«Երեք հղիություն ընդհատել եմ տղա չունենալու պատճառով. պտուղները բոլորն աղջիկ էին, իսկ ես այն ժամանակ շատ երիտասարդ էի, կարելի է ասել չունեի սեփական խելք։ Մինչ այսօր էլ, երբ վերհիշում եմ, ցավը կոկորդս խեղդում է, չեմ կարողանում ինձ ներել և զայրանում եմ, որ խելքը գլխին մի մեծ չկար կողքիս, որ ոչ թե հրահրեին դրան, այլ բացատրեին, որ երեխան երեխա է` աղջիկ, թե տղա։ Այժմ ունեմ երեք աղջիկ, մեկը մյուսից գեղեցիկ, և մտածում եմ՝ թող լինեին վեցը. չէ՞, որ նրանք ևս իմ մասնիկն էին»,- նշում է Սոնա Վարդանյանը:
«Ընդդեմ կանանց բռնության» ներկայացուցիչ Զարուհի Հովհաննիսյանի խոսքով, տղա երեխայի նախընտրությունը մեր հասարակության ցավագին դրսևորումներից է, որը կարող է նաև ընտանեկան բռնության հանգեցնել։ Հաճախ կնոջը կշտամբում են, երբ երեխան աղջիկ է լինում, կամ ստիպում են, որպեսզի սեռով պայմանավորված հղիությունն ընդհատի։ Այժմ կան որոշակի կանխարգելման միջոցներ, որպեսզի սեռով պայմանավորված հղիության ընդհատումները կանխվեն, սակայն դա չի բացառում կանանց նկատմամբ ճնշումներն ընտանիքում։
«Մենք ունեցել ենք շահառուներ, որոնք ֆիզիկական բռնության են ենթարկվել, քանի որ տղա երեխայի ակնկալիքները չեն բավարարել, կամ դուրս են արել տնից։ Այդպիսի դրսևորումների դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելու համար հարկավոր է կրթական համակարգում ներդնել գենդերային հավասարության վերաբերյալ ծրագրեր, որպեսզի հաղթահարվեն վնասակար սովորույթներն ու կարծրատիպերը»,-եզրափակեց Զարուհի Հովհաննիսյանը։
Տասը տարի առաջ Մ.Ս-ն անսահման երջանիկ էր, երբ իմացավ, որ իր առաջին երեխան աղջիկ է լինելու, քանի որ միշտ երազել էր դուստր ունենալու մասին։ Նրա խոսքով, ամուսինն այնքան էլ ուրախ չի եղել, երբեմն անգամ հղիությունն ընդհատելու առաջարկ է արել. «Ես նրան բացատրում էի, որ երեխան երեխա է անկախ սեռից. մենք պետք է ուրախ լինենք. չէ՞ որ կան շատ ընտանիքներ, ովքեր երազում են երեխա ունենալ։ Այդ զրույցից հետո ամուսինս դադարեց խոսել երեխայից հրաժարվելու թեմայից, կարծեցի վերջ՝ կարողացել եմ հաղթահարել այդ դժվարին ու ծանր փուլը, սակայն ամեն բան նոր էր սկսվում։ Ամիսներ անց պարզվեց՝ կորցրել եմ երեխայիս։ Բուժզննումներից պարզվեց, որ դեղեր եմ ընդունել, որոնք «սպանել» են երեխայիս։»,-պատմում է նա։
Մ.Ս-ի խոսքով, պարզ դարձավ, որ ամուսինն ամեն անգամ ուտելիքի մեջ հաբեր է լցրել, որպեսզի երեխան չծնվի։ Չնայած այդ հանգամանքին, այժմ նրանք ունեն երկու երեխա՝ տղա և աղջիկ։
Դեղագետ Սոֆի Մարտիրոսյանը աշխատում է Արարատի մարզում, նրա խոսքով, այստեղ գրեթե շաբաթը երկու անգամ հանդիպում է հղիությունը ընդհատել ցանկացող ընտանիքի. «Կան դեղեր, որոնք նախատեսված են օրինակ` ստամոքսի խոցի կամ ոսկրահոդային ցավի համար, բայց որպես կողմնակի երևույթ, նմանատիպ դեղերը կարող են առաջացնել վիժում վաղ ժամկետում։
