Ղարաբաղյան հակամարտությունը և սահմանապահ Դովեղի կյանքը

Ղարաբաղյան հակամարտությունը և սահմանապահ Դովեղի կյանքը

913

Տավուշի մարզի Դովեղ գյուղն անմիջականորեն սահմանակցում է Ադրբեջանական Քեմեռլի գյուղին: Մինչև Ղարաբաղյան հակամարտության սկիզբը գյուղի բնակչությունը զբաղվում էր ակտիվ գյուղատնտեսությանբ՝ տավարաբուծությամբ, ոչխարաբուծությամբ, հողագործությամբ, նույնիսկ առևտրական կապի մեջ էր հարևան ադրբեջանական գյուղերի հետ: Ղարաբաղյան հակամարտությունն իր հետ բերեց նոր դժվարություններ հասարակ գյուղացիների համար և էականորեն ազդեց մարդկանց ապրելակերպի վրա:

«Մինչև 2010-ական թվականները համեմատաբար խաղաղ պայմաններ էին,-պատմում են գյուղացիները,-հետո սկսեցին ուղիղ նշանառության տակ պահել գյուղը և գյուղին պատկանող բոլոր տարածքները: Սկսեցին թիրախավորել անգամ դպրոցն ու մանկապարտեզը»:

Վերջին տարիներին ադրբեջանական նշանառության տակ գտնվելու պատճառով փակվեց գյուղի մակապարտեզը, և հիմա երեխաները ստիպված են ամբողջ ժամանակն անացկացնել սեփական բակերում: Դպրոցականների մի մասը տեղափոխվեց հարևան Նոյեմբերյանի դպրոցներ:

Գյուղում դժվարացել է նաև մարդկանց առօրյան: Թշնամու դիտարկման տակ են մնացել բոլոր վարելահողերը, արոտավայրերը, ծիրանի, խաղողի, դեղձի, սալորի այգիները: Գյուղացիները հիշում են, որ տարիներ առաջ տոննաներով խաղող էին մթերում գործարան, կարողանում էին ոչ միայն ապահովել ձմեռվա իրենց ապրուստը, այլև բերքի մի մասն անգամ հանում էին վաճառքի: Գյուղում զարգանում էր նաև թութունի արտադրությունը։ Իսկ հիմա գյուղացիները չեն կարողանում մտնել գնդակոծվող տարածք, որտեղ մնացել են իրենց վարելահողերը: Դժվարացել է նաև անասնապահությունը, քանի որ շատ դեպքեր են եղել, երբ անասուններն անցել են պետական սահմանը և այլևս ետ չեն վերադարձել: Մարդիկ մնացել են սեփական տնամերձների հույսին և խմելու ջուրն անգամ օգտագործելով՝ փորձում են ստեղծել օրվա ապրուստը:

Գյուղի բնակիչները, սակայն, չեն հուսահատվում և ամուր կանգնած են իրենց հողին: Գյուղացիները փորձում են նման սուղ պայմաններում ստեղծել ապրուստի այլընտրանքային աղբյուրներ․ քարի արտադրությամբ են զբաղվում, բուժիչ խոտաբույսերի հավաքչությամբ և վերամշակմամբ: Անգամ գյուղացիներից մեկը տարիներ առաջ գարեջրի արտադրություն հիմնեց՝ նոր բրենդին տալով գյուղի անունը՝ Դովեղ:

Գյուղն ունի նաև զբոսաշրջային մեծ ներուժ. այստեղ է գտնվում բազմադարյա Սուրբ Սարգիս եկեղեցին. «Հնում այստեղ ուխտի էին գալիս Վրաստանի մեր հայրենակիցներն ու հավատավորները»,- հիշում են գյուղացիները: Չնայած բոլոր դժվարություններին՝ գյուղացիները հաստատակամ են իրենց հավատամքում, որ պետք է մնան և համատեղ աշխատանքով զարգացնեն իրենց հայրենի գյուղն ու երկիրը:

Էդգար Գորգինյան

4-րդ կուրս

Կիսվել