Կանք, ապրում ենք, բայց էլ առաջվանը չենք…

Կանք, ապրում ենք, բայց էլ առաջվանը չենք…

630

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Էդգար Տոնականյանի մայրը խնամքով պահում է որդու նկարած բոլոր նկարները, որոնք Էդգարից մնացած ամենաթանկ հուշերն են։

Ասում է՝ նկարները կիսատ մնացին, որդու կյանքի նման։

Ճարպիկ, հումորասեր ու ընկերներին նվիրած՝ այսպես է բնութագրում Էդգարին մայրը՝  Աստղիկ Հակոբյանը։

Կրտսեր սերժանտ, դիրքի ավագ  Էդգար Տոնականյանը ծնվել է 2001 թվականին Շիրակի մարզի Արթիկ քաղաքում։

Էդգարին մայրը բնութագրում է երկու բառով՝ հոգատար ու մարդասեր։

«Մի անգամ փոքր տղայիս՝ Վահեիս հետ, տուն գալու ճանապարհին տեսնում են ռուս տղայի, մոտենում են, ծանոթանում։ Պարզվում է՝ բլոգեր է, եկել է ոտքով արշավի։ Եկավ տուն, պատմեց, որ ծանոթացել են հետը։ Ինձ ասաց՝ մա՜մ, գիշերը դուրսն է մնալու, գնամ, բերեմ՝ մեր տանը թող մնա։ Ասացի՝ ոչինչ սովոր կլինի, բան չկա։ Անցավ մի ժամ, տեսնեմ բլոգերի հետ եկավ, վրանն ու մնացած իրերն էլ՝ հետը։ Մնացին մեր տանը, ողջ գիշեր ուրախացան։ Առավոտյան էլ տարել էր մեր Հառիճավանք ու ցույց տվել մեր քաղաքի եկեղեցիները»,- պատմում է մայրը։

Հարազատները պատմում են՝ հումորի շատ նուրբ զգացում ուներ, այնպես կկատակեր, որ դիմացինը իրենից երբեք չէր նեղանա։

«Բոլոր նկարներում ժպտում է, միշտ ծամածռվում էր նկարվելիս, մանավանդ ինձ հետ երբեք լուրջ դեմքով չէր նկարվի։ Ընկերների հետ էլ շատ հումորով էր, որ մեկ-մեկ վրան բարկանում էի, թե անհամ կատակներ մի՛ արա, կնեղանան, ասում էր՝ ինձնից չեն նեղանա»,- հիշում է Աստղիկը։

Էդգարը շատ էր սիրում սպորտ։ Հաճախել է բասկետբոլի, բռնքամարտի և պարկուրի պարապմունքների։ Դպրոցն ավարտելուց հետո որոշել է կրթությունը շարունակել Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայում՝ «Դեկորատիվ կիրառական արվեստ» բաժնում։

«Ամեն տեղ իրեն փորձում էր, մինչև կգտներ իրենը։ Ուզում էի օդաչու դառնար, արդեն համոզել էի, բայց հետո չգիտեմ՝ ինչ եղավ, որոշումը փոխեց։ Սկսեց գնալ նկարչության պարապմունքների ու ընդունվեց ակադեմիա»,-ասում է մայրը։

Էդգարը բանակ զորակոչվել է 2019 թվականի հուլիսի 28-ին։ Ծառայության ընթացքում էլ օրինակելի ու կարգապահ զինվոր է եղել։ Տիկին Աստղիկն ասում է, որ որդին միշտ հոգատար է եղել, բանակում էլ տոները չէր մոռանում, սիրում էր անակնկալներ մատուցել։

«Մարտի ութին ինձ անակնկալ էր արել։ Զանգել էր փոքր տղայիս, ասել՝ մամային ծաղիկ կտանես»,- հիշում է մայրն ու ցույց տալիս անկանկալ ծաղկեփնջի ու բացիկի լուսանկարները։

Սերժանտ էր, դիրքի ավագ։ Ծառայում էր Մարտունի 3-ում։

«Սիրում էր ծառայությունը, արագ հարմարվեց։ Ծառայության սկզբի վեց ամիսները Հոկտեմբերյանի զորամասում էր, հիվանդացել էր, մի քանի օր հոսպիտալում պառկեց։ Երբ իմացել էր, որ սերժանտի կոչում են տալու, խառնվել էր իրար։ Զանգեց, թե՝ հրամանատարիս հետ խոսեք, թող շուտ ինձ դուրս գրեն, գնամ, որ սերժանտս ստանամ»,- պատմում է մայրը։

Էդգարի ծննդյան օրը՝ հունվարի 24-ին, հարազատները գնացել են նրան տեսակցության։ «Նոր էր դիրքերից իջել, շատ հոգնած էր, աչքերն արդեն փակվում էին»,- ասում է մայրը։

Որպես դիրքի ավագ՝ Էդգարը պատասխանատու էր զինվորների նկատմամբ։

Տիկին Աստղիկը վերջին անգամ որդու հետ խոսել է 2020 թ. հոկտեմբերի 11-ին։ Կարճ են խոսել, Էդգարը վստահեցրել է, թե ամեն բան կարգին է։

«Սեպտեմբերի 27-ից եղել են դիրքերում, ոչ մի դիրք չեն տվել թշնամուն։ Երբ խոսում էինք, միշտ ասում էր՝ ամեն ինչ լավ է։ Հոկտեմբերի 11-ին էլ առավոտ շուտ զանգեց, բայց շատ կարճ խոսեցինք, ասաց՝ սպասիր, կզանգեմ։ Մի քանի ժամ անց սկսեցի անհանգստանալ, իրեն զանգեցի, անհասանելի էր, հերթով ընկերներին էլ զանգեցի, միանգամից բոլորը անհասանելի դարձան»,- պատմում է Աստղիկը։

Հիշում է՝ Էդգարը բանակ գնալուց առաջ միշտ պատերազմի մասին տեսանյութեր էր նայում, երգեր լսում։

«Մի անգամ էլ տանը նստած էր,  եկավ ինձ փաթաթվեց, ասաց, մա՜մ, գնամ բանակ զոհվեմ եղբորս բանակ չտանեն։ Բարկացա վրան, թե՝ Վահեին ի՞նչ է եղել, որ բանակ էլ չտանեն»,- հուզմունքով է հիշում որդու այս խոսքերը մայրը։

Մինչեւ հոկտեմբերի 11-ը Էդգարենք պաշտպանել են իրենց դիրքերը, թեժ մարտեր են վարել, իսկ հոկտեմբերի 11-ին ամբողջ վաշտին տեղափոխել են Հադրութ։

«Իրենց տեղափոխել են Հադրութ, բայց Հադրութն արդեն 2 օր առաջ գրաված են եղել»,- ասում է  Աստղիկը։

73-հոգանոց վաշտից 67 զինվոր զոհվել է, մինչ օրս անհետ կորածներ կան։

Տիկին Աստղիկը ցույց է տալիս որդու անավարտ նկարն ու ասում՝ բանակից վերադառնալուց հետո շարունակելու էր։

«Ամեն ինչ իր հետ տարավ, ճիշտ է՝ կանք, ապրում ենք, բայց էլ առաջվանը չենք»։

Շողիկ Կակոյան

3-րդ կուրս

Կիսվել