունը: Պակաս կարեւոր չեն նաև նպատակասլացությունն ու ինքնավստահությունը: Ես համարում եմ, որ երաժիշտը պետք է ցանկացած հնարավորություն օգտագործի երաժշտական Օլիմպոսի իր ճանապարհին: Չի կարելի բաց թողնել ոչ մի առաջարկ: Եվ երբեք չի կարելի հուսալքվել:
Էլեն Պարսամյան
4-րդ կուրս