Արտերկրում ուսումնառություն առաջարկ կա, հնարավորություն՝ ոչ

Արտերկրում ուսումնառություն առաջարկ կա, հնարավորություն՝ ոչ

751

Արտերկրում սովորելու հնարավորությունը գրավում է շատ ուսանողների, սակայն համաճարակի պատճառով ուսումնական ծրագրերին մասնակցելու հնարավորությունը նվազելէ։

Թեև չկարողացանք կապ հաստատել և որևէ պատասխան ստանալ ԿԳՄՍՆ-ից, բայց գերատեսչության պաշտոնական էջում անդադար թարմացվում են արտերկրում սովորելու ծրագրերի մասին տեղեկատվությունները։

Սվետլանան այն ուսանողներից է, որ 2020 թվականի սեպտեմբերին պետք է մեկներ Գերմանիա։ «Սեպտեմբերին պետք է  գնայի Գերմանիա, որտեղ պետք է մասնակցեի ժողովրդավարության հետ կապված դասընթացի։ Դասընթացը կայանալու էր երկու փուլով, սակայն ոչ մեկին չկարողացա մասնակցել. առաջին փուլին չմասնակցեցի համաճարակի պատճառով, իսկ երկրորդ փուլի ժամանակ Հայաստանում պատերազմական իրավիճակ էր»։

Սվետլանան առաջին անգամ արտերկիր է գնացել ուսումնառության համար 2017 թվականին։ «Արագածոտնի Կարբի գյուղից ընկերներիս հետ մեկնեցի Սան Ֆրանցիսկո՝ կրթություն ստանալու։ Նորագույն տեղեկատվական տեխնոլոգիական ձեռներեցության մրցույթ էր. ծրագրի անունը՝ «Աշխարհի խոշոր տեխնոլոգիական ձեռներեցությունն աղջիկների համար»։ Ծրագիրը նախատեսված էր միայն աղջիկների համար, քանի որ աղջիկները քիչ են ներգրավված ծրագրավորման ոլորտում։ Մրցույթը անցկացվել էր մի քանի փուլով, բոլոր փուլերը հաղթահարելուց հետո հնարավորություն ստացանք մեկնել Սան Ֆրանցիսկո՝ կրթական ծրագրին մասնակցելու համար»:

Սվետլանան պատմում է, որ ընդունելությունը սպասվածից ավելի ջերմ էր. «Կարծրատիպ կա տարածված, որ այնտեղ մարդիկ սառն են, միմյանց զգուշացնելով են հանդիպում։ Բայց ես դա բացարձակ չզգացի, բոլորը ժպիտով էին, ծանոթ, թե անծանոթ իրար սիրով ողջունում էինք, բարի օր մաղթում։ Զրուցում էինք, կիսվում տպավորություններով, պատմում մեր աշխատանքների մասին, անգամ, երբ պետք էր պոստեր պատրաստել, իրար օգնում էինք։ Կազմակերպիչները բոլորը տեղացի էին, շատ լավ դիմավորեցին, հատուկ ուշադրություն էին դարձնում, որպեսզի լավ սնվենք, տաք հագնվենք։ Շրջագայելու ժամանակ նույնպես, գալիս էին, նկարվում։ Անգամ մեկ դեպք հիշեցի, կազմակերպիչներից մեկն իմ սիրելի գույնով թևնոցուներ ուներ ձեռքին, ասացի՝ Մոն, գիտե՞ս, որ դա իմ սիրելի գույնն է։ Առանց ինչ-որ բառ ասելու նվիրեց ինձ։ Շատ հաճախ էինք բացի այդ միմյանց առանց հատուկ առիթի նվերներ նվիրում»։

Ուսանողուհին նշեց, որ ուսումն ու կրթական ընթացքը Հայաստանյան կրթական մակարդակից շատ է տարբերվում։ Իսկ վերադառնլուց հետո նորից փորձել է մասնակցել նման ծրագրերի։ «Մրցույթում հաղթելուց և հետ վերադարնալուց հետո ևս երկու մրցույթի մասնակցեցինք՝ TEDxYerevan և Innovate Armenia: TEDx-ը Հայաստանում անցկացվեց՝ Թումոյում, արտերկրից բազում հյուրեր կային։ Իսկ Innovate-ը կրկին Ամերիկայում, բայց այս անգամ ԼոսԱնջելոսում։ Շատ հաճելի էր կանգնել աշխարհով մեկ հաջողություններ գրանցած հայերի կողքին, երբ նման տարիքում ինքդ էլ որոշ չափով արդեն ձեռքբերում ունես։ Մինչև օրս էլ կապը պահում ենք»։

Սվետլանան զրույցի ավարտին ասաց, որ  համաշխարհային առողջապահական վիճակը կայունանալու դեպում անպայման կմեկնի և ուսումը կշարունակի արտերկրում. «Հիմա արտերկիր մեկնելու ու արտերկրում ուսումնառության առաջարկ կա, իսկ հնարավորություն՝ ոչ»։

Աննա Ասմանգուլյան

3-րդ կուրս

Կիսվել