Պետական դպրոցներում ընդունելության կարգը նույնն է, իսկ մասնավորներում որոշում է տնօրինությունը

Պետական դպրոցներում ընդունելության կարգը նույնն է, իսկ մասնավորներում որոշում է տնօրինությունը

754

2021-2022 թվականի առաջին դասարանցիների ընդունելությունը պետական դպրոցներում սկսվելու է հունիսի 1-ին, ժամն էլ Է հայտնի՝ 9։00։ Առաջին դասարանցիների ծնողները պետք է հայտադիմում  լրացնեն https://hayt.emis.am/welcome կայքում, ինչպես նախորդ  երկու տարիներին։ Պետական դպրոցներում ընդունելության կարգը չի փոխվել։ Սմբատ Բյուրատի անվան 125 դպրոցում ընդունելությունը կսկվի հունիսի մեկից։ «Մենք արդեն ստացել ենք հրաման ու ամսի 1-ից պատրաստ ենք ընդունել մեր դիմորդներին։ Ընդունելության համար հայտադիմումի լրացումից հետո երեխային կկանչենք հարցազրույցի։ Քանի որ, համաճարակով պայմանավորված, պետք է խիստ սահմանափակ լինի շփումը, այն կանցկացնենք մի քանի փուլով, իսկ առաջնահերթությունը կտանք տարածքում բնակվող փոքրիկին»,- ասաց դպրոցի քարտուղարը։

Մասնավոր դպրոցներում ընդունելությունները սկսվել են շատ շուտ, որի մասին առաջին դասարանցի ունեցող ծնողները չեն էլ իմացել.  «Մոտ մեկ ամիս առաջ զանգահարեցի Երևանի մի քանի մասնավոր դպրոցներ, որ  որդուս դպրոց ընդունեմ, ու պարզվեց, որ մասնավոր դպրոցներից մի քանիսում վաղուց ավարտվել է ընդունելությունը, իսկ մի քանի դպրոցի տնօրեններ էլ ասացին, որ տեղ ազատվելու դեպքում կկապվեն ինձ հետ, բայց զանգ դեռ չեմ ստացել, եթե մինչև ամսվա վերջ չզանգեն, ստիպված եմ տղայիս ընդունել պետական դպրոց»,- մեզ հետ զրույցում պատմեց ծնող  Արմինա Հովսեփյանը։

«Էլիտ» մասնավոր դպրոցում ընդունելությունը սկսվել էր դեռ ապրիլի սկզբից, որի մասին դպրոցը տեղեկացրել էր իր ֆեյսբուքյան էջում։ Մեր հարցին, թե ինչու է դպրոցում շուտ սկսվել ընդունելությունը, աշխատակիցը պատասխանեց, որ վճարովի դպրոց է, և տնօրինությունն այդպես է ճիշտ համարել։

«Ադամյան» մասնավոր  դպրոցից տեղեկացրին, որ այս տարի նրանք էլ են առաջին դասարանցիների ընդունելությունն մի փոքր շուտ  սկսել. «Այս տարի տնօրինությունը որոշեց, որ ընդունելությունը կսկսենք մի փոքր շուտ, բայց հայտադիմումներ  կընդունվեն ու հարցազրույցի կկանչենք բոլոր դիմորդներին։ Ընդունելությունը շուտ ենք սկսել համաճարակի  պատճառով. կրճատել ենք առաջին դասարանցիների քանակը, ինչպես նաև դասարանում սովորողներինը։ Այս տարի ամեն դասարանում պետք է լինի 10-12 առաջին դասարանցի»։

Աննա Ասմանգուլյան

3-րդ կուրս

Կիսվել