ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՍԻՄՖՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԳԱՂԱՓԱՐՆ ԱՅԼԵՎՍ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՍԻՄՖՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԳԱՂԱՓԱՐՆ ԱՅԼԵՎՍ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է

2396

Համահայկական սիմֆոնիկ նվագախումբ ստեղծելու գաղափարն այլևս իրականություն է: Դեռևս անցած տարվա ավարտին ազդարարվեց  երաժիշտների հայտագրման և այս մեծ նախագծի ծրագրերի մշակման սկիզբը: Իսկ այսօր արդեն նվագախումբը ներկայանում է ապրիլի 24-ին նվիրված համերգով:

Համահայկական սիմֆոնիկ նվագախումբ ստեղծելու և այս նախագծին մասնակցելու գաղափարը իր շուրջն է հավաքել աշխարհի մոտ 20 երկրներից ժամանած 70 հայ երաժիշտների, որոնց միացել են նաև Հայաստանում ստեղծագործող 20 հայ երաժիշտներ:

Հայաստանի ազգային ֆիլարմոնիկ նվագախմբի գեղարվեստական  ղեկավար Էդուարդ Թոփչյանը անդրադառնալով այս նախաձեռնության՝ նշեց.

-Շատ հաճել է, որ աշխարհի տարբեր երկրներում ապրող հայ երաժիշտները համախմբվել են ու հանդես են գալիս մեկ բեմում՝ մեկ գաղափարի շուրջ: Փորձերն ու նախապատրաստական աշխատանքները անցել են շատ ջերմ մթնոլորտում: Կան երաժիշտներ, որոնց հետ առաջին անգամ եմ աշխատում, ելույթ ունենում, բայց դա չխանգարեց, որ մի քանի օրում լիարժեք պատրաստվենք ելույթին: Հայաստան ժամանած երաժիշտների մեջ կան նաև այնպիսիները, որոնց հետ բավական երկար ժամանակ համատեղ աշխատել, որոշ ուղի ենք անցել, և այսօր շատ ուրախ եմ, որ ևս մեկ հնարավորություն է մեզ ընձեռվել՝ միասին աշխատելու և ներկայանալու:

Հայաստան ժամանած երաժիշտներից է սրնգահար Թամար էսքենյանը, ով թեև ծնվել ու ապրում է հայրենիքից հեռու, սակայն երբեք չի կորցրել կապը մեր ազգային երաժշտության հետ: Ի դեպ՝ նրա նախնիները ազգակցական կապ են ունեցել Կոմիտասի հետ:

-Սա շատ կարևոր քայլ է մեզ՝ հայրենիքից հեռու ապրող և ստեղծագործող երաժիշտներիս համար: Այսօր շատ հուզիչ պահ է ինձ համար, քանի որ առաջին անգամ եմ ելույթ ունենալու իմ հայրենիքում: Կարծում եմ՝ այս նախաձեռնությունը պետք է անպայման շարունակություն ունենա:

Ապրիլի 24-ին կայացած առաջին համերգը խորհրդանշական է, քանի որ ցեղասպանության հետևանքով աշխարհով մեկ սփռված հայ երաժիշտներն առիթ կունենան հայրենիքում համախմբվելու, տեղի երաժիշտների հետ համերգներով հանդես գալու:

Նվագախումբը ղեկավարեցին էդուարդ Թոփչյանը, Կարեն Դուրգարյանը,Սերգեյ Սմբատյանը և Կոստանդին Օրբելյանը: Նվագախումբը մշտական կազմ չի ունենա, այլ` համերգից-համերգ կփոփոխվի:
Համահայկական նվագախումբը կատարեց բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ` Կոմիտաս, Ա. Խաչատրյան, Ա. Տերտերյան, Է. Միրզոյան, Ա. Հարությունյան և այլ կոմպոզիտորներ:

Որպես մենակատարներ հանդես եկան համաշխարհային ճանաչում ունեցող Հասմիկ Պապյանը, Հասմիկ Թորոսյանը,և Լիպարիտ Ավետիսյանը: Նաև  կրտսեր սերնդի տաղանդաշատ երաժիշտներ Դիանա Ադամյանը և Դանիել Մելքոնյանը:

 

Էլեն Պարսամյան

4-րդ կուրս

Կիսվել