Ֆուտբոլասերների շրջանում տարածված մի համոզմունք կա, որ «գավաթի անեծք» է կոչվում․ երբ եզրափակչից առաջ՝ դաշտ դուրս գալիս, ֆուտբոլիստներից մեկը դիպչում է գավաթին, եզրափակիչը հաղթում է հակառակորդ թիմը։ Այժմ ներկայացնենք մի քանի նմանատիպ դեպքեր։
2005 թվական։ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ` Միլան – Լիվերպուլ։ Անդրեյ Շևչենկո
2005 թվականի ՉԼ-ի եզրափակիչը համարվում է պատմության լավագույն եզրափակիչներից մեկը։ Այդ խաղում Լիվերպուլը կարողացավ 0-3 հաշվից հետո քամբեք կատարել և հաղթել հետխաղյա 11 մետրանոցներով։ Սակայն այդ եզրափակիչը հիշարժան է նաև այլ պատճառով։ Խաղի մեկնարկից առաջ` խաղադաշտ դուրս գալիս, Միլանի առաջատար, ուկրաինացի հարձակվող Անդրեյ Շևչենկոն մատների ծայրով դիպավ գավաթին։ Դա էր պատճառը, թե ոչ, բայց այն, ինչ տեղի ունեցավ, դժվար է բառերով բացատրել․ առաջին խաղակեսից հետո 3-0 հաշվով հաղթող Միլանը ընդամենը 6 րոպեում կորցրեց իր առավելությունը և ընդհանրապես նման չէր ինքն իրեն։ Իսկ Անդրեյ Շևչենկոն, որը համարվում էր միլանցիների առաջատարներից մեկը և «Ոսկե գնդակի» գործող դափնեկիրն էր, կորցրեց մի քանի հարյուր տոկոսանոց գոլային պահեր, որոնց ամենավտանգավորը տեղի ունեցավ հանդիպման 119-րդ րոպեին` 3-3 հաշվի ժամանակ։ 11 մետրանոցներով հաղթեց Լիվերպուլը, իսկ որոշիչ հարվածը չիրացրեց հենց Անդրեյ Շևչենկոն։ Ուկրաինացին մինչև օրս էլ այդ հանդիպումը համարում է իր կարիերայի վատագույն հանդիպումը։
2012 թվական։ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ` Բավարիա-Չելսի։ Անատոլի Տիմոնշուկ
7 տարի անց իր հայրենակցի «սխրանքը» գործեց Անատոլի Տիմոնշուկը։ Չնայած Բավարիայի բացահայտ առավելությանը՝ գնդակը չէր ուզում հայտնվել Չելսիի դարպասում։ Ամբողջ խաղում Բավարիան գրոհում էր, իսկ Չելսին ընդամենը 1 գոլային պահ էր ունեցել։ Այո, դուք գուշակեցիք, խաղը ավարտվեց 1-1 հաշվով, իսկ հետխաղյա 11 մետրանոցներով Չելսին հաղթեց և իր պատմության մեջ առաջին անգամ դարձավ Չեմպիոնների լիգայի գավաթակիր։
2018 թվական։ Եվրոպայի լիգայի եզրափակիչ` Օլիմպիկ Մարսել – Ատլետիկո։ Դմիտրի Պայետ
Այս անեծքն ազդում է ոչ միայն Չեմպիոնների լիգայի վրա։ 2018 թվականին Եվրոպայի լիգայի եզրափակչում իր թիմից «հաղթանակը խլեց» Դմիտրի Պայետը։ Սցենարը նույնն է` հպում գավաթին, դժգույն խաղ, պարտություն։ Սակայն կարելի է ավելացնել, որ Պայետը եզրափակչում վնասվածք ստացավ և բաց թողեց աշխարհի առաջնությունը, որտեղ իր երկիրը` Ֆրանսիան, դարձավ աշխարհի չեմպիոն։
2021 թվական։ Իսպանիայի գավաթի եզրափակիչ` Ատլետիկ Բիլբաո – Ռեալ Սոսյեդադ։ Իկեռ Մունյաին
2019/2020 մրցաշրջանի Իսպանիայի գավաթը իսկապես յուրահատուկ էր, որովհետև եզրափակիչը տեղի էր ունեցել 1 տարի ուշացմամբ։ Պատճառը կորոնավիրուսային համաճարակն էր։ 2021 թվականի ապրիլի սկզբին եզրափակիչն ի վերջո տեղի ունեցավ, և «գավաթի անեծքն» այս անգամ էլ աշխատեց։ Բիլբաոյի ավագ և լավագույն ֆուտբոլիստ Իկեռ Մունյաինը խաղից առաջ դիպավ գավաթին, իսկ խաղից հետո ստիպված հետևում էր, թե ինչպես են Ռեալ Սոսյեդադի ֆուտբոլիստները տոնում իրենց հաղթանակը։ Հենց Մունյաինն էլ իր հերթին շատ դժգույն հանդիպում անցկացրեց։
Դժվար է ասել՝ սա սնահավատություն է, թե ոչ, բայց այս համոզմունքի օգտին խոսում է այն փաստը, որ «գավաթի անեծքը» մինչ այժմ չի կոտրվել։
Վաղինակ Ասատրյան
2-րդ կուրս