Ըստ նրա, եղել են դեպքեր, երբ տղամարդիկ ցանկացել են հղիությունն ընդհատող դեղեր գնել, բայց դրանք չգտնելու պատճառով (չեն վաճառում նման դեղեր) ամուսինները զույգ երեխա են ունեցել. «Կային ամուսիններ, որ չէին կարողանում երեխա ունենալ. մի քանի տարի շարունակ թերապիաների էին գնում, տարբեր մեթոդների էին դիմում, երբ վերջապես կարողացան տղա ունենալ։ Մի քանի տարի հետո, երբ կրկին հրաշքով կարողացավ հղիանալ, եկավ դեղատուն և խնդրեց տալ այնպիսի դեղահաբ, որը կօգնի ազատվել երեխայից. պատճառն այն էր, որ երեխան տղա է։
Սոֆի Մարտիրոսյանը խորհուրդ է տալիս չընդհատել հղիությունը, որովհետև այն կարող է ճակատագրական լինել և՛ երեխայի, և՛ մոր համար։
Բազում դժվարություններ հաղթահարած Մարիաննա Խաչատրյանն այսօր իրեն երջանիկ մայր է համարում և նշում, որ նախկինում կատարած քայլերն իր հրաշալի պտուղներն է տվել. «19 տարեկան էի, երբ ամուսնացա։ Մի քանի ամիս անց տան անդամներն իմացան, որ առաջնեկս աղջիկ է լինելու։ Ինչպես կանխատեսել էի, շնորհավորանքների փոխարեն առաջարկեցին՝ ընդհատեմ հղիությունը։ Նրանց խոսքով՝ իրենց ընտանիքին շարունակող է պետք։ Որքան համոզեցի, խնդրեցի միևնույնն է, նրանց խոսքն անփոփոխ էր։ Որոշեցի գնալ տանից և վերդարձա միայն այն ժամանակ, երբ ծնվեց աղջիկս։ Սկզբում ամուսինս չէր ընդունում մեզ. զայրացել էր, որ առանց զգուշացնելու տանից գնացել եմ, բայց երբ երեխային տեսավ, ամեն բան հարթվեց»,-նշում է նա։
Մարինան ավելացնում է, որ այժմ ամուսնուս համար աղջիկն ամենաթանկ ու լավագույն ձեռքբերումն է։
«Ամեն տարի Հայաստանում չի ծնվում 1400 և ավել աղջիկ։ Մինչև 2060 թ․ Հայաստանում չի ծնվի գրեթե 93․000 աղջիկ, եթե սեռով աբորտների կամ մինչև ծննդաբերությունը երեխայի սեռի ընտրությունը չփոխվի» ասուվում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից պատրաստված «Հանրային հետազոտություն Հայաստանում սեռական և վերարտադրողական առողջության իրավունքների իրացման վերաբերյալ» զեկույցում նշում է ampop.am-ը։
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետ զրույցից հետո պարզ դարձավ, որ վերջին տարիներին նորածինների սեռերի հարաբերակցությունը Հայաստանում դրական տեղաշարժ է գրանցել։ 2000 թ․-ին ծնվել է 120 տղա ՝ 100 աղջիկ 2021 թվականի առաջին կիսամյակում ծնվել է 108 տղա ՝ 100 աղջիկ։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ տարիների ըթացքում սեռերի հարաբերակցության գործակիցները նախորդ տարիների համեմատ դրական շարժ է գրանցել։
Անուշ Ղազարյան
4-րդ կուրս